«Դ!ԵՄ ԵՄ»-ը՝ պարտադիր և կուտակային ընտրության առաջ
Այսօր Ազատության հրապարակում կայանալու է ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը, որին միացել են նաև ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը: Այսօրվա հանրահավաքը, մեծ հավանականությամբ, բազմամարդ կլինի: Բայց բազմամարդությունը, ինչպես բոլոր հանրահավաքներում, կարևոր, սակայն մեխանիկական ցուցանիշ է:
Ավելի կարևոր է ասելիքը, որ հնչելու է հարթակից:
Պարտադիր կենսաթոշակային համակարգը քննադատող բոլոր հնարավոր ու անհնար փաստարկները հնչել են հարյուրավոր անգամներ, տասնյակ ամբիոններից: Այսօր «Դ!եմ եմ»-ի անդամները պետք է կարողանան հասարակությանը ներկայացնել՝ թե ի՞նչ են անելու հետո գործնականում, քանի որ իշխանությունն այդ փաստարկներից որևէ մեկը չի ընդունում և առաջնորդվում է «քյաշ փողը վեր է ամեն ինչից» սկզբունքով: «Ի՞նչ անել» հարցը, որքան էլ անցանկալի լինի նույն քաղաքացիական նախաձեռնությունների համար, քաղաքական հարթության հարց է, և այդ հարցին գործնական, հետևանքներ ապահովող պատասխան հնարավոր է գտնել միայն քաղաքական հարթությունում, որից «Դ!եմ եմ»-ի անդամները համառորեն խուսափում են: Եվ դա՝ «չքաղաքականացնելը», բացահայտորեն խրախուսվում է իշխանության կողմից: Վկայությունը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին կոչը` ուղղված «Դ!եմ եմ»-ին:
Գովասանքի ու գնահատանքի խոսքեր շռայլելով քաղաքացիական նախաձեռնություններին, նա շեշտել էր, թե ողջունելի է, որ դրանք զերծ են մնում «քաղաքականացվելուց»: Այսինքն՝ իշխանությունը կողմ է ցանկացած «Դ!եմ եմ»-ի, քանի դեռ այն ապաքաղաքական է: Միայն դա բավական է վերջնականապես համոզվելու համար, որ այս հարցում իշխանությանն ինչ-որ բան պարտադրել հնարավոր է միայն քաղաքական տրամաբանությամբ ու քաղաքական գործիքակազմով: Այսինքն՝ ուզեն թե չուզեն, «Դ!եմ եմ»-ի նախաձեռնողները պետք է որոշում կայացնեն՝ թույլ տա՞ն շարժման քաղաքականացում, թե՞ ոչ:
Առաջին դեպքում` կմեծացնեն հաջողության հասնելու հավանականությունը, երկրորդ դեպքում՝ կավելանան իշխանության կողմից իրենց հասցեին հնչող գովեստի խոսքերը: Քաղաքականացվել՝ ամենևին չի նշանակում` դառնալ ոչ իշխանական ուժերի կամակատարը և ծառայել նրանց նպատակներին: Ակտիվիստները կարող են իրենց շարքերից ձևավորել նոր քաղաքական ուժ, իսկ եթե դա չեն ցանկանում՝ կարող են գտնել ձևաչափ՝ իրենց աջակցող կուսակցությունների հետ հարաբերություններում ոչ թե օգտագործվելու, այլ նրանց օգտագործելու համար:
Անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ են ընկած ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայի հիմքում, դա չի նշանակում, որ պետք է տուրք տալ իշխանության կողմից «հրաշալի քառյակին» որպես «բոբո» ներկայացնելու փորձերին ու ամեն առիթով հայտարարել, թե` թույլ չենք տա շարժման քաղաքականացում:
Այսպիսի բազմաթիվ հայտարարություններ, ի դեպ, հենց երեկ՝ հանրահավաքի նախօրեին հնչում էին բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստների շուրթերից:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվում է ամենաբարձր մակարդակում կայացված քաղաքական որոշման արդյունքում՝ երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտի՝ ԱԺ-ի ընդունած օրենքով, քաղաքական կուսակցություններից կազմված կառավարության թելադրանքով: Այսինքն՝ գործ ունենք բացառապես քաղաքական, միայն քաղաքական խնդրի հետ, որի դեմ պայքարողները պատրաստ են օգտագործել ամեն ինչ, բացի քաղաքականությունից:
Դա «Դ!եմ եմ»-ը «Կողմ եմ» դարձնելու ամենակարճ ճանապարհն է, որին հաստատ կողմ կլինի նաև իշխանությունը: Այնպես որ, այսօր վճռորոշ հանրահավաք է: Քաղաքացիական-քաղաքական հանրահավաք: