«Մենք ավելի հետաքրքիր գործերով ենք զբաղվում, քաղաքականության մեջ չենք ուզում մտնել». «Դեմ եմ»-ի նախաձեռնողներ
Այսօր հրավիրված ասուլիսում «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ Դավիթ Մանուկյանը, Գրիգոր Պետրոսյանը, Արսեն Բաղդասարյանը և Սևակ Ծատուրյանը խոսեցին մարտի 28-ին Սահմանադրական դատարանի դիմաց կայանալիք «Լուռ» ակցիայի մասին։ Հիշեցնենք, որ երեկ «Դեմ եմ» շարժումը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ մարտի 28-ին, Սահմանադրական դատարանի դիմաց խորհրդանշական լուռ ակցիա կկազմակերպվի, կոչեր ու ելույթներ չեն հնչի: «Այդ օրը սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, և ելույթների, կոչերի փոխարեն՝ կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ: Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում»,-նշված էր քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ: «Դեմ եմ»-ը նախաձեռնողները նշյալ հայտարարությամբ նաև տեղեկացնում էին, որ այդ օրը որևէ այլ միջոցառման չեն մասնակցելու:
Նախաձեռնության անդամները հրավիրված ասուլիսում մեկնաբանեցին, թե ինչո՞ւ են Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրը իրականացնելու «Լուռ» ակցիա։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Սևակ Ծատուրյանը նշեց. «Մենք մեր լռությամբ հարգում ենք Սահմանադրական դատարանին, և չենք խոչընդոտելու իրենց աշխատանքին։ Լինելով լուռ՝ չի նշանակում, որ ասելիք չենք ունենալու։ Մենք ունենալու ենք պաստառներ, մեր գաղափարներով, կրեատիվ մտքերով կասենք մեր ասելիքը»:Մասնակիցներից Արսեն Բաղդասարյանն էլ հավելեց. «Այդ օրը պետք է հարգել ու ճնշումներ չանենք»:
Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունեն «Դեմ եմ» նախաձեռնության անդամները Սահմանադրական դատարանից, մասնակիցներն այդ կապակցությամբ ասացին. «Սահմանադրական դատարանից համապատասխան որոշում ենք ակնկալում։ Ակնկալիքներ ունենք, տեսնենք, թե որքանով դրանք կիրականանան։ Իսկ եթե որոշումը չբավարարի մեզ, ապա մեր պայքարը կշարունակենք։ Շարժումը երբեք էլ չի մարելու։ Քաղաքացիական անհնազանդության միջոցառումները կշարունակվեն»:
Ակցիայի անդամներից Դավիթ Մանուկյանը խոսքն ուղղեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, ով ասել էր թե նախապայմաններ են ներկայացնում «Դեմ եմ»-ի անդամները. «Դա մեր նախապայմանը չէ, զարմանալի է, թե ինչպես է նախարար մարդը հանրության պահանջը նախապայման համարում։ Սա շահերի փոքրիկ խումբ չէ, որ ամեն մեկը մեկի առջև նախապայման դնի»:
Անդամները ժխտում են այն կարծիքը, թե շարժումը կքաղաքականացվի. «Ի՞նչ է նշանակում՝ քաղաքականացնել շարժումը։ Սա քաղաքական հարթակ է, բայց մենք քաղաքական շարժում չենք, քանի որ չենք հետևում որևէ քաղաքական գաղափարների կամ կուսակցությունների։ Մենք լուծում ենք քաղաքական հարցը, բայց չենք ձգտում քաղաքականություն»,-ասաց նա: «Մենք ավելի հետաքրքիր գործերով ենք զբաղվում, քաղաքականության մեջ չենք ուզում մտնել»,-ավելացրեց Գրիգոր Պետրոսյանը:
Մասնակիցները նշեցնին նաև, որ այդ օրը Երևանում լինելու են նաև այլ ակցիաներ, որոնց հետ իրենք կապ չունեն, և որ իրենք իրականացնելու են միայն մեկ ակցիա, որը կլինի ՍԴ-ի շենքի առջև, ժամը 12:30-ին։ Նախաձեռնության անդամներից Գրիգոր Պետրոսյանը կատակելով ասաց. «Մարտի 22-ի ակցիայից հետո կորել են «Դեմ եմ»-ի մի քանի դրոշներ, այնպես որ, եթե նման դրոշներ այլ վայրերում տեսնեք, ապա իմացեք, որ դա մեր կազմակերպած ակցիան չէ»:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, և թերևս հենց այս հանրահավաք-միջոցառումը նկատի ունեն «Դեմ եմ»-ի նախաձեռնողները: Վերջիններս երեկ տարածած հայտարարության մեջ այս կապակցությամբ նշել էին. «Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, որոնք նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքն այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, և կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում»:
Ասուլիսի վերջում «Դեմ եմ»-ի նախաձեռնողները ավելացրեցին, որ իրենք չեն վախենում «ընդդեմ», «Դեմ» բառերից. «Ինչքան արատ կա՝ պետք է լինի ընդդեմ շարժում։ Ընդդեմն ավելի է մարդկանց տանում առաջ և ոգևորում»,-նշեց Դավիթ Մանուկյանը:
Ի դեպ, այս օրերին խոսակցություններ են շրջում այն մասին, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության շենքից դուրս մասնավոր հանդիպումներ է ունենում «Դեմ եմ» շարժման որոշ նախաձեռնող-ակտիվիստների հետ՝ հորդորելով հետ կանգնել պայքարից: 168.am-ի հարցին, թե արդյոք հանդիպումներ եղե՞լ են «Դեմ եմ»-ի անդամների և վարչապետի միջև, նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը պատասխանեց. «Ոչ, ինչու նման կարծիքներ կա՞ն։ Մենք ասել ենք, հնարավոր է հանդիպում միայն այն դեպքում, եթե կառավարության կողմից կա պատրաստակամություն պարտադիրի բաղադրիչը հանելու»:
ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ