«Այս ծնկաչոք դիվանագիտության գործընթացն անվերջ է, և Հայաստանից կորզելու են բազմաթիվ զիջումներ. Հուսամ, մարդիկ նոր Սահմանադրության հանրաքվեին ոչ կասեն». Վարդան Պողոսյան
Մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նոր Սահմանադրության վերաբերյալ, որում մասնավորապես ասված է՝ «Սահմանադրության բարեփոխումներ անվանումը փոխարինել նոր Սահմանադրություն անվամբ», բացի այդ, մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հանձնաժողովը պետք է հաստատի նոր Սահմանադրության նախագիծը։
Այս որոշումը ստորագրելուց մոտ երկու շաբաթ անց են դրա մասին իմացել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները, մասնավորապես՝ Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե դրա մասին վերջերս է իմացել։
Դեռևս հունվարի կեսերին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, և ոչ թե՝ սահմանադրական փոփոխություններ, և հարցը պետք է լայն քննարկման առարկա դառնա։ Հայաստանը պետք է ժողովրդի կողմից քվեարկությամբ ընդունված Սահմանադրություն ունենա, որը չպետք է կասկածի տեղիք տա, սա նաև լեգիտիմության հետ կապված կարևոր շեշտադրում է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ բազմաթիվ պարտադրող հայտարարություններ են արել Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները՝ ասելով, որ «Սահմանադրությունում խնդիր կա, և այն պետք է փոխվի», նույնիսկ ադրբեջանական կողմը պայման էր դրել, թե առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Չնայած վերջերս ԱԺ-ում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՀՀ Սահմանադրություն փոխելը Հայաստանի ներքին խնդիրն է։
Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը որոշեց փոխել ՀՀ Սահմանադրությունը, ի՞նչ խնդիր է դրանով լուծում, ինչո՞ւ այս կարևոր հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումը կայքում տեղադրելուց հետո մի քանի շաբաթ արձագանք չէր ստանում։ Ի դեպ, Կառավարության կայքում տեղադրված է այս որոշումը, սակայն այնպիսի անունով, որ դժվար էր կռահել, թե հենց նոր Սահմանադրությանն է վերաբերում: Միտումնավոր գաղտնի՞ էր պահվում, թե՞ կարգն է այդպես:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ, սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ Հայաստանում իշխանությունների բազմաթիվ գործողություններ պարզապես տրամաբանորեն հնարավոր չէ հիմնավորել։
«Պահի տակ որոշումներ են կայացնում՝ չեմ կարող ասել՝ ինչո՞ւ է գաղտնի և ինչո՞ւ դրա մասին չեն բարձրաձայնել այդ ժամանակ։ Անհասկանալի է նաև, թե ինչու են 2026 թվականի վերջին նշանակել գործընթացի ավարտը։
Բայց մեզ համար նորություն չէ նոր Սահմանադրության մասին հայտարարությունները, քանի որ այս տարվա սկզբին Փաշինյանը, Արդարադատության նախարարը խոսում էին միանշանակ նոր Սահմանադրություն ընդունելու մասին։ Այս ամենն ակնհայտորեն կապված է փաշինյանական նոր կուրսի հետ, որ մեզ անկախության հռչակագիր պետք չէ, Արարատ սար պետք չէ, և այլն, այսինքն՝ բոլոր ազգային խորհրդանիշներից հրաժարվելու քաղաքականության դրսևորում է»,- նշեց Վարդան Պողոսյանը։
Սահմանադրագետը բազմիցս անդրադարձել է և ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջների պատճառներին, և դա որպես նախապայման առաջ քաշելով խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այստեղ, իհարկե, նորություն չկա, բայց կա մեկ այլ կարևոր հանգամանք, ինչի մասին խոսեց Վարդան Պողոսյանը։
«Այստեղ միակ նոր բանն այն էր, որ ՀՀ արտգործնախարարությունն ի պատասխան Ադրբեջանի պահանջի՝ ընդունելու նոր Սահմանադրություն և հրաժարվելու անկախության հռչակագրից, ըստ էության, «կոմպրոմիսային» առաջարկ կատարեց՝ ասելով, որ պատրաստ է մեկ ամսվա ընթացքում արագ կնքել խաղաղության պայմանագիրը։ Գիտեք, որ բանակցային գործընթացն ընթացել է բավականին բարդ, բավականին նախագծեր են փոխանակվել, և ըստ էության, այն հարցերը, որոնք մինչև հիմա կարոտ էին լուծման և մինչև հիմա շատ վիճահարույց էին, Հայաստանը շատ արագ ադրբեջանական ուլտիմատումից հետո համաձայնեց արագացնել գործընթացը և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Վարդան Պողոսյանը նաև հիշեցրեց, որ ԱԳՆ հայտարարությունից հետո Հայաստանը նաև նոր առաջարկներ ուղարկեց Ադրբեջանին, Ադրբեջանը հաստատեց տեղեկությունը՝ ավելացնելով, որ Հայաստանը գնացել է նոր զիջումների, ինչը, իրենց տերմինաբանությամբ՝ «առաջընթաց» է բանակցային գործընթացում։
«Հիմա հասկանալի է, որ Ադրբեջանի նոր պահանջից հետո՝ անհապաղ փոխել Սահմանադրությունը, Հայաստանի իշխանությունները չափազանց անհանգստացած են, որ Ադրբեջանը չի գնալու խաղաղության պայմանագրի կնքմանը։ Փորձում են դաշնակիցներ գտնել՝ Բլինքենի երեկվա զանգն Ալիևին դրա արտահայտությունն է։ Ամեն դեպքում իրենք բաց են պահում սահմանադրական հանրաքվե անցկացնելու հարցը»,- շեշտեց Վարդան Պողոսյանը։
Թե թուրք-ադրբեջանական տանդեմը՝ բացի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Արցախից, Արարատից հրաժարվելուց, ինչ պայմաններ առաջ կքաշի՝ Վարդան Պողոսյանը դժվարացավ ասել։
«Այս ծնկաչոք դիվանագիտության գործընթացն անվերջ է, և Հայաստանից կորզելու են բազմաթիվ զիջումներ, սա անվիճելի է։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Թուրքիան պահանջում է, որպեսզի վկայակոչումն Անկախության հռչակագրին հանվի, և հենց Անկախության հռչակագրում է Ցեղասպանությանը հետամուտ լինելու պահանջը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը չի թաքցրել, որ պատրաստ է փոխել նաև զինանշանը, Արարատ լեռը և այլն։ Սա մի կործանարար գործընթաց է, որը հանգեցնելու է ՀՀ կորստին։
Հուսամ, մարդիկ նոր Սահմանադրության հանրաքվեին ոչ կասեն, որպեսզի մեծամասնությունը ոչ ասի, անհրաժեշտ են մեծ ջանքեր քաղաքական ուժերի ու քաղաքացիների կողմից, որոնք հասկանում են, թե այս գործընթացն ուր է տանում»,- եզրափակեց Վարդան Պողոսյանը։