Բաժիններ՝

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից մեծ սպասելիք ունեմ. Հայաստանի բասկետբոլի կանանց թիմի գլխավոր մարզիչ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Թադե Մարտիրոսյանը մեծ սպասելիքներ ունի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից:

«Հավաքականը ստեղծվել է բարձր մակարդակի բասկետբոլիստներով, որոնք հանդես են գալիս տարբեր առաջնություններում: Մեր նպատակն այն է, որ միահյուսենք բոլորի ներուժը: Ուզում ենք լավ հիմք ունենալ հետագայում այլ տարիքային թիմերից համալրում ստանալով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թադե Մարտիրոսյանը:

Մարզչի խոսքով` հավաքականը դեռևս ձևավորման փուլում է և ժամանակ է պետք ամբողջապես կայանալու համար:

«Մեծ ցանկություն ունենք Հայաստանը ներկայացնել լավագույնս: Արդեն մոտ 10 օր հավաք ենք անցկացնում այստեղ` Երևանում, բասկետբոլիստներն էլ լավ վիճակում են: Մարզումային գործընթացը սկսել էինք ԱՄՆ-ում, այստեղ էլ միացել են մի շարք բասկետբոլիստներ»,-ասաց նա:

Խոսելով փոքր երկրների Եվրոպայի առաջնության հիմնական մրցակիցներից` Մարտիրոսյանն առանձնացրեց, որ ի տարբերություն Հայաստանի ընտրանու, մյուս թիմերը տևական ժամանակ է ձևավորված են ու խաղային փորձ ունեն:

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը պատրաստվում է Կոսովոյի Պրիշտինա քաղաքում հունիսի 25-30-ը կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային մրցաշարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս