Հայաստանի ամենահակասական կամ ամենաթատերական պաշտոնյան

«Այսօր տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք հիմնարար կերպով փոխում են մարդկանց վարքագիծը: Մտագործունեությունը և նոր գիտելիքների կիրառումը դառնում է առաջնայնություն: Դա նշանակում է, որ կրթության համակարգը պետք է գործի՝ համաձայն արագ փոփոխությունների: Արդյունավետ կրթական համակարգի ստեղծումը ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն է: Եթե կարողանանք կառուցել այն,  ապա մի քանի տարի հետո կունենանք ժամանակակից հասարակություն»,- Ծաղկաձորում կայացած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում և դպրոցներում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին ողջունելով՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ոսկի խոսքեր են: Կրթության դերն ու նշանակությունը կարևորող ավելի ամբողջական մոտեցում դժվար է անգամ պատկերացնել:

Կրթությունը Տիգրան Սարգսյանի համար միշտ եղել է գերակա արժեք, ինչի մասին նա արտահայտվել է վարչապետության ողջ ընթացքում: Այնքան գերակա, որ դա նրան չի խանգարել անգամ անդամակցել մի կուսակցության, որի անդամների զգալի մասը «Մաշտոց» ասելիս, լավագույն դեպքում, հասկանում է «Պրոսպեկտը», իսկ Գյոթե կամ Բիզե արտահայտություններն էլ հայհոյանք չի համարի միայն այն դեպքում, եթե այդ անուններով ռեստորաններ կամ խաղատներ լինեն:

Բայց վերադառնանք Տիգրան Սարգսյանի ելույթի մյուս թեզերին: Խոսելով կրթության այդչափ կարևոր դերի մասին, վարչապետն ասել է, որ կառավարության կարևորագույն գործառույթներից մեկը քաղաքացիների գործունեության և առկա ներուժի ինքնաիրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Կրկին ամեն ինչ ճիշտ է և անառարկելի:

Բայց շարունակելով ընթերցել նրա ելույթի մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունը, հասնում ենք ամենահետաքրքիր մասին: «Այդ տեսակետից՝ վարչապետն ավելացրել է, որ նշված պայմանների ստեղծման հնարավորությունը մեր երկիրը տեսնում է նաև Եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մեջ, քանի որ Մաքսային միության անդամ երկրների խնդիրները, աշխարհընկալումը և արժեքները նույնն են»,- նշված է հաղորդագրությունում, որտեղ մեջբերված է նաև Տ. Սարգսյանի ուղիղ խոսքը:

«Մենք վստահ ենք, որ մեր ջանքերի միավորումը կբերի լավագույն հաջողությունների: Ինտեգրացիոն ծրագրերի իրականացման նպատակներից մեկն էլ քաղաքացիների միջև շփումների խթանումն է»,- ասել է նա:

Շահարկումներից խուսափելու համար (շահարկումը հիմա իշխանությունների ամենասիրելի եզրն է, որից կառչում են՝ ի պատասխան որևէ քննադատության), առաջնորդվենք փաստերի համադրման մեթոդով ու ևս մեկ անգամ արձանագրենք Տ. Սարգսյանի թեզերի հաջորդականությունն ու տրամաբանական կապը: Նա ասում է, թե որքան կարևոր է կրթության դերն արագ փոփոխվող աշխարհում, ընդգծում է ժամանակակից հասարակություն ունենալու համար կրթական պայմանների ապահովման՝ կառավարության պարտավորությունը և ասում է… որ դրա ճանապարհն ինտեգրումն է Եվրասիական տարածքին:

«Արագ փոփոխվող աշխարհ» արտահայտությունն առաջին հերթին՝ ասոցիացվում է գիտատեխնիկական այն առաջընթացի հետ, որն այսօր արձանագրում է արևմտյան գիտական հասարակությունը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների չափազանց արագ զարգացում, գենային ինժեներիա ու արհեստական ինտելեկտի մշակում, վառելիքային ռեսուրսների այլընտրանքային աղբյուրների ստեղծում, և այլն, և այլն:

Ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է նշված և ժամանակակից գիտության զարգացման բազմաթիվ այլ ուղղություններով կատարված որևէ գիտական հայտնագործության որևէ օրինակ ներկայացնել, որ կատարվել է ռուսական, ղազախական, բելառուսական կամ ղրղըզական գիտական տարածությունում:
Տիգրան Սարգսյանը վստահաբար գիտի, որ կրթությունը, գիտությունը, առաջին հերթին՝ ազատ մտածողության արգասիք են: Առանց մտքի ազատության չի կարող լինել կրթություն, որը կդառնա Տ. Սարգսյանի հիշատակած ժամանակակից հասարակության հիմքն ու շարժիչ ուժը:

Տ. Սարգսյանը վստահաբար գիտի նաև, որ Եվրասիական տարածքը, դեպի ուր սլանում է Հայաստանը գիտատեխնիկական առաջընթացի արագությանը գերազանցող տեմպերով, տարածք է, որտեղ ճնշվում է ազատության հետ առնչություն ունեցող ամեն ինչ՝ ազատ խոսքը, կարծիքը, այլակարծությունը, պաշտոնական տեսակետից տարբերվող մտագործունեությունն՝ ընդհանուր առմամբ:  Նա ասում է, որ ինտեգրացիոն ծրագրերի իրականացման նպատակներից մեկն էլ քաղաքացիների միջև շփումների խթանումն է՝ ենթադրաբար նկատի ունենալով, որ Հայաստանում կրթություն ստացողներն ու գիտությամբ զբաղվողները կշփվեն եվրասիական տարածության գործընկերների հետ և կկատարելագործվեն իրենց ոլորտներում:

Կարելի է պատկերացնել, թե ինչպես են, օրինակ, լրագրության ու քաղաքագիտության ապագա մասնագետները շփվելու Կիսելյովի ու Գորդոնի կամ նրանց իրավահաջորդների հետ՝ կատարելագործելու ուղեղների լվացման ունակությունները: Կամ ինչպես են ապագա միջազգայնագետներն ընդօրինակելու Ռոգոզինի ու նրա դպրոցի փորձը: Պակաս ուսանելի չի լինի նաև հայ ճարտարագետների ծանոթությունը ռուսական մեքենաշինության այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են «АвтоВАЗ»-ը կամ «Patriot» ամենագնացն արտադրող  «УАЗ»-ը: Իսկ սիրված «Белару́с» տրակտորներն արտադրող Մինսկի տրակտորային գործարանի հետ կապերն ուղղակի կարող են բեկում առաջացնել Հայաստանի մեքենաշինության ոլորտում:

Կարելի է շարունակել այս օրինակները, որոնք ավելի պատկերավոր կդարձնեն Տիգրան Սարգսյանի հայտարարությունների հակասականությունը: Հակասականություն, որը դրսևորվում է նաև նրա գործողություններում: Տիգրան Սարգսյանն իրականում Հայաստանի ամենահակասական պաշտոնյաներից է, եթե ոչ՝ ամենահակասականը: Նա իր տեսակով, արժեհամակարգով, մղումներով և նպատակադրումներով՝ ամբողջությամբ հակասում է այն համակարգին, որին իր անմիջական մասնակցությամբ պատրաստվում է մաս դառնալ Հայաստանը:

Կամ էլ Տիգրան Սարգսյանն ընդամենը լավ դերասան է և ներկայանում է որպես այդպիսին՝ իրականում լինելով մեկը նրանցից, ում դեմ իբրև թե պայքարում է՝ Հայաստանն «արագ փոփոխվող աշխարհին» համապատասխանեցնելու համար:  Այլապես դժվար է բացատրել՝ ինչպե՞ս մարդը կարող է խոսել կրթության, մտագործունեության կարևորության մասին և ինտեգրվել մի քաղաքական-քաղաքակրթական տարածքի, որի բուհերը տեղ չեն գտնում աշխարհի լավագույն կրթական հաստատությունների անգամ 100-յակում:

Թեև բացատրություններից մեկը, իհարկե, կարող է լինել այն, որ Տիգրան Սարգսյանն ուսանել է Սանկտ Պետերբուրգում՝ դրանից բխող ո՛չ միայն կրթական հետևանքներով:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս