Ռուսական «Ինտեռսկոլ» ընկերության կեղծ գայլիկոններ հայկական շուկայում
Շուկայում հայտնվել են ռուսական «Ինտեռսկոլ» ընկերության կեղծ շինարարական գործիքներ, մասնավորապես՝ գայլիկոն (дрель): Ինչպես այսօր Ծաղկաձորում մրցակցային խնդիրներին նվիրված սեմինարի ժամանակ հայտարարեց «Ապրանքային նշանների իրավատերերի» իրավաբանական միության ղեկավար Արտակ Միքայելյանը, «Ինտեռսկոլ» ընկերության ապրանքանիշը գրանցված է ՀՀ-ում, բայց անցած տարվանից որոշ մասնագիտացված խանութներում հայտնվել են անհայտ արտադրության, շփոթեցնելու չափ «Ինտեռսկոլին» նման, կեղծ գայլիկոններ, որոնց վրա սակայն չկա արտադրողի հասցեն, սերիական համարը և մի շարք այլ տարբերանշաններ, բայց անվանումը նույնն է, գների տարբերությունը մոտ 2000 դրամ է:
Ըստ Ա. Միքայելյանի՝ իրավախախտին հայտնաբերելը բարդ է, որովհետև վաճառողները պատճառաբանում են, թե կեղծ ապրանքը ձեռք են բերել առանց հիմնավորող փաստաթղթի, քանի որ շրջանառության հարկով են աշխատում, իսկ ներկրումն ապրանքային նշանով չի իրականացվում. «Մաքսային ռեգիստրը 130 նշան ապրանքատերերի է գրանցել և, եթե ներկրողը ցանկանում է ապահովագրվել, ապա ապրանքը ՀՀ-ում գրանցելուց հետո դիմում է ներկայացնում, 2 տարի առավելագույն ժամկետով, 20 հազար դրամ վճարի դիմաց, գրանցում է ապրանքի անունը: Եթե այլ ընկերություն փորձում է կեղծ ապրանք ներկրել նույն անվանումով, դրա մուտքը հանրապետություն կասեցվում է»:
Համբուրգի Սպառողների պաշտպանության կենտոնի ղեկավար Էդդա Կաստելոյի խոսքով՝ դա շատ մեծ հիմնախնդիր է և միայն մաքսային սահմանին դժվար է դրա դեմն առնել, բայց եթե հաջողվում է իրավատիրոջը գտնել, ապա նա մեծ տուգանքների է ենթարկվում. «Կեղծիքը գների առումով մեծ չէ, բայց կեղծ ապրանքը կարող է նաև սպառողի առողջության համար վտանգավոր լինել: Սուերմարկետն է պատասխանատու իր մոտ վաճառվող ապրանքների առաջացրած հետևանքների համար»:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ ՀՀ-ում պատասխանատվության են ենթարկվում իրացման շղթայի բոլոր օղակները և վաճառողից պահանջում են ապրանքը հանել շրջանառությունից: Շաբոյանը տեղեկացրեց, որ սպառողները իրավունք ունեն դատական կարգով փոխհատուցում պահանջել: