Բաժիններ՝

Արմեն Մովսիսյանը հրաժարվում է մարել «Նաիրիտի» պարտքը

Մոսկվայի արբիտրաժային դատարանի այս տարվա հունվարի 22-ի վճռով «Նաիրիտ» քիմիական գործարանի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունից հօգուտ Միջպետական բանկի պետք է բռնագանձվի 107.95 միլիոն դոլար, իսկ նույն դատարանի մարտի 11-ի վճռով, կրկին հօգուտ Միջպետական բանկի, 25.183 մլն դոլար պետք է բռնագանձվի «Նաիրիտից»:

Բրիտանական օֆշորային Rhinoville ընկերությունն արդեն վաղուց անհետացել է տեսադաշտից: Վարկային մութ գործարքների արդյունքում «Նաիրիտը» ձեռք էր բերել Rhinoville-ին պատկանող իր իսկ բաժնետոմսերը և, որպես ժառանգորդ, այժմ պետք է վճարի թե՛ իր, թե՛ Rhinoville-ի պարտքը:

Բացի բաժնետոմսերի առուվաճառքի փաստից, գործարանը նաև Rhinoville-ին հատկացված վարկի երաշխավորն էր և հենց այդ պատճառով էր Միջպետական բանկը 25 մլն-ի հայցը ներկայացրել «Նաիրիտի» դեմ: Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում, «Նաիրիտը» Միջպետական բանկին պարտք է մոտ 210 մլն դոլար՝ 2006թ. Միջպետական բանկը 70 մլն դոլարի չափով վարկային գիծ էր բացել (Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ Միջպետական բանկի խորհրդի նախագահն էր), իսկ 2009թ. բանկը «Նաիրիտին» ևս 100 մլն դոլար վարկ էր հատկացրել, որի համար որպես երաշխավոր` հանդես էր եկել Հայաստանի Հանրապետությունը՝ գործարանում իր 10% բաժնեմասով:

40 մլն դոլարն էլ Միջպետական բանկի հաշվարկած տոկոսներն են և տույժ-տուգանքները (վարկը բավական բարձր տոկոսով էր՝ տարեկան 12.5%): Ու քանի որ Rhinoville Property Limited-ն արդեն չկա, որպես պատասխանողներ` մնացել են միայն «Նաիրիտն» ու դրա 10%-ի բաժնետեր ՀՀ կառավարությունը: «Նաիրիտն» այսօր գոյատևում է պարտքերով, որոնք օրեցօր մեծանում են, գործարանն, ըստ էության, սնանկ է: Ի՞նչ միջոցներից կամ ո՞ւմ կողմից է վճարվելու Միջպետական բանկի պարտքը: Հնարավո՞ր է՝ դա մարվի պետբյուջեից:

Որքա՞ն ժամկետ է տրված գումարը վճարելու համար, չվճարելու դեպքում ի՞նչ է սպասվում: Այս և մի շարք այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «168 Ժամը» մոտ 1 ամիս առաջ հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Մեզ տրամադրված պատասխանը սկանդալային կարելի է համարել:

Նախարար Արմեն Մովսիսյանի ստորագրությամբ մեզ ուղարկված փաստաթղթում կարդում ենք. ««Միջպետական բանկն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության» գործով Մոսկվայի արբիտրաժային դատարանի վճռով սահմանված 107 մլն դոլար գումարը որևէ կապ չունի ՀՀ բյուջեի հետ և չի կարող վճարվել բյուջետային միջոցներից: Ինչ վերաբերում է «Նաիրիտ» ՓԲ ընկերությանը, ապա այն ևս չի պատրաստվում վճարել այդ գումարը»: Արդյոք Ա. Մովսիսյանն այդքան հեշտությամբ կարո՞ղ է հրաժարվել այդ պարտքից: Մեծ հաշվով՝ սա Հայաստանի պարտքն է Ռուսաստանին, իսկ բոլորը գիտեն, թե այս հարաբերություններում ով է թելադրում (վկա` Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հարցը):

Եվ եթե Միջպետական բանկի պարտքը չեն պատրաստվում փակել ո՛չ բյուջեից, ո՛չ «Նաիրիտի» միջոցներից, իսկ Rhinoville-ն էլ պարզապես խաղից դուրս է եկել, նշանակում է` ՀՀ կառավարությունը որդեգրում է «նստել թախտին, սպասել բախտին» քաղաքականությունը: Ընդ որում՝ «Նաիրիտի» բաժնետոմսերը, ինչպես նախկինում հայտարարել էր ինքը՝ Ա.Մովսիսյանը, պարտքի պատճառով արդեն իսկ պատկանում են Միջպետական բանկին: ՀՀ կառավարության որդեգրած դիրքորոշումը կարող է հանգեցնել նրան, որ մի պածառ օր, պարտքի դիմաց, բացի գործարանից, ՀՀ-ին պատկանող որևէ այլ օբյեկտ ևս կհանձնեն ռուսական կողմին:

Դեռ անցած տարի օգոստոսին մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատվերով «Նաիրիտում» բրիտանական Jacobs Consultancy ընկերության իրականացրած բնապահպանական աուդիտին և նշել, որ դրա արդյունքները դրական չեն գործարանի համար, քանի որ նրանց գնահատմամբ՝ «գործարանը կարելի է աշխատացնել միայն արտադրության բութադիենային տեխնոլոգիայով և ոչ մի դեպքում չի կարելի վերագործարկել կաուչուկի արտադրության ացետիլենային եղանակը»:

Մեր այս հրապարակմանն անմիջապես հետևեց նախարարության հերքումը, ըստ որի` աուդիտի արդյունքները պատրաստ կլինեն միայն 1 ամսից, և մեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նախարարությանն ուղղված հարցման մեջ հետաքրքրվել էինք նաև՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում Jacobs Consultancy ընկերության իրականացրած աուդիտի արդյունքները ստացվե՞լ են, եթե այո` ինչպիսի՞ն է եզրակացությունը, եթե ոչ` ինչո՞ւ է ուշանում:

Անտեսելով մեր այս հարցերը` Ա.Մովսիսյանը միայն նշել է. «Բրիտանական «Jacobs» ընկերությունը «Ռոսնեֆտ» ընկերության պատվերով «Նաիրիտ» գործարանում իրականացնում է տեխնիկական և բնապահպանական փորձագիտություն: Համատեղ աշխատանքները դեռ շարունակվում են: Արդյունքները կներկայացվեն պատրաստ լինելուն պես»: Հերթապահ խոսքերի այս փունջն, ըստ էության, ոչինչ է: Ինչո՞ւ են թաքցնում անցած տարի իրականացված աուդիտի արդյունքները:

Ընդ որում` մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` այս պահին գործարանում ոչ մի աուդիտ էլ չի իրականացվում:

Մեր մյուս հարցադրմանը, թե որքա՞ն է կազմում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների վարձատրության նպատակով «Երևան ՋԷԿ» և «Որոտան ՀԷԿ» ընկերություններից վերցված փոխառությունների գումարը, որտեղի՞ց է մարվելու, և դեռ որքա՞ն ժամանակ է այդ փոխառության մեխանիզմը գործելու, Ա. Մովսիսյանը կրկին պատասխանել է իրեն հատուկ ոճով. ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կողմից աշխատավարձերի վճարման համար փոխառությամբ վերցված գումարները ներառվելու են «Նաիրիտի» արդիականացման ծրագրի մեջ»:

Նախարարի այս պնդումը նշանակում է` տապալել այդ ծրագիրը: Ռուսական կողմը, հիշեցնենք, պատրաստ է ստանձնել «Նաիրիտի» կառավարումը և ներդրումներ կատարել ՀՀ-ում, սակայն` միայն կուտակված պարտքերը մարելու դեպքում: Ուշագրավ է, որ ռուսական կողմի հետ ՀՀ կառավարության սկսած մոտ 1-ամյա բանակցություններին զուգահեռ` անցած տարի հայտնվել էր իրանական մի ընկերություն և դատական կարգով հարց բարձրացրել «Նաիրիտի» սնանկության պահանջով: Ընդ որում, շուրջ 1 ամիս առաջ կայացած նիստից հետո «Նաիրիտի» ներկայացուցիչը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ գործարանը տարիներ առաջ համագործակցել է իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերության հետ: Այսինքն` այս փաստն անհերքելի է:

Ա. Մովսիսյանին հղած մեր մյուս հարցերին ի պատասխան՝ «Ի՞նչ գործարքներ է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ կնքել «SandbadTir INTL Transport Co.LTD»-ն նախկինում, ինչպե՞ս կմեկնաբանեք դատարանում «Նաիրիտի» սնանկության գործով հարուցված վարույթը», նախարարը հարկ է համարել միայն նշել, թե` ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն նամակ է ուղարկել իրանական ընկերության իրավաբանական հասցեով` «գոյություն ունեցող պարտքի» վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ստանալու համար, սակայն «Նաիրիտը» ստացել է պատասխան, որ նշված իրավաբանական հասցեում նման ընկերություն գրանցված չէ»:

Նկատենք, որ որոշ «մութ ուժեր» կասկած են հայտնում, որ սնանկության այս գործն էլ «Նաիրիտի» վարկային պատմությունների հեղինակների ձեռքի գործն է: Ի դեպ, այդ լուծումը ՀՀ կառավարության համար, թերևս, ամենահեշտը կլիներ՝ ազատվելու համար թե՛ կուտակված պարտքերից, թե՛ գործարանի աշխատակիցների պահանջներից, թե՛ վարկային պատմությունների բացահայտման սպառնալիքից: Ամեն դեպքում, սնանկության գաղափարի հեղինակներն առայժմ, կարծես թե, որոշել են սպասողական դիրք գրավել և հայտարարում են սնանկության պահանջը գումարի բռնագանձման պահանջով փոխարինելու մասին:

Ինչևէ, այսօր երեկոյան «Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում» (Գյուլբենկյան 38) ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հրավիրել է մասնագիտական հանրային քննարկում «Նաիրիտում» ստեղծված իրավիճակի և գործարանի հետագա ճակատագրի շուրջ: Հետաքրքիր է՝ Արմեն Մովսիսյանը կմասնակցի՞ այդ քննարկմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս