Բաժիններ՝

Դատել նաև Չարենցին և Խորենացուն

Մաքսային միության ճամփեն բռնելը մեր վրա չեկավ: Գազի թանկացումը համընկավ խստաշունչ ձմռան հետ: Հետո մարտի վերջին ձյուն եկավ: Ոչ ոք, իհարկե, չի պնդի, որ դա մեր երկրի արտաքին կողմնորոշման կտրուկ փոփոխության հետևանք էր: Կամ՝ պատիժ դրա համար: Բայց ակնհայտ է, որ ամեն ինչ փոխկապակցված է այս աշխարհում: Մեր խորհրդարանում «ֆեյքերի» մասին օրինագծի նախագծի քննարկում-լսումներ են սկսել: Լրատվամիջոցների համար սա տհաճ անակնկալ էր:

Հիմա պարզվում է` լրատվամիջոցները պարտավոր են հետևել, թե ինչ մեկնաբանություններ են հրապարակում իրենց նյութերի տակ: Եթե, իհարկե, այդ օրինագիծն ընդունվի: Մինչև երեկ ես կարծում էի, որ այս օրինագիծը մեր մի քանի խորհրդարանականների քմահաճույքն է: Եվ, որ այն ոչ մի կապ չունի Մաքսային միության հետ:

Բայց պարզվում է` համանման մի օրինագիծ քննարկվում է նաև Ղազախստանում: Ղազախ պատգամավորները մերոնցից առաջ են անցել: Այստեղ նույնիսկ Քրեական օրենսգիրքն են փոխում: Ղազախստանում շուտով քրեական հանցագործություն է համարվելու «շշուկներ տարածելը»:

Այն նույնիսկ որակվելու է ծանր հանցագործություն՝ առավելագույն 12 տարի պատժաժամկետով: Եթե ենթադրենք, որ «ֆեյքերի» օրինագծից հետո մերոնք էլ նման մի օրենք կընդունեն, ապա պատկերն ավելի տխուր է լինելու: ՄԱԿ-ում Ուկրաինայի մասին հայտնի բանաձևին Ղազախստանը ձեռնպահ քվեարկելու համարձակություն ունեցավ: Իսկ մերոնք՝ ոչ:

Կարդացեք նաև

Հետևաբար շշուկներ տարածողների և «անպատասխանատու ֆեյքիստների» պատիժը մեզ մոտ ավելի արմատական ու խիստ է լինելու: 12 տարվա փոխարեն` մեր խորհրդարանականները, հավանաբար, 20 տարվա կամ ցմահ ազատազրկում կպահանջեն: Եվ արդարացի կլինեն: Իսկապես չի կարելի թույլ տալ, որ անպատասխանատու մարդիկ ինչ ուզեն` ասեն պետական պաշտոնյաների ու խորհրդարանականների մասին:

Օրինակ, Մաշտոցի պողոտայում զբոսնող յուրաքանչյուր մարդ թիվ 9 շենքի հուշատախտակի վրա կտեսնի, որ այդ շենքում ապրել է գիտնական, գրականագետ, պրոֆեսոր, հասարակական ու պետական գործիչ Հայկ Գյուլիքեխվյանը: Սույն հարգարժան անձն ինչ ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ ասես չի աշխատել:

«Կոմունիստ» ու «Կարմիր Շիրակ» թերթեր է խմբագրել: Իսկ 1934-ից նույնիսկ ԽՍՀՄ գրողների միության անդամ է եղել: Կարճ ասած՝ եվրոպական լուրջ կրթություն ստացած մարդը լրջագույն ծառայություն է մատուցել երկրին: Հավանաբար այդ պատճառով են ժամանակին հուշատախտակ փակցրել շենքի ճակատին:

Որ սերունդները կարդան ու հիշեն վաստակաշատ պրոֆեսորին: Բայց սերունդները նրա վաստակը հիշելու փոխարեն` անպատասխանատու պոետի էպիգրամն են հիշում:

«Սանձել է ուզում հողմերին / Այս ողորմելին»,- գրել է Եղիշե Չարենցը նրա մասին: Իսկ Հակոբ Հակոբյանի «տաղանդի» տեր պոետին անվանում էր հաշվապահ:

Պատկերացնո՞ւմ եք, այս «ֆեյքի» համար ինչ պատասխանատվության կենթարկվեր պոետը, եթե մեր օրերում ստեղծագործեր: Բայց Չարենցը չէ, որ կլիներ չարագործներից, շշուկներ տարածողներից ու ֆեյքեր տարածողներից մեծագույնը: Մեր նորօրյա օրենսդիրների տրամաբանությամբ` այդ տեղն ամրագրված է Մովսես Խորենացու համար: Բոլոր դարերում:

Պատմահայրն ինչ անպատասխանատու հայտարարություն ասես չի արել հայրենի պաշտոնյաների մասին: Նա ուսուցիչներին «տխմար ու ինքնահավան» էր համարում: Զինվորականներին՝ «անարի, պարծենկոտ, զենք ատող ու գինեմոլ»: Բա հիշեք` թե ինչեր էր գրում իշխանների (արդի բառապաշարով ասած՝ իշխանավորների) ու դատավորների մասին:

Ըստ Քերթողահայր հորջորջվող պատմիչի` իշխանները կծծի են ու գողերին գողակից: Իսկ դատավորները` «տխմար, ստախոս, խաբող»: Բայց սա դեռ ամենը չէ: Խորենացու կարծիքով` մեր իշխանավորներն ու դատավորները կաշառակեր են: Ա՛յ այս հայտարարությունն արդեն աններելի է:

Հետևաբար` «ֆեյքերի» մասին օրենքի նախագիծը լուրջ լրամշակման կարիք ունի: Միայն այսօրվա անպատասխանատուներին չէ, որ պետք է պատասխանատվության ենթարկել:

Հարկավոր է լրջորեն սրբագրել նաև մեր գրավոր ու բանավոր մշակույթը՝ քննադատության անվան տակ ներկայացվող բոլոր ստահոդ լուրերը մեկիկ-մեկիկ ջնջելով: Այլապես խառնաշփոթ կլինի: Տեսեք, մեր հայրենի իշխանությունները զօր ու գիշեր աշխատում են: Տքնում, կարելի է ասել` վասն հայրենաց բարօրության: Իսկ Մարդու իրավունքների գրասենյակը տարին մեկ ինչ տեքստ ասես` չի հրապարակում:

Ասում է` դպրոցներում դրամահավաք կա, որոշ փողոցներ կրկնակի են ասֆալտապատվում: Ինչ լավ է, չէ՞, որ Կրթության նախարարությունը հերքում է այդ ստահոդ հաշվետվությունները: Իսկ Երևանի քաղաքապետարանը կամ այդ գրասենյակի համապատասխան պաշտոնյան քաջաբար հայտարարում է. «ՄԻՊ գրասենյակի եզրակացությունները մասնագիտական որևէ խորքային վերլուծություն չեն պարունակում»:

Մինչև այսօր նման բան հնարավոր էր: Բայց շուտով կընդունվեն ֆեյքերի, բամբասանքների, զրպարտության ու հարակից բաների մասին օրենքներ, ու ամեն բան իր տեղը կընկնի: Այլևս ոչ մի Չարենց չի կարողանա մեղադրել ոչ մի պաշտոնյայի: Երջանիկ կապրենք: Կամ կապրենք երջանիկ անգիտության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս