Նշանակվել են փորձաքննություններ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՔԿ-ն՝ հայկական կողմին փոխանցված մասունքների մասին
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Այսօր ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։
2022 թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առիթով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը»,- գրել է Աբրահամյանը։
Ավելի վաղ ԱԱԾ-ից տեղեկացրել էին, որ հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։