Երիտասարդը մեղադրվում է նախկին ընկերուհուն խոշտանգելու, կծելով ականջի մի կտորը պոկելու մեջ

Առաջին ատյանի դատարանը որոշել է դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել նախկին ընկերուհուն` խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ժամանակ խոշտանգելու համար, մեղադրվող երիտասարդի նկատմամբ:

22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենից 11 տարով մեծ նախկին ընկերուհու հետ նրա տանը մեկ այլ տղամարդու գտնվելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, վնասվածքներ պատճառել, այնուհետև մազերից բռնելով և քաշելով` դուրս է հանել շենքի առաջին հարկի միջանցք, «պոռթելու նպատակով մատերը մտցրել է բերանը». նախկին ընկերուհին կծել է մատը, որից հետո 22-ամյա երիտասարդը ատամներով կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը` տուժողին հասցրել է թեթև մարմնական վնասվածք, որի արդյունքում վերջինիս պատճառել է ուժեղ ցավ, ինչպես նաև մարմնական տառապանք երկարատև տևողությամբ, որն արտահայտվել է առանձին դաժանությամբ, և նրա գործողությունները կանխվել են միայն օգնության հասած հարևանների միջամտության արդյունքում:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել առանձին դաժանությամբ խոշտանգման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ):

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ ավելի վաղ 22-ամյա երիտասարդի մոտ «անձի հիստերիկ խանգարում» է ախտորոշվել, նա անընդատ գտնվել է կոնֆլիկտային իրավիճակներում:

Դատարանի որոշմամբ՝ փորձագետներին առաջադրվել են մի շարք հարցեր՝ արդյոք մեղսագրող արարքը կատարելու պահին 22-ամյա երիտասարդը տառապել է որևէ հոգեկան հիվանդությամբ, գտնվե՞լ է անմեղսունակության վիճակում, կարո՞ղ էր գիտակցել իր գործողության վտանգավորությունը, արդյոք նա այս պահին մեղսունա՞կ է, թե՞ ոչ, տառապո՞ւմ է որևէ հոգեկան հիվանդությամբ, արդյոք հարկադիր բուժման կարիք ունի՞, ինչպիսի՞ն է ամբաստանյալի մտավոր զզարգացվածությունը, արդյոք նա մտավոր զարգացմամբ հե՞տ է մնացել, եթե այո, ապա մտավոր զարգացման մեջ հետ մնալու պատճառով նա ընդունակ եղե՞լ է արարքը կատարելու պահին գիտակցել իր կատարած արարքի բնույթն ու նշանակությունը կամ ղեկավարել դա, ունա՞կ է ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները և այլն:

Տեսանյութեր

Լրահոս