Վարչապետը անտեղի էր ոգևորվել. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան երեկ Արմենիա Մարիոթ հյուրանոցում լրագրողների հետ հանդիման ընթացքում հայտնեց, թե ինչու անցյալ շաբաթ Ուկրաինայի հետ Եվրոպական Միության Ասոցացման համաձայնագրի մասնակի ստորագրումը չի կարող նախադեպ դաոնալ Հայաստանի համար։ «Պետք չէ համեմատության եզրեր փնտրել Ուկրաինայի հետ, որը ԵՄ– ի հետ ստորագրեց Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը։ Հայաստանի համար կարգավորող շրջանակը այն փաթեթն է, որն ընդունվեց վիլնյուսյան գագաթնաժողովում, իսկ Ուկրաինայի հետ շատ շուտով ստորագրվելու Է Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը` ԽՀԱԱԳ-ն»,– հայտարարեց դեսպանը շեշտելով, որ անհնար է բաժանել Ասոցացման համաձայնագիրը։ Այս թեմայի շուրջ դեսպանը պատասխանել է թերթի մի քանի լրացուցիչ հարցերին։

– Պարոն Հրիստեա, եվրոոպացի պաշտոնյաների կողմից բազմիցս հնչում էին հավաստիացումներ, որ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնաագրերը մեկ փաթեթ են կազմում, և հնարավոր չէ դրանք տարանջատել։ Հիմա, փաստորեն, Ուկրաինայի համար արվեց բացառություն, ինչո՞ւ դա չի կարող լինել Հայաստանի և ԱլԳ մյուս անդամ երկրների համար։

– Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման միայն քաղաքական հատվածի ստորագրումը չի նշանակում դրա բաժանում կամ տարանջատում։ Մենք դա ստորագրել ենք և շուտով մի քանի ամսից, կստորագրենք մյուս տնտեսական հատվածը։ Դա Եվրոպական միության կողմից առաջարկված այն ապացույցն է, որ մենք ուզում ենք շարունակել Ուկրաինայի հետ ձեռք բերած պայմանավորվածության իրականացումը։ Նշեմ, որ մենք ուկրաինական շուկայի համար արդեն իսկ բացել ենք մաքսային ուղիներ, որոնք դե ֆակտո աշխատում են ԽՀԱԱԳ-ի ռեժիմով։ Կրկնում եմ՝ սա անջատում չէ, այլ համաձայնագրի ստորագրում տարբեր էտապներում, քանի որ կան որոշ թարգմանչական աշխատանքներ, որոնք ժամանակ են պահանջում։ Հայկական կողմի համար իրավիճակը ուրիշ է, քանի որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը ԽՀԱԱԳ-ի ստորագրումն անհնար է դարձնում, և եթե մենք Հայաստանի հետ ստորագրենք միայն քաղաքական մասը, դա կնշանակի դրա բաժանում։

– Այդուհանդերձ, հայկական կողմը չի դադարում կրկնել, որ ցանկանում է ստորագրել քաղաքական հատվածը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օրերս լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ սրանից հետո Բրյուսելը բացում է հնարավորության պատուհան Հայաստանի համար, և Հայաստանը ցանկանում է ստորագրել ԱՀ-ի քաղաքական մասը։

– Չեմ կարող մեկնաբանել վարչապետի ասածը։ Ուկրաինայի հետ ամբողջ փաթեթը կարող ենք ստորագրել, իսկ հայկական կողմի հետ ոչ։ ԱՀ– ն Ուկրաինայի համար չի բաժանվել. Հայաստանի համար էլ չի կարող։

ԹԱԳՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս