Փորձություններ ԵԽ ԽՎ նստաշրջանում
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` ապրիլի 7-ին մեկնարկող գարնանային նստաշրջանում քվեարկության է դրվելու եվրոպացի պատգամավորների կողմից ներկայացված բանաձև, որով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության ազգային պատվիրակությանը զրկել քվեարկության, ձայնի իրավունքից և կասեցնել պատվիրակության լիազորությունները:
ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկատվությունը` նշելով, որ Ռուսաստանի պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին առաջարկն արվել է եվրոպացի պատգամավորների կողմից: Մեր տեղեկություններով` հայաստանյան պատվիրակության անդամները դեռ չեն հանդիպել միմյանց և չեն քննարկել բանաձևի մանրամասները, թեև պատվիրակության հանդիպումները չեն ենթադրում միասնական դիրքորոշման ձևավորում. յուրաքանչյուր պատգամավոր քվեարկում է ազատ: Ուստի պատվիրակության հիմնական չորս անդամներից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են քվեարկելու նրանք ՌԴ պատվիրակության նկատմամբ սանկցիաներ կիրառելու բանաձևին:
Մեզ հետ զրույցում Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ինքը դեմ է քվեարկելու ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներ կիրառելու բանաձևին` նշելով, որ դրանք որևէ դրական լիցք իրենց մեջ չեն պարունակում: «Անձամբ ես քվեարկելու եմ դեմ, որովհետև համարում եմ, որ նման սանկցիաները, օգտակար ոչինչ իրենց մեջ չեն պարունակում: Նման սանկցիաները, բացի նեգատիվից, որևէ պոզիտիվ լիցք իրենց մեջ չունեն, դրական արդյունքի չեն հանգեցնում: Իրականում սա այն կառույցն է, որը պետք է աշխատեր, լուրջ աշխատեր, պետք է երկխոսություններ լինեին, իսկ կառույցը կատարեց կոպիտ սխալներ` նույն Ուկրաինայի հետ կապված հարցերում: Ես համենայնդեպս չեմ համարում, որ սանկցիաները որևէ դրական արդյունք կունենան»,- ասաց Դ. Հարությունյանը:
Նա նշեց, որ իր համար նման որոշում կայացնելը դժվար չի եղել, որովհետև ինքը միշտ դեմ է արտահայտվել որևէ մեկի նկատմամբ սանկցիաներ կիրառելու երևույթին: «Ես համարում եմ, որ ԵԽ ԽՎ-ն այն կառույցն է, որտեղ որևէ մեկի հանդեպ սանկցիաներ պետք է չկիրառվեն, այլ պետք է լինի երկխոսություն»,- հավելեց ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ «դեմ» քվեարկելը կդիտարկվի` որպես Ռուսաստանին պաշտպանելու, Ռուսաստանին դեմ չգնալու փորձ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե ինքը գիտի` կլինեն տարբեր մեկնաբանություններ, բայց դա չի նշանակում, որ «այդ պատճառով չեն կատարելու այն քայլը, որը ճիշտ են համարում»:
Հետաքրքրվեցինք նաև, թե, այդուհանդերձ, «դեմ» քվեարկելու որոշման վրա չի՞ ազդում ՌԴ-ի գործոնը: Մեր հարցին Դավիթ Հարությունյանը բացասական պատասխան տվեց` նշելով. «Իհարկե հաշվի ես առնում հարաբերությունները, ամեն ինչ հաշվի ես առնում, անհեթեթություն կլիներ ասելը, որ նման դեպքերում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հաշվի չես առնում, բայց դա չի նշանակում, որ այդ քայլը կատարելիս ղեկավարվում ես միայն դրանով»:
Դավիթ Հարությունյանի համոզմամբ` ԵԽ ԽՎ-ն չի փոխի իր վերաբերմունքը հայաստանյան պատվիրակության վերաբերյալ, եթե պատվիրակության անդամները դեմ քվեարկեն բանաձևին:
Համենայնդեպս, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ԵԽ ԽՎ-ի կողմից վերաբերմունքի փոփոխություն չի՞ լինի նման որոշումից հետո, Դ. Հարությունյանը նշեց. «Յուրաքանչյուրս ունի իր դիրքորոշումը և արտահայտում է այն ազատորեն: Եթե մենք սկսենք մտածել` բա ի՞նչ ձևով կփոխվի, ի՞նչ աչքերով մեզ կսկսի նայել, ենթադրենք, մեր հոլանդացի գործընկերը… Դա չի կարող լինել որոշումները կայացնելու դրդապատճառ»: Նա հիշեցրեց, որ ժամանակին հայաստանյան պատվիրակության կողմից եղել են որոշումներ, որոնք տարբերվել են ԵԽ ԽՎ պատգամավորների մեծ մասի դիրքորոշումից. «Մենք բոյկոտել ենք նիստեր… բոլորն ասում էին` բա ի՞նչ կմտածեն ձեր մասին… ինչ ուզում են` մտածեն: Ես ունեմ իմ խնդիրները և լուծում եմ դրանք»:
Պատվիրակության ՀՀԿ-ական մյուս անդամը` Արփինե Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը հակված է դեմ քվեարկել, չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացրել:
«Դեռևս մտածում եմ, թե ինչպես եմ քվեարկելու, որովհետև վերջնական որոշումս կախված է մի շարք գործոններից: Այս պահին այս տեսքով ձևակերպումների պահպանման պարագայում ես առավել հակված եմ դեմ քվեարկելու ՌԴ-ի դեմ սանկցիաներ կիրառելուն, որովհետև կարծում եմ` դուռը շրխկացնելով փակելը լավագույն տարբերակը չէ:
Պետք է հասկանալ` արդյոք երկխոսելու հնարավորությունը կհաջողվի՞ պահպանել, թե՞ ոչ: Սա ամենակարևոր հարցերից մեկն է, որ նախատեսում եմ հստակեցնել Վեհաժողովում հարցի զեկուցողների հետ քննարկելիս: Ցանկացած դեպքում, քվեարկության պարագայում հաշվի եմ առնելու Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու շահը»,- մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը: Մեր հարցին, թե արդյոք դեմ քվեարկելը չի՞ մեկնաբանվի` որպես Ռուսաստանին պաշտպանելու փորձ, նա պատասխանեց, թե չի բացառում որևէ տեսակի մեկնաբանություն, բայց կրկնեց, որ իր քվեարկությունը կախված է բանաձևի հեղինակներին ուղղված հարցերի պատասխանները լսելուց:
Ի տարբերություն պատվիրակության ՀՀԿ-ական անդամների, ԵԽ ԽՎ-ում ընդդիմությունը ներկայացնող ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը և այլընտրանքը ներկայացնող ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զորհաբյանը մեզ հետ զրույցում հրաժարվեցին ասել, թե ինչպես են քվեարկելու: Լ. Զոհրաբյանն ասաց, թե այդ հարցը դեռ չի քննարկվել, Զոհրաբյանն էլ նշեց, թե որոշել է ինչպես քվեարկել, սակայն չի ցանկանում այժմ հրապարակել դա: