Արծվիկ Մինասյանը ՍԴ-ում ներկայացրել է կուտակային պարտադիր բաղադրիչի բացասական հետևանքները
Այսօր ՍԴ-ում ԱԺ չորս ուժերի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ» գործի քննության ժամանակ դիմող կողմի ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրման հետևանքով առաջացող մի շարք բացասական հետևանքներ: Մասնավորապես նա նշեց, որ կուտակայաին բաղադրիչը վտանգում է կրթությունը, մշակույթը, գիտությունը և այլն. «30 տարի աշխատող ուսուցիչը չի կարող գտնվել ավելի վատ վիճակում, քան նույնիսկ 10 տարի աշխատողը: Սա սոցիալական անարդարություն է»: Ըստ նրա՝ կառաջանան դեմոգրաֆիական խնդիրներ, քանի որ հղիության ընթացում կանայք չեն կարողանա աշխատել և կուտակել, բյուջեի վրա բեռը ավելանում է, քանի որ 2037թ. երբ առաջին կուտակողները պետք է անցնեն կենսաթոշակի, բյուջեի վրա բեռը կկազմի 145 մլրդ դրամ, իսկ ֆոնդերում կուտակված կլինի 2տրլն դրամ:
Ա.Մինասյանի խոսքով՝ ներդրումային այլ գործիքների բացակայության, կորպորատիվ կառավարման անկատարության պայմաններում կուտակային բաղադրիչը ծառայելու է բյուջեի դեֆիցիտի նվազեցմանը, ՀՆԱ վրա բացասական ազդեցություն կունենա, քանի որ ֆինանսական միմջոցները գնալու են սպառումից. «Վտանգում է անկախ բյուջետային և տնտեսական քաղաքականության իրականացումը: Եթե վաղը կառավարիչներից մնա մեկը, բյուջեի իրականացվող քաղաքականությունը թողնում ենք այդ մեկի վրա, ինչը խնդրահարույց է»: Մինասյանի հիմնավորմամբ՝ կուտակային բաադրիչը նպաստելու է պետական պարտքի մեծացմանը, իսկ պարտք/ՀՆԱ ցուցանիշի մեծացումը նվազեցնում է տնտեսական աճը: Միաժամանակ, գործատուները ձգտելու են նվազեցնել աշխատավարձերը, մեծանալու է ստվերը: Մեծանալու է մեկ աշխատատեղի ստեղծման ծախսը: Բարձրանալու է աղքատության մակարդակը, քանի որ սպառման նվազումը կնպաստի դրան: Մինասյանի խոսքով՝ բնակչության մոտ կավելանա պառողական վարկերի պահանջարկը, այսինքն՝ ստիպված կլինեն ավելի բարձր տոկոսով վարկ վերցնել, քան իրենց գումարներն են տալիս ֆոնդերին:
«Պարտադիր կուտակային բաղադրիչի հոդվածները հակասության մեջ են մտնում Սահմանադրության կողմից պաշտպանվող արժեքների հետ, իսկ Սահմանադրությունն ունի բարձրագույն ուժ, օրենքերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը»,- հայտարարեց Ա.Մինասյանը՝ նշելով, որ առկա ռիսկերը ՀՀ-ում ավելի ակնհայտ են, քանի որ ֆինանսական շուկաները կայացած չեն, գործազրկությունը բարձր է, ենթակառուցվածքներն անկատար, և այլն. «Այս օրենքն աննախադեպ է միջազգային պրակտիկայում՝ իր բոլոր ռիսկերով հանդերձ»:
Մինասյանը ներկայացեց միջազգային որոշակի փորձառությունները, օրինակ՝ հաճախ է խոսվում, որ ԱՄՀ-ն և ՀԲ-ն վերապահումներ ունեն համակարգի փոփոխությունների մասով, գտնում են, որ կենսաթոշակային համակարգը պետք վերանայել, ճգնաժամի պատճառով նպատակահարմար չէ ներդնել համակագը, քանի որ այն հիմնված է ֆինանսական շուկաների վրա:
Մինասյանը մեջբերեց կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված ԱՄՆ ՄԶԳ փորձագետներից մեկի եզրակացությունը, որ ճնշման տակ ընդունված միջոցառումները երկար կյանք չեն ունենա, գուցե մինչև հաջորդ ընտրություններ:
Նա ներկայացրեց նաև Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Արա Խանջյանի կարծիքը, որ եթե աշխատողը կենսաթոշակային տարիքի հասնի ճգնաժամից հետո, կարող է կոցնել իր գումարները: Մինասյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն բոյկոտեց կենսաթոշակային օրենքի քննարկման նպատակով ոչ իշխանական ուժերի հրավիրած ԱԺ արտահերթ նիստը:
Ա.Մինասյանը նաև ներկայացրեց մի քանի օրինակ, երբ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները սնանկացել են, մասնավորապես Ռուսաստանում 2012 թ.-ին մի քանի ֆոնդ է սնանկացել, քաղաքացիները զրկվել են կուտակած 470 մլն դոլարից. «Ֆոնդերը չունեին ներդրումային եկամուտներ: 2003 թ. սնանկացել է «Ստիմուլ ֆոնդը»: Ֆոնդերի փիլիսոփայությունը ենթադրում է ռիսկային գործողություններ, իսկ այդ դեպքում երաշխավորված չէ, որ բնակչության գումարը չի կորի»: