Մոտ ապագայում շատ հնարավոր է՝ ՀՀ նախագահին փոխարինի ՌԴ նահանգապետը. «Առավոտ»

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխամների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարման կիսանախագահական համակարգը պահպանելու դեպքում չի նախապատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ խորհրդարանական համակարգի ներդրման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին։ Այդ առիթով հիշեցի լրատվամիջոցների մի շարք ղեկավարների և քաղաքագետների հետ նախագահի հանդիպումը, որը, եթե չեմ սխալվում, տեղի էր ունեցել 2013թ. սեպտեմբերի 11-ին։
Համենայնդեպս, սեպտեմբերի 3-ից հետո էր, քանի որ հիմնական թեման Մաքսային միությունն էր։ Խոսակցությունը հրապարակման համար չէր ՝ չնայած որոշ անբարեխիղճ գործընկերներ հրապարակեցին մի շարք տեղեկություններ։ Քանի որ «վաղեմության ժամկետն» արդեն անցել է, ես ինձ թույլ տամ պատմել երկու մանրամասն։

Խոսք գնաց նաև սահմանադրական բարեփոխումների մասին։ Իմ հարցին ՝ պատրաստվո՞ւմ է նա արդյոք այդ փոփոխություններից հետո առաջադրվել երրորդ ժամկետում ՝ Սերժ Սարգսյանը պատասխա նեց ՝ ոչ, դա հակասում է թե՛ Հայաստանում ձևավորված քաղաքական մշակույթին, թե՛ իր համոզմունքներին։

Դրանից հետո գործեընկերներից երկուսը տարբեր ձևերով հարցրին՝ իսկ հնարավո՞ր է արդյոք, որ կառավարման խորհրդարանական համակարգը ներմուծելու դեպքում նա դառնա վարչապետ, նախագահը կրկին այդ հարցին բացասական պատասխան տվեց։ Այսքանը ես, կարծում եմ, իրավունք ունեմ հրապարակելու նաև այն պատճառով, որ երեկ Սերժ Սարգսյանն արդեն հրապարակավ նույն բանն է ասել։

Ես էլ իմ կողմից ենթադրություն անեմ. ցավոք սրտի, Հայաստանում կմնա կիսանախագահական համակարգը՝ մի քանի կոսմետիկ շտկումներով։ Ցավոք սրտի եմ ասում, որովհետեւ կարծում եմ, որ ժամանակն է նախագահի աթոռն ընդհանրապես վերացնել։

Սերժ Սարգսյանն իսկապես չի առաջադրվի նախագահի պաշտոնին։ Կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը հասնել արտահերթ նախագահական ընտրությունների՝ ես չգիտեմ։ Մի բան հաստատ գիտեմ, նրանք, ովքեր կարծում են ՝ եթե ՀՀ նախագահի է անունը լինի ոչ թե Սերժ Սարգսյան, այլ Պողոս Նիկողոսյան, դրանից որևէ բան կփոխվի, խորը մոլորության մեջ են։
Իսկ ընդհանրապես, մենք մոտ ապագայում կարող ենք ընդհանրապես չունենալ ՀՀ նախագահ։ Նրան, շատ հնարավոր է, կփոխարինի ՌԴ նահանգապետը։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» խմբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս