Նաիրիտցիներին խոստացել են վճարել միայն մեկ ամսվա աշխատավարձ. նրանք «երկու երրորդով» են աշխատում. «Ժամանակ»

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին խոստացել են վճարել մեկ ամսվա աշխատավարձը, իսկ թե մնացած գումարը երբ կտան՝ հայտնի չէ։ «ժամանակի» հետ զրույցում գործարանի աշխատակիցներից մի քանիսը նշեցին, որ աշխատում են, սակայն երկու երրորդով, հետևաբար՝ վճարվում ճիշտ այդ չափով։ «Ասել են՝ մի ամսվանը կտան էս շաբաթ, արդեն հաշիվը կորցրելենք՝ ինչքան են պարտք, մի տարուց ավելի։ Մնացած պարտքի համար ոչ մի բան էլ խոսք չեն տվել։ Ասում են Ռուսաստանի հետ բանակցություններ են գնում, դրա համար ոչ մի բան չեն կարող ասել, դեռ բանակցում են», – ասացին նրանք։

Հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ տնօրինությու նրանց սպառնալիքներով պարտադրել է՝ դուրս չգալ ակցիաների, գործարանի մի աշխատակից պատասխանեց. «Չգիտեմ, ինձ որ չեն սպառնացել», նա դժվարացավ նշել՝ արդյոք հասունանո՞ւմ է պահը, երբ պետք է կրկին դուրս գալ բողոքի ակցիայի։

«ՌոսնԵֆտ» ընկերության կողմից «Նաիրիտ» գործարանի ձեռքբերման ուղղությամբ կատարած աշխատանքների մասին որոշակի տեղեկություններ աշխատակիցները չունեին, նշում են, որ իրենց միայն ասում են՝ բանակցությունների մեջ են, բայց ստույգ որևէ բան չեն կարող ասել։ «Մեզ ասել են՝ իբր էսօր-էզուց պիտի տան (աշխատավարձը)», – ասաց գործարանի մեկ այլ աշխատակից, ճշտող հարցին՝ արդյոք ամբո՞ղջ պարտքը կմարեն, թե՞ իրեն էլ միայն մեկ ամսվա աշխատավարձ են վճարելու, պատասխանեց. «Մի ամսվա, ինչ ամբողջ»։

Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս