Ի՞նչ են պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը
2008 թվականի նախագահական ընտրություններից ի վեր Հայաստանի ներքաղաքական կյանքում եղել են առնվազն մի քանի սրված իրավիճակներ, երբ գործող իշխանության դիրքերին իրական կամ իմիտացիոն վտանգ է սպառնացել: Մինչև 2010-2011 թվականները այդ վտանգն առավելապես իրական էր և պայմանավորված էր համաժողովրդական շարժման, ապա դրա մասնակից քաղաքական ուժերի կողմից ձևավորված Հայ Ազգային Կոգրես դաշինքի գործունեությամբ:
Սակայն նախ իշխանության հետ երկխոսության, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ քաղաքագիտական համագործակցության մեջ մտնելուց հետո Սերժ Սարգսյանի իշխանությանը ՀԱԿ-ի կողմից սպառնացող վտանգը աստիճանաբար սկսեց թուլանալ և այդ թուլացմանը զուգահեռ քաղաքական դաշտի օրակարգում սկսեց պարբերաբար հայտնվել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման, համապատասխանաբար՝ գործող իշխանությանը նրա կողմից սպառնացող վտանգի չափաբաժինը:
Անցած տարիներին այդ վտանգը կամ դրա վերաբերյալ տեղեկատվական հոսքերը մեկ ակտիվանում, մեկ պասիվանում էին: Քոչարյանական սպառնալիքի այդ «պարաբոլայի» արդյունքն այն եղավ, որ վերջին հաշվով Հայաստանի քաղաքական դաշտը բաժանվեց երկու բևեռի՝ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի ԲՀԿ-ի շուրջ: Քոչարյանական թեմայի ինչպես ակտիվացման, այնպես էլ պասիվացման ժամանակ քաղաքական դաշտը, մամուլը հեղեղվում էր ու է բազմաթիվ վերլուծություններով, իրատեսական ու դիվային վարկածներով: Բայց այդպես էլ մինչև վերջ չէին ու չեն բացահայվում ոչ այդ վտանգի ակտիվացման, ոչ էլ մարելու իրական դրդապատճառները:
Նույն իրավիճակն է նաև այսօր: Ոչ իշխանական չորս քաղաքական ուժերը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ լայն կոսնոլիդացիա են նախաձեռնել: Որքան էլ նրանք հրապարակավ փորձեն վստահեցնել, որ Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի իրենց համախմբան հետ, դա ոչ միայն համոզիչ չէ, այլև քաղաքական տրամաբանության տեսանկյունից անգրագետ: Թեկուզ միայն այն պատճառով, որ հրաշալի քառյակի գործունեության ինչպես հաջողությունը, այնպես էլ տապալումը ամենամեծ չափով կապված է այն ուժի հետ, որը ստեղծվել է Քոչարյանի կողմից, Քոչարյանի քաղաքական ծրագրերը սպասարկելու համար, և որի հաջողություններով հպարտանում է Քոչարյանը:
Ու հիմա հերթական անգամ գործող իշխանությունը կանգնել է Քոչարյանի կողմից եկող վտանգի կամ սպառնալիքի առաջ: Կրկին տասնյակ վարկածներ են առաջ քաշվում, բազմաթիվ վերլուծություններ են ներկայացվում, թե ինչու, ինչպես և երբ Քոչարյանը կվերցնի իշխանությունը և այլն: Բայց ինչպես բոլոր նախկին նման իրավիճակներում, այս անգամ ևս վերլուծություններից, քննարկումներից դուրս է մնում մի չափազանց կարևոր հարց, որի պատասխանի բացակայությունը առնվազն կիսատ է դարձնում այս թեմայով բոլոր դատողությունները` «ի՞նչ են պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը 2008 թվականին»:
Այս հարցին պատասխանելու համար կրկին տասնյակ վարկածներ կարող են առաջ քաշվել և քաշվում են` սկսած նրանից, որ նրանք պայմանավորվել են ժամանակ առ ժամանակ դիմակայության իմիտացիա ստեղծել` վերջնականապես մեկուսացնելու համար բոլոր մյուս իրական քաղաքական հակառակորդներին ու մրցակիցներին, ինչը և անում են այսօր, վերջացրած նրանով, որ ընթացիկ գործընթացները ոչ թե նրանց միջև պայմանավորվածությունների, այլ հակառակը` դրանց խախտման արդյունք են:
Բայց ոքան էլ արժանահավատ թվան տարբեր կողմերից հնչող այդ վարկածները, միևնույնն է` լիակատար վստահությամբ հնարավոր չէ պնդել, թե որն է դրանցից ավելի իրական: Հետևաբար հնարավոր չէ ամբողջական վստահությամբ ասել` այսօր կատարվողը իրական քաղաքական դիմակայությո՞ւն է, թե՞ պայմանավորվածությունների հերթական դրսևորում:
Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական գործընթացները ծավալվում են երկու անձանց հարաբերությունների հարթությունում: Անձինք, որոնց միավորում է հարուստ անցյալը` այդ բառի ամենալայն ու բազմաշերտ իմաստով, մարդիկ, ում բաժանում է ներկան` ֆորմալ իշխանություն ունենալու և չունենալու իմաստով, և երկու նախագահներ, որոնց հավասարապես բաժանում-միավորում է ապագան` իշխանությունը պահպանելու (առանձին և միասնաբար) կամ կորցնելու տեսանկյունից:
Այսինքն` քաղաքական գործընթացների հիմքում ընկած է մի պայմանավորվածություն, որի մասին ամբողջական ինֆորմացիան հայտնի է ընդամենը երկու անձի: Նրանց անունն է Ռոբերտ Քոաչրայն և Սերժ Սարգսյան: Քանի դեռ նրանցից որևէ մեկը չի հրապարակել իրենց պայմանավորվածությունը, ապա քաղաքական դաշտում կատարվող ցանկացած գործընթաց կարող է լինել ինչպես Ռոբերտ Քոչարյանի կողմից Սերժ Սարգսյանի իշխանությանը սպառնացող, այնպես էլ սպառնալիքի քողի տակ` այդ իշխանությունն ամրապնդող նախաձեռնություն:
Այնպես որ, «հրաշալի քառյակի» գործունեությունն իրականում կախված է «հրաշալի երկյակի» պայմանավորվածությունից, որի մասին չի կարող իմանալ անգամ քառյակի ամենահրաշալի անդամը: Իսկ քանի դեռ դա հայտնի չէ, հայտնի չէ նաև` հրաշալի քառյակը պայքարում է ընդդե՞մ, թե հանուն Սերժ Սարգսյանի իշխանության: