Ի՞նչ են հայտարարագրել հայր և որդի Չիչոյանները
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի երիտասարդ դատավոր Ժորա Չիչոյանի անունը հայրենի լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց աղմկահարույց մի շարք դատավարություններից հետո, նաև՝ դատավորի ընտանեկան ու բարեկամական կապերի շնորհիվ։ Ժորա Չիչոյանի հորեղբայրը` Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ անդամ էր, այժմ՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, հայրը` Արմեն Չիչոյանը Շիրակի մարզի դատախազն է։
168.am–ը կներկայացնի մի քանի դրվագ Ժորա Չիչոյանի և նրա հոր հայտարարագրերից։
Ժորա Չիչոյանի 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրից տեղեկանում ենք՝ դատավորն ունի 3 անշարժ գույք, որոնք 2017 թվականին ստացել է որպես ժառանգություն․ նա բաժնային սեփականությամբ տնօրինում է Գեղարքունիքի մարզում գտնվող մեկ հողամաս և մեկ բնակարան, ևս մեկ բնակարան՝ Երևան քաղաքում։
Տարվա ընթացքում՝ 2023 թվականի սեպտեմբեր ամսին, դատավորը գնել է մեկ շարժական գույք․ 2014 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենա։ Տարեվերջին նա հայտարարագրել է նույն մակնիշի 2 մեքենա, երկրորդի ձեռքբերման եղանակի դիմաց նշվում է «այլ» տարբերակը, ինչպես նաև՝ 2021 թվականին գնված MAZDA մակնիշի մեքենա, որը, ըստ տեղեկությունների, ձեռք է բերել տիկնոջ համար։
Ժորա Չիչոյանի բանկային ավանդի չափը և՛ տարեսկզբին, և՛ տարեվերջին եղել է 6 միլիոն դրամ, կանխիկ դրամը տարեսկզբին կազմել է 20 հազար ԱՄՆ դոլար և 18 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 10 հազար դոլար և 18 միլիոն դրամ։
Պաշտոնատար անձի հաշվետու տարվա եկամուտը՝ 12 միլիոն 497 931 դրամը, գոյացել է ՝
Էվոկա բանկից՝ իբրև տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում – 492 հազար դրամ,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ այլ եկամուտների տեսքով – 300 հազար դրամ,
«Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ»-ից՝ աշխատավարձ – 11,669,931 դրամ,
«Արդարադատության ակադեմիա»-ից՝ Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը – 36 հազար դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 միլիոն 980,868 դրամ։
Ժորա Չիչոյանի հայրը՝ Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, հայտարարագրել է 4 անշարժ գույք․
Բաժնային սեփականության իրավունքով նա տնօրինում է որպես ժառանգություն ստացած 3 գույքի. Երևան քաղաք՝ Արաբկիր հասցեում գտնվող բնակարանը (2005 թիվ), հողամաս Գեղարքունիքի մարզ՝ Շորժա (2007 թիվ), բնակարան Գեղարքունիքի մար՝ Գավառ քաղաքում (1996 թիվ):
Միանձնյա սեփականության իրավունքով դատախազ Չիչոյանը տնօրինում է 2020 թվականի հունվարին իր կողմից գնված բնակարանը, որը գտնվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում։
Արմեն Չիչոյանը հայտարարագրել է 1 տրանսպորտային միջոց՝ 2014 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենա, որը գնել է 2021 թվականին։
Հայտարարագրի՝ հանձնված և վերադարձված փոխառություններ բաժնից տեղեկանում ենք, որ 2023 թվականի վերջում առկա փոխառության գումարի չափը կազմել է 22 013,059.3 դրամ, պարտապանը ԵՊՀ Շրջանավարտների միություն ՀԿ-ն է (հիշեցնենք` հանդես է գալիս իբրև կառուցապատող ընկերություն):
Շիրակի մարզի դատախազի դրամական միջոցները
Բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են՝ 5003 ԱՄՆ դոլար, 4 միլիոն 664,058 դրամ, 6,890 դրամ, տարեվերջին՝ 5,003 դոլար 6,036,387.34 և 2,040.6 դրամ։
Տարեսկզբին առկա 25 000 դոլար և 13 միլիոն 689 000 դրամը տարեվերջին աճել է՝ կազմելով 25 000 ԱՄՆ դոլար և 14 միլիոն 689 000 դրամ։
Արմեն Չիչոյանի հաշվետու տարվա եկամուտները գոյացել են Հայաստանի Հանրապետության դատախազությունից ստացված 15 միլիոն 412 406 դրամ աշխատավարձից և ՊԵԿ-ից ստացված 1 միլիոն 793,156 դրամի չափով այլ եկամուտներից։
Վարկի մայր գումարի մնացորդի չափը դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդամենը կազմել է 22 098,370.3 դրամ։