«Ինչո՞ւ Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինային և ճիշտ արեց». «The Armenite»
Ամերիկյան «The Armenite» ամսագիրն անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի մարտի 27-ի նիստում Ղրիմի հարցով ընդունված «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկությանը և դրա հնարավոր պատճառներին:
«Ինչո՞ւ Հայաստանը դեմ քվեարկեց Ղրիմի բանաձևին,- հարց է հնչեցնում հոդվածի հեղինակ Վիլիամ Բայրամյանը և պատասխանում,- պարզ ասած` Ուկրաինան Հայաստանի բարեկամը չի եղել»:
Հեղինակն իր անգլերեն հոդվածն անվանել է այսպես`«ՄԱԿ-ի բանաձևը Ղրիմի վերաբերյալ. ինչո՞ւ Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինային և ճիշտ արեց»:
Հեղինակը նկատում է, որ այս քվեարկությունից հետո լրատվամիջոցներում հերթական անգամ սկսեց շրջանառվել այն միտքը, որ Հայաստանն իր որոշումը կայացրել է պարտադրված և ռուսական ճնշումների արդյունքում: Միաժամանակ Բայրամյանը կարծիք է հայտնում, թե միգուցե «թշնամի» բառը շատ խիստ կլինի Ուկրաինայի դեպքում, բայց պետք է չմոռանալ, որ Ուկրաինան աջակցություն է ցույց տվել Հայաստանի թշնամի Ադրբեջանին:
«Հայաստանը չէր կարող կողմ քվեարել բանաձևին, և կային մի շարք հիմնավոր պատճառներ, որոնք ստիպում էին նրան քվեարկել դեմ, այլ ոչ թե ձեռնպահ»,- գրում է հոդվածագիրը: Նա ներկայացնում է այն պատճառները, որոնք, իր կարծիքով, արդարացնում են «դեմ» քվեարկելը:
1) Ուկրաինան զենք է մատակարարել Ադրբեջանին արցախյան պատերազմի ժամանակ և դրանից հետո էլ շարունակել է սպառազինել նրան:
2) Ուկրաինան և Ադրբեջանը ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամներ են եղել:
Բայրամյանը նկատում է, թե ՎՈւԱՄ-ը հակառուսական կազմակերպություն է եղել և փորձել է դառնալ ՀԱՊԿ-ի այլընտրանքը:
3) Ուկրաինան կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին, որը « պաշտպանում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պահանգում էր դուրս բերել հայկական ուժերը» Արցախից:
«Ճիշտ այդպես, Ուկրաինան կողմ է քվեարկել ՄԱԿ-ի պատմության մեջ միգուցե ամենահակահայկական բանաձևին»,- շարունակում է հայազգի հեղինակը:
Միաժամանակ պետք է նկատել, որ հոդվածագիր Վ. Բայրամյանը փորձում է հակադարձել այն հնարավոր փաստարկին, թե միգուցե ճիշտ չէ այսպիսի վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ, քանի որ Ուկրաինայում նոր իշխանություն է ձևավորվել: Վ. Բայրամյանը նշում է, թե 2008 թ. նույնպես իշխանության ղեկին էր կանգնած նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով վերջերս է բանտից ազատվել: Այսինքն, ըստ Վիլիամ Բայրամյանի, իշխանությունն Ուկրաինայում, ըստ էության, չի փոխվել, թեև պետք է նկատել, որ Ուկրաինայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները դեռ առջևում են:
Հեղինակը նաև խոսում է այն մասին, թե ինչու Հայաստանը ձեռնպահ չքվեարկեց:
«Ինչպես նշվեց վերևում, լավագույն դեպքում` Ուկրաինան օգնել է Ադրբեջանին հակահայկական օրակարգի ձևավորման գործում` ՄԱԿ-ում և հնարավոր է` նաև այլ հարթակներում: Վատագույն դեպքում` սա այն քիչ պետություններից է, որը միակողմանի ռազմական օգնություն է տրամադրել Ադրբեջանին այն հակամարտությունում, որը կարող է դիտարկվել որպես սպառնալիք Հայաստանի գոյությանը: Կողմ քվեարկելու մասին խոսք չկա: Ձեռնպահ քվեարկելը կնշանակեր անտեսել այն գործողությունները, այդ թվում` ՄԱԿ-ում, և այն լուրջ խնդիրները, որոնք անհանգստացնում են Հայաստանին, որն էլ հղեց հստակ ուղերձ, որ ոչինչ անհետևանք չի մնում:
«Դեմ» քվեարկությունը Հայաստանի համար ստեղծեց հնարավորություն, որ մյուս պետությունները նրա հետ պայքարի ժամանակ գիտակցեն, որ իրենց գործողություններն անպայման ունենալու են հետևանքներ, եթե ոչ անմիջապես, ապա գոնե ապագայում»,- ավելացրել է Վիլիամ Բայրամյանը: