«Ոչ ես, ոչ հայրս, ոչ էլ իր ընկերները խուլիգան չենք». Շահեն Հարությունյան
Քիչ առաջ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դուրս եկավ ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքից։ Նա ասաց, որ իրենց հայտնել են քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Շահենն ասաց, որ ինքը չի ընդունել խուլիգանության համար իրեն առաջադրված մեղադրանքը:
«Ոչ ես, ոչ հայրս, ոչ էլ իր ընկերները խուլիգան չենք», -ասաց նա՝ նշելով, որ իրեն մեղադրանք առաջադրելով փորձում են ճնշել հորը և նրա ընկերներին։
Շահեն Հարությունյանի պաշտպան Կարինե Խաչատրյանն էլ հայտարարեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը ակնհայտ անհիմն է։
Երբ Շահեն Հարությունյանը քննչական գլխավոր վարչությունում էր, վարչության դիմաց մի խումբ անձինք ակցիա էին իրականացնում: «Շահեն Հարությունյան՝ 15 տարեկան քաղաքական հետապնդման զոհ», «Խուլիգանը հայրենիքը վաճառողներն են» և նման բովանդակությամբ այլ պաստառներով ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքի դիմաց հավաքվածները պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Շահեն Հարությունյանի, նրա հոր և գործով մյուս մեղադրյալների նկատմամբ։
Ակցիային միացավ նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նշեց, որ եկել է իր զորակցությունը հայտնելու Շանթ Հարությունյանին, նրա որդուն և ընտանիքին։ Նա նշեց, որ վերջիններս ակնհայտ քաղբանտարկյալներ են. «Ուզում են նաև անչափահաս երիտասարդ սերնդին նույնպես քաղբանտարկյալ դարձնել։ Սա մեր ապօրինի իշխանության ինքնապատկերն է, և ես միանում եմ քաղաքացիական այդ պահանջին, որ Շանթ Հարությունյանն անհապաղ ազատ արձակվի»։
Ակցիայի մասնակիցները այժմ երթով շարժվում են դեպի գլխավոր դատախազության շենք՝ այնտեղ պահանջելու անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը Շանթ Հարությունյանի, նրա որդու և գործով մյուս մեղադրյալների նկատմամբ։