Ինչու է Ծառուկյանը նստել մեջտեղում՝ աջ ու ձախ նստեցնելով Տեր-Պետրոսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին. «ՀԺ»
«ՀԺ»-ն իր այսօրվա խմբագրականում գրում է. Երեկ երեկոյան լուր տարածվեց, թե տեղի է ունենում ՀԱԿ–ԲՀԿ–«ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների ֆորմատով հանդիպում։ Հանդիպման վայրը չէր նշվում, և լրագրողները չէին կարողանում տեղորոշել այն։ Ուշ երեկոյան տարածվեց երեք կուսակցությունների հետևյալ համատեղ հայտարարությունը` վերը բերված լուսանկարով։
«Այսօր, ապրիլի 10-ին կայացել է ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ և խմբակցության ղեկավար Գագիկ Ծաոուկյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Աժ՝ ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր»։
Չնայած հաղորդագրությունը շատ բան չի ասում, բայց լուսանկարը բավական խոսուն է։ Դրանից ակնհայտ է, որ հանդիպումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի տարածքում։ Թե կոնկրետ որտեղ, դժվար է ասել։ Հետաքրքիրն այն է, որ ԾաՌուկյանը նստել է մեջտեղում Լևոն Տեր-Պետրոսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին նստեցնելով իրենից աջ ու ձախ։ Հետաքրքիր է նաև այն որ համատեղ տարածված լուսանկարում հանդիպման մյուս մասնակիցներն ընդհանրապես չեն երևում։ Հետաքրքիր է նաև այն որ ՀՅԴ-ն հանդիպմանը չի մասնակցել»։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։