Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, որ քրեական գործով առաջին նիստին ինքը չի կարողացել ներկայանել, քանի որ մասնակցել է մեկ այլ նիստի: Նման պայմաններում, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, դատավոր Վաղինակ Մկրտչյանն ինքնուրույն պետք է որոշում կայացներ գործի քննությունը հետաձգելու մասին, և դա չաներ կողմի միջնորդությամբ:
Ն. Բաղդասարյանն ասաց, որ այդ դատական նիստի ժամանակ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն առաջարկել է քննարկել մյուս չորս փաստաբանների՝ դատական նիստին մասնակցության հարցը, այնուհետև հայտարարել, որ պաշտպանների չներկայանալը գործին խոչընդոտ է համարում և դրանով, ըստ նրա, խախտվում են տուժողների իրավունքները, տուժողներին պատճառվում են ինչպես բարոյական, այնպես էլ ֆիզիկական ցավ:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դատական նիստից մեկ օր առաջ զանգահարել է Ռ. Բալոյանին, հայտնել, որ չի կարողանա ներկայանալ դատական նիստին, իսկ մյուս փաստաբաններն այս քրեական գործին այլևս չեն մասնակցելու, և խնդրել է, որ տուժողները չներկայանան նիստին, որպեսզի նրանց ֆիզիկական և բարոյական ցավ չպատճառվի:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ քրեական գործով առաջին դատական նիստի ընթացքում տուժող Հայկ Հակոբյանն իրեն վիրավորանք է հասցրել՝ ասելով. «Ավելի լավ ա՝ էդ ուռոդը այստեղ չգա, դու խոսա, պրծնես»:
Պաշտպանի խոսքով՝ դատավորն արձագանքել է տուժողի հայտարարությանը ոչ թե այն բանի համար, որ իրեն վիրավորել է, այլ նրա համար, որ առանց դատավորի թույլտվության խոսել է: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ողջամիտ կասկած է հարուցվել, որ դատավորը տվյալ գործով անկողմնակալ չէ, կանխակալ կարծիք ունի դատավարության մասնակիցների նկատմամբ, հետևաբար՝ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել դատավորին:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ այսօրվա դատական նիստում էլ դատավորը Ֆրանսիայից ժամանած փաստաբաններին ներգրավվեց, սակայն մերժեց իրենց միջնորդությունը որպես թարգմանիչ ներգրավվել իրենց կողմից հրավիրված թարգմանչին: Պաշտպանի խոսքով՝ դրանով Վ. Պետրոսյանը զրկվել է պաշտպանության իրավունքից.
«Ես չեմ կարող ընդունել այն դատավարությունը, որի ժամանակ պաշտպան է մասնակցում, բայց չի կարող ելույթ ունենալ»:
Ն. Բաղդասրայանի խոսքով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ևս Քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ են թույլ տրվել, որոնք շարունակվում են կատարվել. դրանց արդյունքում, փաստաբանի խոսքով, ոտնահարվում են Վարդան Պետրոսյանի շահերը, ինչն էլ դատավորի կողմնակալության վերաբերյալ կասկածներ է հարուցում:
«Սույն գործով պաշտպանական կողմը չի հավատում պատահականություններին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ օրինակ բերելով, որ քննիչ Հայկ Հակոբյանը պատատահաբար է մոռացել դեպքի վայրում արձանագրել Վ. Պետրոսյանի ավտոմեքենայի կողասահքի հետքերը.
«Իրականում դա արվել է, քանի որ անիվների կողմից թողնված հետքերի միջև եղած տարածությունը լուսանկարաներով հնարավոր չէ պարզել: Դա շատ լավ գիտեր քննիչը և այդ դեպքում պաշտպանության կողմը զրկվում է ուղղակի ապացույցից, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասի վրա և մեղադրանքի կողմը արդեն հնարավորություն է ստանում այդ հետքերը ներկայացնել որպես BMW մակնիշի ավտոմեքենայի կողմից վթարի նախորդող պահին թողնված արգելակման հետքեր: Չեմ հավատում նաև, որ դատավոր Յուրի Բաղդասարյանը պատահաբար այս գործում տեսել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, և դատավարությունն անցկացրել է դռնփակ դատական նիստում:
Իրականում դա արվել է, որ հասարակությունը չիմանա, որ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որևէ հիմք չի եղել, և դա կատարվել է միայն այն պատճառով, որ Վարդան Պետրոսյանը հնարավություն չունեն հանդիպելու տուժող կողմի հետ:
Չենք հավատում այն պատահականությանը, որ դատավոր Արիս Սիսակյանը պատահաբար մոռացել է նշել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գոնե մեկ հիմք՝ իմ վստահորդին կալանավորելու համար: Իրականում իմ վստահորդին կալանավորելու համար Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ հիմք չի եղել: Պաշտպանական կողմը գտնում է, որ ձեր կողմից ևս պատահականորեն չեն խախտվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, և այսօր նույնպես դա շարունակվում էր, այլ իրականում նպատակ եք հետապնդել նախորդ օրվա համար, որպեսզի ձևավորվի հասարարական կարծիք, որ պաշտպանության կողմը միտումնավոր ձգձգում է դատական նիստը:
Պաշտպանության կողմի կասկածները ձեր կանխակալ վերաբերմունքի մասին հիմնավորվում են նաև ձեր իսկ կողմից գործողություններով, որն իրականացրել եք ի պատասխան տուժող կողմի՝ իմ մասին հնչեցված վիրավորանքի:
Տուժողը դատական նիստի ժամանակ վիրավորական արտահայտություն է հնչեցրել իմ հասցեին՝ բարձրաձայն ասելով վիրավորական բառեր»:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է համարվում նաև դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելը: Նրա խոսքով՝ այդ դեպքում դատարանը մի կողմից իրավունք ունի կիրառելու սանկցիա, մյուս կողմից պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով ապրիլի 4-ին: Այդ դատական նիստի ընթացքում կողմերը կարծիք կհայտնեն միջնորդության մասին, ապա դատարանը որոշում կկայացնի: