Գուրգեն Արսենյան. Թող մեզ չմեղադրեն, որ 3-4-րդ դասարաններում մաթեմատիկայի դասերին չենք մասնակցել. Մասնակցել ենք

Հարցազրույցն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հետ

– Նախօրեին ԱԺ փոխնախագահ Էդուադո Շարմազանովը պատասխանելով մեր հարցին` հավաստիացրել է, թե Կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը ՀՀԿ-ական պատգամավորները կողմ չեն քվեարկելու: Դիմելով քառյակին` նա ասել է. «Եթե տեսականորեն իրենք երեք, չորս կամ տասը պատգամավորի հույս ունեն, մենք էլ նույն կերպ կարող ենք քսան-երեսուն պատգամավորի հույս ունենալ այլ դաշտից, դրա համար եկեք չմրցակցենք…»: Հնարավո՞ր է, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչ պատգամավորները չքվեարկեն Կառավարությանն անվստահություն հայտնելու` քառյակի նախաձեռնությանը, անցնեն ՀՀԿ-ի ճամբարը, ինչպես ասել է Է. Շարմազանովը:

– Քանի դեռ իրադարձությունը տեղի չի ունեցել, ես չեմ կարող հաստատել կամ հերքել այն: Դա նման կլինի սուրճի բաժակով գուշակություններ անելու զբաղմունքին: Օրը կգա, հարցը կդրվի ԱԺ օրակարգում, տեղի կունենա քվեարկություն, և եթե նման բան լինի, կարող եք հարցերն ուղղել նրանց, ովքեր չեն մասնակցել քվեարկությանը կամ դեմ են քվեարկել: Հակառակ դեպքում՝ կարող եք Է. Շարմազանովից հարցնել՝ ո՞ւր մնացին այդ երկու տասնյակ պատգամավորները, որոնք իբրև ձեր օգտին պետք է քվեարկեին: Սպասեք, քվեարկությունը կլինի, ամեն ինչ կպարզվի, ինչո՞ւ եք շտապում:

– Պարոն Արսենյան, քառյակի հասցեին քննադատություններ են հնչում, թե ոչ իշխանական խմբակցությունները չեն հաշվարկում, որ ԱԺ-ում մեծամասնություն չունեն, ուստի նախաձեռնությունն անցկացնել չեն կարող: Չե՞ք հաշվարկել, թե՞ իսկապես հույս ունեք, որ ՀՀԿ-ական պատգամավորները կսատարեն ձեր նախաձեռնությանը:

Կարդացեք նաև

– Թվաբանության հետ կապված` ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից և ոչ մեկի մոտ խնդիր չկա, մենք մաթեմատիկայի հետ կապված պրոբլեմներ չունենք: Գիտենք, որ իշխանությունը ներկայացնող պատգամավորների քանակն ավելի շատ է, քան ընդդիմադիր ուժերինը` իրար հետ վերցված, և թող մեզ չմեղադրեն, որ 3-4-րդ դասարաններում մաթեմատիկայի դասերին չենք մասնակցել: Մասնակցել ենք: Խոսքն այն մասին է, որ կառավարությանն անվստահության հարցը բարձրացնող պատգամավորները, որոնք բնակիչների շահերն են ներկայացնում, ասում են՝ չենք վստահում Կառավարությանը, դրա գործունեությանը, արդյունավետությանը:

Եվ մենք բարձրաձայնում ենք բնակիչների դժգոհությունն այս առումով, մեզ հետ են ՀՀ քաղաքացիները, որոնք դժգոհ են գործադիրի աշխատանքից: Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իսկ նրանց, ում դուր է գալիս այդ աշխատանքը, ովքեր շահառու են կառավարությանը, մենք ցույց ենք տալիս հակառակ կողմը, ռենտգենի նման, ռենտգենը ո՞նց է՝ նկարում ես, ցույց ես տալիս, որ ոսկորը կոտրված է:
Այնպես չէ, որ քաղաքական ուժերը, այդ թվում` մեր բլոկը, որը կոչվում է ընդդիմադիր բլոկ, համակերպվել է վատ աշխատող կառավարության հետ: Ո՛չ, մենք չենք համակերպվել ու դրա համար կառավարությանն անվստահություն ենք հայտնում՝ դրսևորելով քաղաքական առողջ մոտեցում: Իսկ եթե կգտնվեն մարդիկ, ովքեր իրականությունը կփորձեն ներկայացնել այլ գույներով՝ իրենց խնդիրն է:

– Դուք մասնավոր շփումներ, կարծես, ունենում եք ՀՀԿ-ականների հետ: Կարո՞ղ եք ներկայացնել ամբողջական պատկերը, ըստ Ձեզ՝ քանի՞ ՀՀԿ-ական կողմ կքվեարկի Կառավարությանն անվստահություն հայտնելու ձեր նախաձեռնությանը:

– Եթե առաջնորդվենք ողջամտությամբ ու հասարակության դժգոհությամբ, որի արձագանքները նաև ՀՀԿ-ականներին են հասնում, ապա այդ դեպքում մեզ պետք է միանա 45 հանրապետական, որովհետև իրենք էլ հասկանում են այս կառավարության գործունեության բովանդակության մեջ եղած թերությունները, իրենց աշխատանքի վնասաբերությունը մեր երկրին: ՀՀԿ-ականները սրտով-հոգով սա հասկանում են, բայց արդյոք կանե՞ն դա, կողմ կքվեարկե՞ն երկրի առողջացման համար, դա իրենց գործն է:Սահմանադրությամբ ամրագրված է, որ պատգամավորն առաջնորդվում է խղճով, համոզմունքներով, կապրենք՝ կտեսնենք, թե քանի հանրապետական է առաջնորդվում խղճով, համոզմունքներով:

– Շատերի կանխատեսմամբ, քառյակի համախմբումը 2017-18 թվականների խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ է տեղի ունենում: Կան տեսակետներ, թե ոչ իշխանական ուժերը պատրաստվում են այդ ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալ: Քառյակի համագործակցությունը դրա՞ն է միտված:

– Գիտե՞ք, դուք կարող էիք ինձ հարցնել նաև 2022-23 թթ. ընտրությունների մասին… մենք այդ գործողությունները 2014թ. ապրիլ ամսում ենք իրականացնում, եկեք խոսենք 2014թ. ապրիլ ամսից, միգուցե սա նվիրված է ֆուտբոլի աշխարհի առաջնությա՞նը, որն ամռանն է տեղի ունենալու: Ինչո՞ւ եք պլանավորում… Այն գործողությունները, որոնք տեղի են ունենում ցանկացած ընտրության ավարտից հետո, միտված են, ուղղված են հաջորդ ընտրություններին, հիշեք սա, սա նորմ է:

– Քառյակի կողմից սկսած գործընթացն, ի վերջո, հանգեցնելո՞ւ է ամբողջական իշխանափոխության:

– Ամբողջական իշխանափոխությունն իրականացնում են ՀՀ քաղաքացիները, բնակիչները, իսկ իշխանափոխության պրոցեսը տեղի է ունենում համապետական ընտրությունների միջոցով:

– Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում քառյակի ղեկավարների հանդիպումը: Ըստ Ձեզ՝ ոչ իշխանական ուժերի առաջնորդների հանդիպումն ի՞նչ կտա, իսկապես կա՞ նման հանդիպման անհրաժեշտություն:

– Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել է այդ հարցը, ուրեմն իր համար կարևոր է: Ես այդ քառյակի ղեկավարներից չեմ, չեմ կարող ասել: Եթե նրանք կարևոր են համարում հանդիպել, ուրեմն թող հանդիպեն, որովհետև ցանկացած հանդիպում բերում է դիրքորոշումների հստակեցման, մոտեցումների, ձևակերպումների ավելի ամրապնդման, այնպես որ՝ օգուտից բացի, վնաս չի լինի, եթե հանդիպեն: Թող հանդիպեն, ձևակերպումները քննարկեն, եթե ոչինչ չստացվի, ընդհանուր հայտարարի չգան, գոնե կիմանան` ով ոնց է, ողջությունները, գոնե մինիմում իրար լավը կցանկանան:

Տեսանյութեր

Լրահոս