Ես չեմ կարծում, որ ՌԴ-ին հաճոյանալուն ուղղված քայլերն օգուտ են բերում մեզ. Հովհաննես Իգիթյան

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանը դեմ քվեարկեց Ղրիմի թերակղզում անցկացված հանրաքվեն օրինականությունը չճանաչող բանաձևի ընդունմանը, այսօր էլ ամենայն հավանականությամբ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում դեմ կքվեարկի եվրոպացի պատգամավորների կողմից ներկայացված բանաձևին, որով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության ազգային պատվիրակությանը զրկել քվեարկության, ձայնի իրավունքից և կասեցնել պատվիրակության լիազորությունները:

Ամեն դեպքում, մեզ հետ զրույցում պատվիրակության յոթ անդամներից երկուսը՝ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը հայտարարել են, որ դեմ են քվեարկելու, պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արմեն Ռուստամյանը և Վահե Հակոբյանը ընդհանրապես չեն մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու նիստին: ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը թերևս իր ՀՀԿ-ական գործընկերների օրինակով նույնպես դեմ կքվեարկի: Անհայտ է մնում միայն ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշումը, ով մինչև մեկնելը մեզ հետ զրույցում ասաց, թե միայն վերադառնալուց հետո կբացատրի՝ ինչո՞վ էր պայմանավորված իր քվեարկությունը:

168.am-ի հետ զրույցում, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀՇ կուսակցության անդամ Հովհաննես Իգիթյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող է կրել Հայաստանը, եթե մեր ազգային պատվիրակությունը դեմ քվեարկի ՌԴ նկատմամբ սանկցիաներ կիրառող բանաձևին՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ում ևս Հայաստանը դեմ քվեարկեց Ղրիմի հանրաքվեն անօրինական ճանաչող բանաձևին, հորդորեց ԵԽԽՎ պատգամավորներին ազատ քվեարկել՝ նշելով, որ այդ քվեարկությունը չի դիտվի որպես ՀՀ դիրքորոշումը:

«ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացված է որպես պետություն, և այնտեղ պետությունն է քվեարկում, իսկ ԵԽԽՎ-ում ամեն մի պատգամավոր ներկայացնում է իրեն, իր քաղաքական թիմը, քաղաքական մտածելակերպը ու կաշկանդված չէ որևէ մանդատով: Ամեն մի պատգամավոր ինքն է քվեարկում, հայտնում է իր անձնական դիրքորոշումը, և դա չի համարվում Հայաստանի քվեարկություն: Ես կարծում եմ, որ ամեն պատգամավոր պետք է հայտնի իր անձնական կարծիքը, նույնիսկ եթե ՀՀԿ-ից է ու դա չի դիտվի որպես պետության դիրքորոշում»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է բանաձևի բովանդակությանը, ապա Հ. Իգիթյանը նշեց, թե հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից: «Պետք է նայել՝ արդյոք Ռուսաստանը իր վարվելակերպով համապատասխանո՞ւմ է ԵԽԽՎ ընտանիքի չափորոշիչներին, արդյոք այսօրվա ՌԴ-ն դարձա՞վ չարիքի կենտրոնը… Եթե այս երկու հարցերի պատասխանները դրական են, ապա ՌԴ-ն ուղղակի տեղ չունի ԵԽԽՎ-ում»,- շեշտեց նա:

Իսկ այն, որ այդ հարցերի պատասխանները միանշանակ դրական են, Իգիթյանի համար անվիճելի է: «Այո, այսօր այդպես է, այսօր ՌԴ-ն շեղվել է եվրոպական մոտեցումներից, չափանիշներից՝ ուժի չկիրառման, մարդու իրավունքների, խոսքի ազատության և այլնի առումով: Այս երեք կարևոր հատկանիշները, որոնցով կառուցվում է եվրախորհուրդը, Ռուսաստանը խախտեց, ուրեմն էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ընդգծեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարը:

Նա նշեց, թե նման բանաձևով Եվրոպան՝ քաղաքակիրթ աշխարհը, ցույց է տալիս իր մոտեցումը ՌԴ նկատմամբ, ապա շեշտեց, թե գործը սրան չպետք է հասներ՝ ՌԴ-ն ինքը պետք  է դուրս գար ԵԽԽՎ-ից:

Ըստ նրա՝ նման քայլերով Հայաստանը առանց որևէ օգուտ ստանալու ստանձնել ու տանում է  պրոռուսական դիրքորոշումը, ինչը հանգեցրել է նրան, որ ՌԴ-ն Հայաստանին ընդհանրապես հաշվի չի առնում:

«Հայաստանը չի հասկանում, որ քծնանքը որպես գործոն չի աշխատում և չի աշխատելու, միայն ֆակտոր լինելը կարող է ազդել դերի վրա: Ասվում է, թե հարցը ԼՂՀ-ն է, բայց ես չեմ կարծում, որ որևէ ձևով ՌԴ-ն կփոխի իր մոտեցումը ԼՂՀ հարցում: Հայաստանը հանուն ՌԴ շատ բան է արել՝ սկսած Մաքսային միությունից, գազի պայմանագրերից և այլն, կարելի է անվերջ թվարկել, բայց դրանցից հետո թող որևէ մեկն ասի, որ Ռուսաստանը մի փոքր ձևով անգամ փոխել է իր վերաբերմունքը ԼՂՀ հարցում դեպի պրոհայկական: Հակառակը: Ես չեմ կարծում, որ Հայաստանի՝ ՌԴ-ին հաճոյանալուն ուղղված քայլերն օգուտ են բերում մեզ: Էլ բան չկա, էլ չգիտեմ, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը դրա համար, մնում է, որ պետբյուջեն փոխանցենք Մոսկվային, էլ չգիտեմ, թե ի՞նչ պետք է անենք»,- հավելեց նա:

Իգիթյանը ավելացրեց նաև, որ ՌԴ-ն իր վարվելակերպով ցույց է տալիս, որ անտեսում է աշխարհի, քաղաքակիրթ երկների կարծիքը, իսկ Հայաստանն էլ վնասներ է կրելու այդ արհամարհանքից: «Հայաստանն էլ լինելով փոքր պետություն՝ կարող է կարող է չդիմանալ այն սանկցիաներին, որոնք կկիրառվեն ՌԴ դեմ,ու մեզ վրա էլ, բնականաբար, կտարածվեն: Հայաստանի Հանրապետությունը պետք է հասկանա, որ չի կարող կապել իր խնդիրների լուծումը միայն ՌԴ հետ»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս