«Միգուցե Վլադիմիր Վոլֆովիչն իրեն թույլ տա պատերազմել բոլորի հետ, բայց Կրեմլը` ոչ». Սերգեյ Մարկեդոնով
«Տեսականորեն հնարավոր է, իսկ գործնականում` ճիշտն ասած, դրա համար նախադրյալներ չեմ տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը` պատասխանելով մեր հարցին` հնարավո՞ր է, որ Ռուսաստանը Ղրիմի սցենարը դիտարկի նաև Լեռնային Ղարաբաղում:
Այս համատեքստում անդրադառնալով նաև Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղի լավագույն լուծում այն ևս Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելն է», քաղաքագետը նշեց.
«Նախևառաջ, Ռուսաստանը բոլոր հակամարտություններում գործելու է անհատական մոտեցմամբ: Այսօրվա համաժողովում ես նշեցի, Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում մոտեցները Կովկասին, Հարավային Օսիային, Աբխազիային, Մերձդնեստրին և Ղարաբաղին միանգամայն տարբեր են: Իսկ Վլադիմիր Վոլֆովիչը մեծ օրիգինալ է, նա իրեն կարող է թույլ տալ նման արտահայտություններ, բայց ինքն էլ է հասկանում, որ այդպիսի որոշումը միանշանակորեն կառաջացնի ադրբեջանական կողմի դժգոհությունը»:
Քաղաքագետի խոսքերով` այդ սցենարին դեմ կլինի նաև Թուրքիան և Ադրբեջանը, ուստի այն հավանական չի համարում:
«Այլ հարց է, որ միգուցե այս իրավիճակն Ադրբեջանին հետ կպահի չմտածված քայլերից, սա հնարավոր է, այսինքն` ինչ-որ ռազմական սադրանքներից`«բա որ հանկարծ Ռուսաստանն ինչ-որ բան մտածած լինի»:
Այսինքն`սա կարող է լինել անուղղակի, զսպող գործոն` ստատուս-քվոն պահպանելու համար, բայց ուղղակիորեն Ղարաբաղը միացնել, չեմ կարծում: Ռուսաստանն էլ չի ուզում բոլորի հետ բոլոր ճակատներով կռվել: Միգուցե Վլադիմիր Վոլֆովիչն իրեն թույլ տա նման բան, բայց Կրեմլը` ոչ»,- փոքր ինչ հեգնանքով ավելացրեց Ս. Մարկեդոնովը:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստանի և Ռուսաստանի նախագահների վերջին հեռախոսազրույցը և Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Ղրիմի հարցում, Մարկդեդոնովը պատասխանել է այսպես. «Դա ինքնին հասկանալի է: Քաղաքականությունը, ինչպես հայտնի է, հնարավորությունների արվեստ է: Ի՞նչ պետք է ասի Հայաստանի նախագահը, կարևոր չէ` Սարգսյանն է կամ մեկ ուրիշը: Պատկերացնենք` Տեր-Պետրոսյանն է: Եթե Հայաստանի նախագահը խոսի օկուպացիայի մասին, ապա հաջորդ հարցը, որը նրան կտան, կլինի հետևյալը`«ընկեր, իսկ Ղարաբա՞ղը, չէ՞ որ դու, ՄԱԿ-ի փաստաթղթերի համաձայն, օկուպացրել ես Ղարաբաղի շրջակա շրջանները, ազատիր»: Ճի՞շտ է: Այդ դեպքում` ինչո՞ւ պետք է Հայաստանի նախագահը Ռուսաստանի քաղաքականությունը որակի «օկուպացիա»: Հայաստանի նախագահն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի, ուստի այս պարագայում էլ նա կարծում է, որ Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի»:
Միաժամանակ Սերգեյ Մարկեդոնովը չհերքեց, որ, ամեն դեպքում, Հայաստանի ավելի չեզոք դիրքորոշումն ավելի նախընտրելի կլիներ:
«Ես չեմ կարծում, որ Պուտինը զանգել, ասել է` պարտավոր ես ճանաչել կամ ինչ-որ հրաման է տվել: Իմ կարծիքով` Հայաստանի համար կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Եթե հնարավորություն կա մեկ արտահայտությամբ ինչ-որ հավելյալ միավորներ վաստակել… միգուցե, այստեղ դիտարկվում է այն տարբերակը, որ «այսպիսի մոտեցման շնորհիվ` մի բան կստանանք Ռուսաստանից», միգուցե Ղարաբաղում, միգուցե որևէ միջոց` Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Կրկնում եմ` քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է»,- ավելացրեց Սերգեյ Մարկեդոնովը:
Նշենք, որ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Երևան էր ժամանել` մասնակցելու «ՆԱՏՕ-ի համագործացկությունը և Հարավային կովկասը. ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային համաժողովին: