Փրկվենք միասին
Այսօր Ծաղկաձորում չորս ոչ իշխանական ուժերը հրավիրել են տնտեսական համաժողով՝ քննարկելու Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական քաղաքականությունն ու փրկության ուղիներ գտնելու հնարավորությունները:
Ըստ նախնական հայտարարությունների` նրանք հրապարակելու են նաև կառավարության գործունեության իրենց՝ այլընտրանքային ծրագիրը: Ուշագրավ է, որ քառյակն այս համաժողովին հրավիրել է նաև իշխող ուժի ներկայացուցիչներին, որոնք ոչ այնքան վաղ՝ անցած տարի, հաստատել էին կառավարության ծրագիրը և մշտապես միաձայն հաստատում էին ցանկացած օրինագիծ կամ օրենսդրական փոփոխություն, որ ներկայացնում էր Տիգրան Սարգսյանի կաբինետը:
Եթե ՀՀԿ-ական պատգամավորները մասնակցեն համաժողովին, դա կնշանակի, որ ինչ-որ առումով ընդունում են, որ վարվող տնտեսական քաղաքականությունն այնքան էլ ճիշտ ռելսերի վրա չէ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության տնտեսական բլոկի կարկառուն ներկայացուցիչ համարվող Գագիկ Մինասյանը, ով գլխավորում է ԱԺ Ֆինանսավարկային հարցերով մշտական հանձնաժողովը, չի մասնակցելու համաժողովին: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ տեղյակ էլ չէ՝ արդյոք ՀՀԿ-ից որևէ մեկը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:
ՀՀԿ-ի խորհրդարանական մյուս տնտեսական առաջամարտիկը Վարդան Այվազյանն է՝ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, ով, սակայն, լսելով հարցը՝ արդյոք մասնակցելո՞ւ է համաժողովին, ասաց, թե զբաղված է, իսկ հետո դարձավ անհասանելի: Ենթադրաբար՝ Այվազյանն էլ ներկա չի լինի համաժողովին:
«Լուրջ բանավեճային քննարկում է լինելու, թե ինչպես ենք պատկերացնում երկիրը սոցիալ-տնտեսական աղետալի վիճակից դուրս բերելը»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ այդ հարցում իրենց աջակցելու են նաև շատ ճանաչված մասնագետներ արտերկրից` Սլովակիայի, Լատվիայի, Չեխիայի էկոնոմիկայի, արտաքին գործերի նախկին նախարարներ և այլ հյուրեր:
Ըստ նրա՝ տնտեսական բարեփոխումների առումով Հայաստանն առաջին հերթին` պետք է լինի ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ վերջնական նպատակը լինելու է ժողովրդի բարեկեցության աճը. «Տնտեսական աճի ցուցանիշներով չենք սահմանափակվում, այլ տնտեսական իրական զարգացում է պետք: Այսինքն՝ խնդիր ենք դնում ոչ թե ՀՆԱ-ի X աճը, որ ոչ մի բան չի տալիս, այլ տնտեսական և սոցիալական զարգացման ապահովման խնդիր ենք դնում»:
Մելքումյանի խոսքով՝ համաժողովի արդյունքը կորոշի քննարկման ձևաչափը, իսկ ծրագրային մոտեցումների ամփոփումից հետո պարզ կլինի հետագա անելիքը:
Առանց քաղաքական շեշտադրումների մասնագիտական լուրջ քննարկում է ակնկալում նաև ՀՅԴ-ական պատգամավոր, Աժ Ֆինանսավարկային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ համաժողովի արդյունքում փորձ կարվի ելք գտնել տնտեսական ներկա վիճակից և նախանշել տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերը, արդյունքում` կառաջանա մի ծրագիր, որը կարող է երկիրն այս վիճակից դուրս բերելու իրական ճանապարհային քարտեզ լինել: Թե հետագայում ի՞նչ կարվի այդ քարտեզը, արդյոք այն կառաջարկվի՞ իշխանությանը, Ա.Մինասյանը դժվարացավ պատասխանել և նշեց, որ դա կախված է քննարկման արդյունքներից:
«Նման համաժողովներում հետաքրքիր է նորություներ լսել, նոր մտքեր, գաղափարներ, որ այսօր շատ ավելի ակտուալ է այսօրվա այս ձախողված տնտեսական քաղաքականության պայմաններում, առավել ևս ես տեղյակ եմ, որ ոչ միայն Հայաստանը ներկայացնող տնտեսագետներ և մասնագետներ են մասնակցելու, այլև արտերկրի, նախկին Արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչներ, որոնք այս ճանապարհը մեզնից շուտ են անցել՝ շուտ դուրս գալով Խորհրդային Միության գոտուց, տնտեսական ընդհանուր համակարգից, դարձել են ԵՄ անդամներ: Հետաքրքիր է լսել իրենց տեսակետները` ինչ խնդիրներ են ունեցել»,- ասաց Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը:
Թե ի՞նչ արդյունավետություն կունենա համաժողովը, և արդյոք հնարավոր կլինի՞ ծրագրային առաջարկները կյանքի կոչել, ըստ Վ.Խաչատրյանի, կախված կլինի այն մարդկանցից, ովքեր իրենց վրա նման պատասխանատվություն կվերցնեն և նոր ձևավորվելիք իշխանությունից. «Մեր հիմնական ծրագիրը՝ «100 քայլը», որ ներկայացվել է տարիներ առաջ, մեր մոտեցումները չեն փոխվել: Գուցե ճշգրտումների կարիք կա, բայց այն, ինչի մասին խոսում էինք 3 տարի առաջ, դա կա, ոչինչ չի փոխվել: Ես ի նկատի ունեմ իշխանության կողմից վարված տնտեսական քաղաքականությունը:
Հիմնական շեշտադրումը մրցակցության բացակայությունն է: Եվ ամենակարևորը, որ իշխանությունը չի փորձում որևէ կերպ ապահովել դա, և որը կբերի նաև մենաշնորհների դեմ պայքարում հաջողության, նույն տնտեսական և հասարակական կյանքում օրենքի գերակայության խնդիրն է: Համաժողովում մեր հարցադրումները կամ ներկայացվելիք թեմաների ուղղությունները կլինեն նաև գյուղատնտեսության, բանկային, կենսաթոշակային համակարգերի վերաբերյալ»:
ԱԺ «Ժառանգությունը» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ևս ներկա կլինեն տնտեսական համաժողովին, և նշեց, որ օրակարգում եղած ծրագիրը մշակել է ԲՀԿ-ն, իսկ ժառանգականներն աջակցում են դրան. «Մեր տեսակետը կարտահայտենք այս ծրագրի հետ կապված: Մենք ծանոթ ենք դրան, հաստատելու բան չկա»:
Նշենք, որ համաժողովն անց է կացվելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Ծաղկաձորի «Մուլտի ռեստ հաուս» հյուրանոցում, որն, ի դեպ, կառուցվել է այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն դեռևս իշխող կոալիցիայի անդամ էր և պատասխանատվություն էր կրում այն քաղաքականության համար, որի արդյունքում նաև Հայաստանն այսօր հայտնվել է աղետալի վիճակում, որից էլ ԲՀԿ-ն ցանկանում է ելքեր գտնել: