Ճագոմ սպիտակ. հինավուրց բուժարարը

Բուժիչ նամակներ

Հին աշխարհում հայտնի հուռութ դեղաբույսերից մեկն է. հատկապես կարևոր ծիսական նշանակություն է ունեցել և ունի կելտական ազգերի համար։ Միայն կելտ իմաստունները` դրուիդները, ունեին ճագոմի ճյուղը կտրելու իրավունք։ Դա կատարվում էր հատուկ` ոսկուց պատրաստված փոքր մանգաղով, ճյուղերն օգտագործվել են գուշակություններ կատարելու համար։ Առավել հարգի է կաղնու ծառի վրա աճող ճագոմը։ Կարևոր է իմանալ, որ հզոր կաղնին դրուիդների կազմած օրացույց-գուշակարանում համապատասխանում է գարնանային գիշերահավասարի օրվան` 21 մարտի (տե՛ս, Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը», Երևան, 2012թ.)։ Դրուիդը կտրում էր ճագոմը ձմեռային արևադարձի օրը` ճիշտ հաշվարկած ժամին, ժողովրդի ներկայությամբ։

Կելտերի մշակույթի ժառանգորդ ազգերը մինչև մեր օրերը զարդարում են իրենց բնակարանները ճագոմի ճյուղերով` Ամանորյա տոներին։ Համարվում է, որ բույսը սեր, երջանկություն և պտղաբերություն կբերի նոր տարում, կպաշտպանի շառ ու փորձանքից։ Այդ օրերին համբուրվում են նույնիսկ անծանոթ մարդիկ, սակայն` միայն ճագոմից հյուսված հատուկ օղակների տակ։

Ճագոմի հանդեպ հատուկ հարգալից վերաբերմունք ունեն նաև ճապոնացիները, ովքեր համարում են, որ բույսը շատ հիվանդություններ է բուժում։

Կարդացեք նաև

Անգլիացիները ճագոմն անվանում են «all-heal»=ամենակարող բուժարար (պանացեա)։
Ձմռանն անտառում կամ այգում տերևաթափ ծառերի ճյուղերի մեջ երբեմն նկատելի են գնդի տեսք ունեցող դեղնականաչավուն կիսաթփեր` մինչև 0,3-1մ տրամագծով, շատերը կարծում են, որ դա արագիլի լքված բույն է։

Հետաքրքիր է, որ բույսի ճյուղերը զարգանում են եղանաձև զույգերով։ Տերևները հակադիր են, կաշվեկերպ, մսոտ, բաց կանաչավուն, երկարավուն նշտարաձև։ Ծաղկում է ձմռան վերջում, ծաղիկները մանր են, դեղնականաչավուն, հավաքված են փնջերով` 3-6-ական։

mistletoeberriesՊտուղը սպիտակ գնդիկ է, ունի մի քանի սև գույնի սերմեր, պարունակում է կպչուն նյութեր։ Հասունացման շրջանում` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, և ձմռան ընթացքում թռչունները կտցահարում են պտուղը, իսկ կպչուն սերմը մնում է դրանց կտուցի վրա։ Փորձելով ազատվել սերմից` թռչունը կտուցը քսում է այլ ծառերի ճյուղերին, սերմն ընկնում է ճեղքերի մեջ և բարենպաստ պայմանների դեպքում` ծիլ տալիս, որը սնվում է «մայր» ծառի կենսահյութերով, կլանում է ածխաթթու գազ և արտադրում թթվածին` մասնակցում է ֆոտոսինթեզին։

Բնության մեջ ճագոմ սպիտակն աճում է արևմտյան, միջին և հարավային Եվրոպայի, Փոքր Ասիայի, Կովկասի, Ղրիմի փշատերև և սաղարթավոր անտառներում, երբեմն` այգիներում։ Հեռավոր Արևելքում հանդիպում է դեղին պտուղներ տվող ճագոմը։ ՀՀ-ում աճում է Սյունիքում և հյուսիսային շրջաններում։
Հին Հունաստանում և Հռոմում օգտագործվել է ընկնավորության, գլխապտույտի և վերքերի բուժման համար։

VIscum_album_fruit_kz

Բույսի բուժիչ հատկությունները ծանոթ են եղել հայ բժիշկներին, գրավոր տեղեկություններ է թողել Ա. Ամասիացին, նա առաջարկել է ճագոմի հյութը կիրառել կոտրվածքների և արյունահոսության, թզի հետ եփուկը` հազի, իսկ չորացրած տերևը` մաշկային հիվանդությունների դեպքում։
Ճագոմի քիմիական բաղադրությունն առաջին անգամ ուսումնասիրել է Պարացելսը։

Հետաքրքիր է իմանալ, որ այդ ուսումնասիրությունը շարունակվում է մինչ մեր օրերը։ ՀՀ-ում տարածված ճագոմի բաղադրությունն ուսումնասիրվել է Երևանի բուսաբանական այգում. այն պարունակում է շաքար, բուսախեժ, օսլա, բուսական ճարպ, օլեինաթթու, դառը դաբաղանյութ, սպիտակուցային նյութեր, հանքային աղեր, ձիթանման կպչուն նյութ վիսցին, մոմ, ուրսոլաթթու, բետա-կարոտին, ֆլավոններ։

Հայկական տեսակները (անկախ «սնող» ծառից) հարուստ են քոլինով, ացետիլքոլինով, գլյուկոզիդներով, սոսնձանյութերով, վիսցինով, սապոնիններով։ Առանձնակի ուշադրության է արժանի վիսկոտոքսինը, որն ունի հակաքաղցկեղային հատկություն.

Ալկալոիդ վիսկոտոքսինը սպիտակ ամորֆ հեղուկ է, որը պարունակում է ամինաթթուներ և շաքարներ, թունավոր նյութ է։ Ճագոմից պատրաստում են մի շարք դեղամիջոցներ։ Խորհրդային ժամանակներում հայրս օգտագործում էր արտասահմանյան դեղահաբեր (Բուլղարիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա) հիպերտոնիկ հիվանդության դեմ, որոնք պատրաստված էին ճագոմի հիմքի վրա։

Վերջին տարիներին ՌԴ-ում թույլատրվել է օգտագործել ճագոմ սպիտակի տերևից ստացված թունդ մզվածքը, որն անվանվել է «օմելին» և խորհուրդ է տրվում` որպես ճնշումն իջեցնող միջոց։

Բույսի դեղաբանական հատկությունները և կիրառական բժշկության մեջ օգտագործելու հեռանկարները մեծ ուշադրությամբ են ուսումնասիրվել Գերմանիայում, որտեղ ճագոմաբուժությունը ձևավորվել է որպես ինքնուրույն գիտություն։ Ապացուցված է, որ ճագոմը ոչնչացնում է ուռուցքի բջիջները և կանխում է մետաստազը։

Միջնադարի բժիշկները նկատել են, որ ճագոմը նպաստում է աղեստամոքսային համակարգի օրգանների, կրծքագեղձերի, թոքերի, միզապարկի ուռուցքների համալիր բուժման ընթացքին։ Ժամանակակից բժշկությունը կարծում է, որ ճագոմի պատրաստուկների դրական ներգործությունը կարելի է բացատրել բույսի մեջ պարունակվող սպիտակուցային նյութերի` քաղցկեղը կանխարգելող հատկությամբ։
Ոգեթուրմ. Ճագոմի 20 գ թարմ մատղաշ ճյուղը և տերևը մեկ ամիս թրմեք 500 մլ օղու մեջ մութ տեղում, սենյակային պայմաններում, քամեք և զտեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ, ուռուցքների դեպքում։
Հիպերտոնիա. 1 թ/գ ճագոմի խոտը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։

  • Ձեր ուշադրությանը ներկայացվող ոգեթուրմը պետք է միշտ լինի հիպերտոնիայով հիվանդի կողքին։ Սա իրական հրաշք է, որը նույնիսկ կարող է փոխարինել դեղահաբերին. Մանրացրեք, խառնեք (1։1։1) ճագոմ, կատվաթաթ (Gnaphalium uliginosum) և կնձմնձուկ (Thalictium foetidum)։ 20 գ հումքը 1 ամիս թրմեք 70%-անոց սպիրտի մեջ, քամեք։ Խմեք 20-ական կաթիլ` օրը 3 անգամ։

Զգուշացում։ Վերոգրյալ և ճագոմից ստացված այլ պատրաստուկները ճիշտ կիրառվելու դեպքում կարող են օգտակար լինել վահանագեղձի բարձր ֆունկցիայի (հիպերտիրեոզի) հետևանքով առաջացած խպիպի դեպքում, սակայն խստորեն հակացուցված են հիպոտիրեոզիվ հիվանդներին, ինչպես նաև` հիպոտոնիայի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի դեպքում, նաև հղիներին։

Աթերոսկլերոզ. Եվս մեկ հրաշալի դեղատոմս, որի մեջ ճագոմն օգտագործվում է սոֆորա ճապոնականի պտղապատիճի հետ (1։1)։ Մանրացրեք (սոֆորայի պտուղը ջարդեք) հումքը։ 20 օր թրմեք օղու մեջ (3։10), պարբերաբար թափահարեք տարան, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։
Զգուշացում։ Խստորեն պահպանեք չափաբաժինները։ Պատրաստուկները խմեք 15-20 օր, ընդմիջեք մեկ ամիս։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Հելմինտոզ. Փոշիացրեք, խառնեք կատվախոտի արմատ, ճագոմի տերև և պտուղ (2։1։1)։ Խմեք կեսական գրամ` քնելուց առաջ, և կերեք միջին գազարի քերուկ։
Հոդացավ, մաշկը մաքրող. Ճագոմի 3 ճ/գ խոտը 8 ժամ թրմեք տաք (60-70C) ջրի մեջ։ Ներմերսեք հոդերին, մաշկի վրա առաջացած նորագոյացություններին կամ դրեք թրջոց։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

Տեսանյութեր

Լրահոս