Բաժիններ՝

Իրինա Թովմասյան. Անչափ սիրում եմ իմ ամուսնուն, և մենք շուտով երրորդ երեխան կունենանք

Ասում են` մայրությունը գեղեցկացնում է կնոջը: Թերևս, այս արտահայտությունը լիովին համապատասխանում է նախկին «Միսս Հայաստան», իսկ այսօր արդեն` նաև երկու երեխաների մայր և գործարար կին Իրինա Թովմասյանի կերպարին: Առաջին հայացքից` չափազանց նուրբ թվացող, սակայն իրականում բավական ինքնուրույն և ուժեղ բնավորության տեր այս կնոջ հետ զրուցելիս հասկանում ես, որ իրականում կնոջ ուժը նրա նպատակասլացության, դիմացինին հասկանալու և շրջապատող իրականությունը բաց աչքերով տեսնելու մեջ է:

Իրինա Թովմասյանի երկրորդ դստեր մեկ տարին դեռ չի լրացել, սակայն նա տեսնելով, թե ինչ մայրական քնքշանքով է ավագ դուստրը խնամում փոքրիկին, որոշել է, առանց ժամանակ կորցնելու, լույս աշխարհ բերել նաև երրորդ զավակին: Իրինան երրորդ անգամ կմայրանա արդեն սեպտեմբերին: Մայրիկի սրտի տակ ապրող փոքրիկն արդեն զգացնել է տալիս իր մասին` լավ ախորժակի տեսքով:

– Իրինա, վերջերս Ձեր քրոջ` Լուսինե Թովմասյանի հետ համատեղ մանկական միջոցառումների կազմակերպման բիզնես եք ձեռնարկել: Այդ կազմակերպության շրջանակներում համագործակցում եք բազմաթիվ այլ կազմակերպությունների հետ: Որքանո՞վ են մատչելի լինելու Ձեր կազմակերպության մատուցած ծառայությունները:

– Իրականում մենք նպատակ չենք ունեցել «թալանելու» ծնողներին, ովքեր իրենց երեխաների համար պատրաստ են ամեն ինչի: Գաղտնիք չէ, որ հայ ծնողը կարող է զրկել իրեն ինչ-ինչ բաներից, բայց երեխային տալ ամենալավն ու բարին: Բայց ես էլ մայր եմ և, երբ իմ դստեր հետ առնչվող ինչ-որ միջոցառում պետք է կազմակերպեմ, ապա շատ լավ զգում եմ, թե ով է ուզում գումար աշխատել իմ մայրական զգացմունքների վրա, և ով է իրականում որակով ծառայություն մատուցում: Ես մի քանի մանկական սրճարան եմ այցելում, ճշտում և համեմատում եմ ամեն ինչ` սկսած սննդից, դիզայնից, շոու ծրագրերից…

Կարդացեք նաև

Irina Tovmasyan (6)

Մեր կազմակերպությունն իր վրա է վերցնում այդ ամենն ու մեզ դիմած ծնողին առաջարկում է հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելու բազում տարբերակներ: Օրինակ, եթե ծնողն ունի 20000 դրամ և ավելին չի կարող հատկացնել իր երեխայի միջոցառումը կազմակերպելու համար, մենք այդ գումարի սահմաններում նրան ենք առաջարկում միջոցառման հետ առնչվող ամեն ինչ` շուկայում առկա գների սահմաններում, և ոչինչ ավելին: Մենք թիվ չենք կրակելու: Մեր գործառույթը կայանում է նրանում, որ օգնենք ծնողին այդ 20000 դրամը ճիշտ բաշխել և արդյունքում ստանալ հետաքրքիր և հիշվող միջոցառում:

– Իսկ ինչո՞վ է տարբերվելու Ձեր կազմակերպած միջոցառումն, ասենք, որևէ մանկական սրճարանի միջոցառումից:

– Տարբերվելու է իր թեմատիկայով: Օրինակ, տղայի ծնունդը կազմակերպվելու է ծովահենների տարբերակով: Սկսած հագուստից, սպասքից, վերջացրած խաղերով, ամեն ինչ լինելու է հենց այդ թեմատիկայով: Չի լինելու սրճարանների շաբլոն և անբովանդակ միջոցառում:

– Եթե գաղտնիք չէ, որքա՞ն գումար է անհրաժեշտ նմանօրինակ բիզնես ձեռնարկելու համար:

– Խնդիրը միայն գումարի մեջ չէ: Կարող ես հսկայական ներդրում անել մի գործի մեջ, որից գլուխ չես հանում, այլ միայն թվացյալ պատկերացումներով ես առաջնորդվում: Եվ այդ պարագայում, բնականաբար, մեծ է ձախողելու հավանականությունը: Նախքան մեր կազմակերպության հիմնումը, ես` շնորհիվ Heqiat.am կայքի, արդեն իսկ ունեցել եմ մանկական զանազան միջոցառումների կազմակերպման փորձ: Թե՛ ես, թե՛ Լուսինեն շատ հստակ պատկերացրել ենք, թե ինչպիսին է լինելու մեր անելիքը մեր իսկ ձեռնարկած կազմակերպության շրջանակներում:

Irina Tovmasyan (8)

– Պատասխանից հասկացա, որ թիվ նշելու ցանկություն չունես: Դա քո իրավունքն է, իհարկե: Սակայն կարո՞ղ ես ասել, թե առնվազն որքան գումար է անհրաժեշտ այսօր Հայաստանում բիզնես հիմնելու համար:

– Նվազագույնը` 1000 դոլար: Առհասարակ ցանկացած որակով աշխատանք պահանջում է որակով մասնագետի միջամտություն: Իսկ որակով մասնագետները, բնականաբար, բարձր են վարձատրվում: Սկսած այցեքարտի պատրաստումից, մինչև վեբ կայքի և կազմակերպության բացման արարողության անցկացումը, ամեն քայլ գրագետ մոտեցում է պահանջում: Իսկ այդ ամենն, իր հերթին` գումար է:

Irina Tovmasyan (1)

– Հրաշալի ընտանիք ունեք, որտեղ, թվում է, ամեն ինչ իդեալական է: Ձեր երկրորդ ամուսնուն հանդիպել եք, երբ Ձեր ավագ դուստրը դեռ 6 ամսական էր: Որքանո՞վ եք ճիշտ համարում միայն հանուն երեխայի ընտանիքի պահպանումը:

– Ամեն ընտանիք այդ հարցին իր պատասխանն ունի: Իսկ ես պարզապես չեմ ուզում խոսել այդ թեմայի շուրջ: Ոչ մի վատ բան չէր եղել, ուղղակի չենք հասկացել իրար և բաժանվել ենք: Այդ ամենն ինձ հետ այնքան վաղուց է կատարվել, որ ասես չի էլ եղել: Ես ես եմ` իմ այսօրվա իրականությամբ: Իսկ այսօրվա իրականությունը կա` շնորհիվ նրա, որ 10 տարի առաջ հանդիպել եմ իմ ամուսնուն` Դավիթին: Եվ անչափ սիրում եմ նրան, և մենք շուտով երրորդ երեխան կունենանք` սեպտեմբերին: Իսկ առհասարակ կարող եմ ասել, որ սխալ է միայն հանուն երեխայի շարունակել ապրել միասին, եթե վաղուց արդեն չկա սեր, և ամուսիններն էլ իրար ընդհանրապես չեն հասկանում: Երեխան երջանիկ է, երբ երջանիկ են ծնողները, երբ ընտանիքում սեր է և փոխադարձ հարգանք:

Irina Tovmasyan (5)

– Ասում են` ամուսնական կյանքում շատ կարևոր բաղադրիչ է համբերությունը: Չե՞ս կարծում, որ համբերելով, հանդուրժելով և անընդհատ կոմպրոմիսների գնալով` կինը կորցնում է իր ես-ը:

– Պարզապես համբերությունը շատ քիչ է, նույնիսկ ավելորդ է, եթե չկա սեր: Երբ սիրում ես ամուսնուդ, նրա թերություններին շատ լուրջ ուշադրություն չես հատկացնում: Իսկ երբ չկա սեր` ազդում է ամեն ինչ: Օրինակ, իմ ամուսինն առավոտյան ամեն անգամ փռշտում է, ալերգիա ունի: Բայց հետո՞ ինչ, ես, միևնույն է, նրան շատ եմ սիրում:

– Եվ ասում եք` «Առողջություն, սիրելիս»:

– Այո, իհա՛րկե: Իմ սիրելին առավելություններ ավելի շատ ունի, քան թերություններ: Եվ այդ առավելությունները շատ ավելի կարևոր են, քան մանր-մունր թերությունները: Պետք է պարզապես սովորել տարբերել կարևորն անկարևորից: Գնահատել դիմացինին և գիտակցել սեփական թերությունները:

Irina Tovmasyan (4)

– Այդքան շատ սիրելի ամուսնուն ինչո՞ւ եք այդքան ուշ բալիկ նվիրել, քրեթե 9 տարի անց:

– Պարզապես երկուսս էլ զբաղված էինք: Յուրաքանչյուրս մեր ոլորտում ուներ իր անելիքը: Բայց երբ տեսա, թե ինչպիսի մայրական քնքշանքով է ավագ դուստրս խնամում փոքրին, հասկացա, որ, երևի թե շատ եմ ուշացել նրան քույր նվիրելու հարցում: Դրա համար որոշեցինք, որ մեզ շատ շտապ նաև երրորդ բալիկն է պետք: Դա է պատճառը, որ հիմա մի քիչ սոված եմ, թե չէ կդիմանայի…

– Դե, Ձեզ երկուսիդ` բարի ախորժակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս