Կառավարության նիստում անդրադարձել են քեսաբահայության խնդիրներին
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե կենսապահովությանն առնչվող խնդիրները պահում են ուշադրության կենտրոնում, փորձում օպերատիվ արձագանքել: Նա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է քեսաբահայության հետ կապված:
Հ.Հակոբյանը տեղեկացրեց, որ 670 ընտանիք հայտնի դեպքերից հետո տեղահանվել է, գտնվում են Լաթաքիայում, Բեյրութում, Սուրբ Աստվածածնի եկեղեցու տարածքում, 30 հոգի պատանդ էին մնացել, հետո տեղափոխվել են Լաթաքիա: Ըստ նախարարի՝ երեխաներն արդեն դպրոց են գնում, ստեղծվել են շտապօգնության կառույցներ, քեսաբահայության առաջին անհրաժեշտության կարիքներն ապահովված են:
Հ.Հակոբյանը նշեց, որ բոլոր հայկական համայնքներն իրենց բողոքի ցույցերն ակտիվացրել են, աշխատել են Հայ Դատը, կուսակցությունները, եկեղեցիները, շատ արագ երկու կաթողիկոսներն են արձագանքել. «Քեսաբահայերը պահանջում են ճնշումները մեծացնել, հետաքննություն սկսել, թե դեպքերն ինչպես են սկսվել, հնարավորություն ստեղծվի վերադառնան իրենց տները: Այնտեղ պղծել են հայկական եկեղեցիները, իջեցրել են հայկական խաչերը, վերաբնակեցում է տեղի ունեցել հյուիս-արևմուտքում և թալան է տեղի ունենում: Հայության վերադարձից հետո օգնության մի այլ ձև պետք է մշակվի: Դրամահավաքն արդեն սկսվել է, համահայկական հիմնադրամը լավագույն է խողովակն է»:
Տ.Սարգսյանը նշեց, որ Լաթաքիա մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորների կարծիքն այնպիսին էր, որ քեսաբահայերի ցանկությունն է վերադառնալ իրենց տները:
«Մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ սա մեր ամենօրյա հսկողության տակ գտնվող խնդիր է: Մնացած խնդիրները գաղտնի մասում կքննարկենք»,- նկատեց Տ.Սարգսյանը: