ԵՄ-ն գնահատել է Հայաստանի արձանագրած փոփոխությունները. «Ազատություն»
Հինգշաբթի լույս է տեսել Եվրոպական միության հարևանության ծրագրի առաջընթացի ամենամյա զեկույցը, որ գնահատում է 2013-ին Հայաստանի արձանագրած փոփոխությունները և առաջարկում քաղաքական բարեփոխումների ուղիներ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Համաձայն զեկույցի` 2013-ին Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությունը բավականին ակտիվ է եղել: Ճիշտ է` ԵՄ-ն և Հայաստանը ավարտեցին բանակցությունները ասոցացման և խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ, սակայն չկարողացան հասնել նախաստորագրման` Մաքսային Միությանը միանալու Հայաստանի որոշման պատճառով: Եվրամիությունը, սակայն, հավատարիմ է մնում Հայաստանի հետ առաջիկա համագործակցությանը:
Զեկույցը նշում է, որ թեև Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկում է, այդուամենայնիվ, դեռ օրենսդրության կիրարկման հետ կապված բավականին աշխատանք կա: Փետրվարի նախագահական ընտրությունները թեև լավ կազմակերպված էին, սակայն կային մտահոգություններ ընտրական ընթացքի հետ կապված։
«Չնայած շարունակական բարեփոխումներին` կա արդարադատության ոլորտի հանդեպ անվստահություն և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների պակաս: Այս տարի ևս զեկուցվել է ոստիկանությունում իրականացվող խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին»,- ասում են զեկույցի հեղինակները:
Այս տարվա առաջընթացի զեկույցը փաստում է, որ անցյալ տարվա Եվրամիության առաջարկներից ոմանք Հայաստանը փորձել է իրականացնել, մասնավորապես, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների հետ կապված օրենքի առաջքաշման, արդարադատության և ընտրական օրենսդրության ոլորտներում:
Եվրամիությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ արձանագրելով, որ անցյալ տարի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ակտիվիստների հանդեպ բռնությունները շատացել են:
Եվրամիության զեկույցը նաև կոչ է անում հետաքննել բռնությունների դեպքերը, կիրառել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի առաջարկները` իշխանությունների կողմից ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսների կիրառումը կանխելու համար, բացահայտել 2008 թվականի մարտի իրադարձությունների զոհերի մեղավորներին և ոստիկանության այդ օրերի ապօրինությունները, հարգել կրոնի ազատությունը, հստակեցնել օրենսդրական բարեփոխումները, աշխատել Մեծամորի ատոմակայանի հնարավորին արագ փակման, ջանքեր գործադրել Մադրիդան սկզբունքների իրականացման շուրջ և խուսափել Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից:
«Հայաստանում մամուլի ազատությունը մնում է անբավարար, Հայաստանը թերացել է նաև հակակոռուպցիոն ռազմավարության զարգացման հարցում»,- նշում է Եվրամիության հարևանության ծրագրի տարեկան զեկույցը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: