Բաժիններ՝

Անկախ փորձագետը՝ պետական գնումներին օֆշորային ընկերությունների մասնակցության մասին

Վերահսկիչ պալատի 2013 թ. զեկույցի համաձայն՝ ակնհայտ կերպով ավելացել է ոչ ռեզիդենտ ընկերությունների մասնակցության ակտիվությունը պետական գնումներում, ինչը ռիսկային է, քանի որ ոչ ռեզիդենտները մրցույթներում ստանում են շահեկան դիրք: Միաժամանակ, կախված դրանց կազմակերպաիրավական տեսակից, ՀՀ-ում պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինները տվյալ գնման դեպքում չեն կարողանում լիարժեք կերպով իրականացնել վերահսկողություն: ՎՊ-ն պարզել է, որ անցած տարի պետական տարբեր կառույցների անցկացրած մրցույթներում շահել են ոչ ռեզիդենտ մի շարք ընկերություններ, որոնք հետո տարօրինակ վարքագիծ են դրսևորել։

168.am-ի հետ զրույցում անկախ փորձագետ Արտակ Քյուրումյանը փաստեց, որ ՎՊ-ի նախորդ տարվա հաշվետվությունում էլ ասվում էր, որ գնումների ոլորտում գոյություն ունեն համակարգային խնդիրներ, որոնք եթե չեն լուծվում, ապա մշտապես տարբեր դրսևորումներով խնդիրների հետ ենք առերեսվելու. «Օֆշորային ընկերությունների մասնակցությունն անցած տարվա պետգնումների գործընթացներին կարող է լինել այդ դրսևորումներից մեկը»:

Ըստ նրա՝ օֆշորային գոտիներում ընկերություններ են հիմնում որոշակի հարկերից խուսափելու համար, սովորաբար նման ընկերությունների մասին տեղեկատվությունը շատ քիչ է լինում, դրանք թափանցիկ չեն գործում և նման ընկերությունների ներգրավվածությունը կարող է վնասել հենց կառավարության թափանցիկ գործունեությանն այդ ոլորտում:

«Դրանք թափանցիկության, հաշվետվողականության պահանջներին չեն բավարարում և այդպես մասնակցում են պետական գնումներին: Գնումների ոլորտում համակարգային խնդիրներն այս կամ այն ձևով արտահայտվելու են: Այս ոլորտում հիմնական խնդիրը, որ նշում են թե´ տեղական և թե´ միջազգային փորձագետները, այն է, որ մեկ անձից գնումների պրակտիկան շատ է գործածվում և, կարծում եմ, ամենակարևորն այդ հարցին լուծում տալն է»,- ասաց Ա. Քյուրումյանը :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս