Հանրային պաշտպան. Մեղադրյալի կալանավորումն ապօրինի է. Փաստինֆո
Շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարվել է ապօրինի ձեռնարկատիրության մեջ մեղադրվող Վալերի Շմավոնյանի գործով նախաքննության ավարտի մասին, սակայն մինչև օրս նախաքննական մարմինը մեղադրյալին ու նրա պաշտպան Անժելա Հոբոսյանին չի տրամադրել 7 հատոր կազմող գործի նյութերը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է պաշտպանը: Որևէ տեղեկություն չկա նաև՝ մերժվե՞լ, թե՞ բավարարվել է իրենց միջնորդությունը՝ մեղադրյալին գործի նյութերը ռուսերեն լեզվով տրամադրելու մասին: Մեղադրանքի էությունն ու գործի հանգամանքները հասկանալու համար անհրաժեշտ է, որպեսզի նյութերը ներկայացվեն ռուսերեն լեզվով. մեղադրյալն, ով 60-ն անց է, չի տիրապետում գրավոր հայերենին, ինչպես նաև՝ հայերեն լեզվով իրավաբանական տերմիններին: Պաշտպանը գործի նյութերին ծանոթ չլինելու պատճառով չի կարող խորությամբ կարծիք հայտնել մեղադրանքի մասին, սակայն, ըստ իր պաշտպանյալի, մեղադրանքը հիմնավոր չէ: Պաշտպանի մասնակցությամբ նրա պաշտպանյալի ու վկայի միջև առերես հարցաքննություն է անցկացվել: «Եթե համարենք վկայի ցուցմունքն ապացույց, մեկ ապացույցը բավարար չէ՝ նրա մեղավորությունը կամ հիմնավոր կասկածը հիմնավորելու համար»,- ասել է Անժելա Հոբոսյանը: Իր պաշտպանյալի օգտին է խոսում նաև այն փաստը, որ, ըստ պաշտպանի, առանց իր մասնակցության քննիչն իր պաշտպանյալին ներկայացրել է փորձագիտական եզրակացություն, ըստ որի՝ հաշիվ-ապրանքագրերի վրա եղած ստորագրությունը Վ.Շմավոնյանին չի պատկանում: Վալերի Շմավոնյանը 2013թ. Ռուսաստանում է տեղեկացել, որ 2005թ. հարուցված քրեական գործով իրեն մեղադրանք է առաջադրվել, հայտարարվել հետախուզում, իսկ դատարանն էլ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: Նա հեռագրեր է ուղարկել բոլոր պետական մարմիններին, այդ թվում՝ հանրապետության Նախագահին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին, հայտնելով, որ որևէ կապ չունի այդ մեղադրանքի հետ: Վ.Շմավոնյանը հավաստիացրել է, որ անպայման կվերադառնա Հայաստան՝ նշելով, որ այս պահին հնարավոր չէ, նյութական միջոցներ չունի, ապա հետագայում դիմել է ՀՀ դեսպանատուն և նրանց օգնությամբ ու աջակցությամբ 2013թ. դեկտեմբերի 13-ին վերադարձել Հայաստան: Ըստ պաշտպանի՝ նույն օրն ևեթ նա ներկայացել է քննիչին, որը կալանավորել է նրան ու ուղարկել պահվելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Քննիչը ներկայացրել է միջնորդություն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան, որպեսզի վերահաստատի 2006թ. ընտրված խափանման միջոցը: Առաջին ատյանի դատարանը 2013թ. դեկտեմբերի 16-ին մերժել է քննիչի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանը գտել է, որ անձն ինքն է ցանկություն հայտնել վերադառնալ Հայաստան, եթե խուսափեր պատասխանատվությունից ու պատժից, բնականաբար, կմնար Ռուսաստանում, բայց չի մնացել, եկել է իրողությունը պարզելու: Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազը բողոք է ներկայացրել դատարանի այս որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան, որն էլ 2014թ. հունվարի 13-ին բեկանել ու փոփոխել է առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարել դատախազի միջնորդությունը՝ կալանքը երկարացնել երկու ամսով, կալանքի ժամկետը հաշվել փաստացի արգելանքի վերցնելու պահից: Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալն այդ ժամանակ եղել է Վերաքննիչ դատարանում, սակայն չի կալանավորվել: Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Վերջինս, ըստ Անժելա Հոբոսյանի, 2014թ. մարտի 18-ի դրությամբ որևէ որոշում կայացրած չի եղել: Այդուհանդերձ, առանց որևէ հիմքի՝ այդ օրը կալանավորել են Վալերի Շմավոնյանին: «Գտնում եմ, որ նրա կալանավորումն անհիմն է ու ապօրինի: Կալանավորելու որոշումը բողոքարկվել էր Վճռաբեկ դատարան և դեռևս ուժի մեջ չէր մտել Վերաքննիչ դատարանի որոշումը»,- ասաց պաշտպանը՝ հավելելով՝ եթե երկու ամսից ավելի (2 ամիս 5 օր) մեղադրյալը եղել է ազատության մեջ, ստացվում է, որ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի եղել ընտրված: Նախաքննական մարմինը պարտավոր չէ ամեն գործով խափանման միջոց ընտրել, և «այդ պայմաններում Վերաքննիչի որոշումից երկու ամիս անց իմ պաշտպանյալին կալանավորելը գտնում եմ ապօրինի»: Պաշտպանը գտնում է, որ իր պաշտպանյալի՝ «փաստացի արգելանքի տակ պահվելու պահը»՝ 2013թ. դեկտեմբերի 13-ն է: Նա երեք օր գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ուստի՝ երկամսյա կալանքի ժամկետն ավարտվում է փետրվարի 13-ին և քննիչը պետք է անձին կալանավորելու նոր միջնորդությամբ հանդես գար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում