Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկում է Ցեղասպանության ժխտման գործով՝ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի վճիռը
Շվեյցարիայի Արդարադատության Դաշնային Գրասենյակը դիմել է Եվրոպայի Մարդու Իրավունքների Դատարանին (ԵՄԻԴ)՝ վերանայելու Դոգյու Փերինչեքի գործը, համաձայն որի՝ ԵՄԻԴԸ-ը որոշել է, որ Ցեղասպանության փաստը ժխտելու համար Շվեյցարական դատարանների կողմից ֆինանսական և քրեական պատասխանատվության ենթարկող վճիռները մարդու ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակող գործողություններ են:
2007թ. մարտի 9-ին Շվեյցարիայի Կանտըն Վոդ (Canton Vaud) քաղաքի դատարանը վճիռ է կայացրել, որով ազգությամբ թուրք Դոգյու Փերինչեքի հանդեպ ֆինանսական և այլ պատժամիջոցներ են նախատեսվել Հայոց Ցեղասպանության փաստը ժխտելու համար (Հոդված՝ 261bis CC): Վճիռը բողոքարկվել է քաղաքի դատարանում, ինչպես նաև Շվեյցարիայի Գերագույն Դատարանում, սակայն մերժվել է: 2013թ. դեկտեմբերի 17-ին կայացրած վճռով ԵՄԻԴ-ը որոշել է, որ Շվեյցարական դատարանների վճիռները սահմանափակում են ազատ արտահայտվելու իրավունքը:
ԵՄԻԴ-ի կայացրած վճռից անմիջապես հետո Ցեղասպանության և Մարդու Իրավունքների Հետազոտությունների Միջազգային Ինստիտուտը (որը գործում է Զորյան Ինստիտուտի հովանու ներքո), մեկ էջանոց տեղեկատվական նյութ է հրապարակել Շվեյցարիայի ամենահայտնի գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով տպագրվող թերթերում (Neue Zürcher Zeitung-ի մարտի 6-ի համարում, և Le Temps–ի՝ մարտի 7-ի համարում): Անդրադառնալով պատմական ելույթների, Ինստիտուտն իր հրապարակման մեջ նշում է, որ իր դիրքորոշումով դեմ չէ ազատ խոսքի իրավունքին, սակայն գտնում է, որ ԵՄԻԴ-ի վճիռը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ խիստ վիճարկելի հայտարարություններ է պարունակում, ինչը անցնում է Դատարանի մանդատի կամ իրավազորության սահմանները:
Այս հրապարակումից և դրա արդյունքում ԵՄԻԴ-ի կողմից Ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարական դատարանների կողմից պատժամիջոցի կիրառման վերաբերյալ քննարկումներից անմիջապես հետո Շվեյցարիայի կառավարությունը հայտարարեց, որ բողոքարկելու է ԵՄԻԴ-ի վճիռը, որը բեկանում է Դոգյու Փերինչեքի կողմից Ցեղասպանության փաստը ժխտելու համար պատժամիջոցներ կիրառելու՝ Շվեյցարական դատարանների վճիռը: Այսպիսի դիրքորոշմամբ հանդես է եկել Շվեյցարիայի Արդարադատության Դաշնային Գրասենյակը, որով Շվեյցարիայի կառավարությունը դիմում է ԵՄԻԴ-ին՝ ռասիզմի դեմ պայքարելու նպատակով Շվեյցարիայի իշխանությունների կողմից Քրեական Օրենսգրքի կիրարկման սահմանները պարզաբանելու նպատակով: Հակառասիստական օրենքն ըդնունվել է 1995թ-ին՝ Ռասսայական Խտրականության Բոլոր Ձևերի Վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան տեղական օրենսդրությունը համապատասխանեցնելու նպատակով:
ԵՄԻԴ-ի վճիռը և այդ վճիռը բողոքարկող՝ Շվեյցարիայի կառավարության որոշումը նպաստավոր են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և ազատ արտահայտման իրավունքը պաշտպանելու համար՝ անկախ հնարավոր ելքից: Երկու դեպքում էլ ԵՄԻԴ-ում կարող են նախադեպեր ստեղծվել, որոնք ապագայում կօգտագործվեն միջազգային դատարանների կողմից: Մի կողմից, եթե Շվեյցարիայի կառավարության բողոքարկումը հաջողությամբ պսակվի, դրա արդյունքում կստեղծվի նախադեպ, որը կնպաստի ոչ միայն Շվեյցարիայում, այլ նաև հետագայում այլ երկրներում Ցեղասպանության փաստը ժխտելու համար պատժամիջոցների ընդունման հնարավորությանը: Մյուս կողմից, եթե ԵՄԻԴ-ը որոշի, որ Շվեյցարիայի դատարանների վճիռները սահմանափակել են ազատ արտահայտման իրավունքը և իր վճիռն անփոփոխ թողնի, դա նույնպես նախադեպ կստեղծի, որը կարող է օգտագործվել Թուրքիայի կառավարության կողմից 301-րդ հոդվածի կիրարկման արդյունքում ազատ արտահայտվելու իրավունքի խիստ սահմանափակումները, որով սահմանափակվում են Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն Թուրքիայում ապրող անհատների կողմից, այլ նաև խստորեն վերահսկում են այս հարցում Թուրքիայում առկա հասարակական կարծիքը:
Անկախ այս գործի ելքից, երկու դեպքում էլ կստեղծվեն միջազգային իրավունքի համար հիմք հանդիսացող նախադեպեր, որոնք կնպաստեն ազատ խոսքի արտահայտման արդարացի իրավունքի պաշտպանությանը (մասնավորապես 301-րդ հոդվածի հետ կապված) և կզսպեն Թուրքիայի կառավարության կողմից՝ 1915թ-ին Օսմանյան Կայսրության կողմից մեկ ու կես միլիոն հայերի կյանքը խլած Ցեղասպանության ոճրագործության վերաբերյալ խոսքի ազատ արտահայտման իրավունքի պաշտպանությանը:
Պատրաստեց Կամո Մայիլյանը