ԱՊՀ-ում Ուկրաինայի փոխարեն կնախագահի Բելառուսը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսը ստանձնելու է ԱՊՀ-ում նախագահությունը՝ փոխարինելով Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, ով այսօր մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
Մակեյի խոսքերով՝ Բելառուսը պատրաստակամություն է հայտնել ԱՊՀ-ում նախագահելու համար: Նա հավելել է, որ Բելառուսն ԱՊՀ-ի աշխատանքի ուղղվածության առաջնահերթություն է համարում բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը:
Տնտեսական ոլորտում Բելառուսն իր հիմնական ուշադրությունը բևեռելու է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված ազատ առևտրի մասին պայմանագրի դրույթների փուլային իրագործմանը:
Մարտի 19-ին Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել էր, որ Ուկրաինան որոշել է հրաժարվել ԱՊՀ-ում նախագահելուց:



