Ծեծողը ձերբակալվա՞ծ է։ Իհարկե՝ ոչ։ Քննչական կոմիտեն քաղաքական հետապնդումներով է զբաղված. Ռոման Երիցյան
ԱՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուրեմն երբ արցախցին հավաքի ժամանակ դատարկ պլաստմասե շիշ է նետում, ապա նրան նույն օրը տեսախցիկներով իդենտիֆիկացնում են, 15 ոստիկանի տուժող ճանաչում,
մարզի հեռավոր գյուղից խուլիգանության կասկածանքով նրան ձերբակալում և նույն օրը կալանավորում։ Բայց երբ Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող, 65 և 51 տարեկան արցախցիներին ուսով հրում, իբրև թե ճանապարհ չտալու պատճառով նրանց վիրավորում և տեսախցիկների ու տասնյակ մարդկանց առջև ավտոմեքենայից հանված բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկում, ապա մի քանի մետր հեռավորության վրա գտնվող քննչական կոմիտեն ծեծի ենթարկողին հայտնաբերել չի կարողանում, հիվանդանոցում գտնվող արյունլվա շորերը առգրավել չի հասցնում, արցախցիներին տուժող ճանաչելու հարցում չի շտապում, աշխատանքային օրն ավարտվելուց հետո էլ վարույթով զբաղվելու ժամանակ չի ունենում։ Սա էլ այն դեպքում, երբ ծեծի ենթարկող քաղաքացու տրանսպորտային միջոցն ու համարանիշները հայտնի են, իսկ նրա դեմքը՝ ֆիքսված տարբեր տեսախցիկներով։ Փոխարենը տարբեր անձինք հասցնում են հորդորել այդ նույն արցախցիներին որևէ տեղ չբողոքել՝ «ամեն ինչ լավ է լինելու» խոստումով։
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետի առջև բեյսբոլի բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար։ Նրանք գտնվում են Հերացու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գանգոսկրի կոտրվածքներով։ Ծեծողը ձերբակալվա՞ծ է։ Իհարկե՝ ոչ։ Քննչական կոմիտեն քաղաքական հետապնդումներով է զբաղված։
Ուղղակի հայտարարեմ, որ սույն արարքը համարվում է առանձնապես ծանր, իսկ շիշ նետելու մեջ մեղադրվող արցախցունը՝ միջին ծանրության»։