Ս. Մարգարյան. Եթե նույն ծրագրով ՀՀԿ-ական նշանակվի, մենք շարունակելու ենք այն, ինչ անում ենք

Պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն մաս կկազմի՞ ազգային համաձայնության Կառավարությանը, թե՞ ոչ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց. «Ես չեմ կարծում… մենք չունենք պատրաստի քննարկում, բայց չեմ կարծում»:

Հարցին էլ, թե ԲՀԿ-ն վարչապետի իր թեկնածուին առաջադրելո՞ւ է, նա պատասխանեց. «Չեմ կարծում: Որովհետև այնպես չէ, որ Կառավարությունը մեխանիկորեն հրաժարական է տալիս, մենք ունեինք քառյակի կողմից միասնական մշակած տեսակետներ, թե ինչպիսին է լինելու ապագա Կառավարության գործունեությունը և մենք այս շրջանակներում ենք անելու»:

Ստեփան Մարգարյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ քառյակը ներկայացնի վարչապետի միասնական թեկնածու, ապա նշեց. «Մենք կարևորությունը տալու ենք այն գործելաոճին, որով Կառավարությունը կազմվում և աշխատում է: Եթե փոփոխություն է լինում մեխանիկորեն, ինչպես հայտարարում են արդեն, որ կլինի Հանրապետական, թող լինի՝ ի սեր Աստծո, բայց մենք կշարունակենք մեր գործը»:

Նա նշեց, թե իրենք խնդիր չեն դնում, որ նոր վարչապետը լինի ԲՀԿ-ական: «Մենք նման խնդիր չենք դնում: Ես դժվարանում եմ ասել: Մենք հետևելու ենք մեր ասած պայմաններին, որ Կառավարությունը պիտի չլինի նույն գործելաոճով, նույն ծրագրով, որովհետև դա… Ի՞նչ տարբերություն Տիգրան Սարգսյանն էր, թե՞ մեկ ուրիշը: Եթե նույն ծրագրով նույն Հանրապետականը նշանակվի, մենք շարունակելու ենք այն, ինչ անում ենք»,- շեշտեց նա:

168.am-ի դիտարկմանը, թե արդեն նոր վարչապետի անուններ են շրջանառվում, այդ թվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը, ում հետ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել, Ստեփան Մարգարյանը միայն ասաց, թե չի կարող մեկնաբանել:

Հարցին, թե վարչապետի հրաժարականից հետո հնարավո՞ր է ԲՀԿ-ն ամբողջական իշխանափոխություն պահանջի, Ս. Մարգարյանը պատասխանեց. «Մենք այդպիսի հարց չենք քննարկել»:

Նրա համոզմամբ՝ Տ. Սարգսյանի հրաժարականը քառյակի համագործակցության, շուրջօրյա հանրահավաքների շուրջ համաձայնության արդյունքն էր: Բացի այդ, պատգամավորի խոսքով, հանրությունն էլ նման տրամադրվածություն ուներ: «Մթնոլորտում կախված էր դա: Ես հակված եմ մտածել, որ դա հանրային տրամադրությունն էր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է շուրջօրյա հանրահավաքներին, ապա ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե չի բացառվում, որ դրանց փոխարեն քառյակը համատեղ հանրահավաք անցկացնի: «Չի բացառվում հանրահավաքներ, գուցե շուրջօրյա չլինեն, բայց մենք չենք բացառում համատեղ հանրահավաքներ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս