Բաժիններ՝

«Երկրի վարչատնտեսական բաժանման բարեփոխման քննարկումը մտնում է ավարտական փուլ». Տիգրան Սարգսյանը

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՏԻՄ գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգին: Գործադրի կողմից տնտեսության գերակա ճյուղ հռչակված ՏՏ ոլորտը արագ թափով զարգանում է նաև երկրի մարզերում և համայնքներում: Ծավալվում են հեռահաղորդակցական ենթակառուցվածքները, ընդլայնվում է համացանցից օգտվողների թիվն ու աշխարհագրությունը: Հայեցակարգի շրջանակում իրականացվելիք ՏԻՄ-երի հետագա տեղեկատվայնացումը կստեղծի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման և զարգացման ամուր հիմք, կնպաստի համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, այս հայեցակարգը սերտորեն առնչվում է վարչատարածքային բաժանման բարեփոխման հետ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ճիշտ կլինի, եթե բարեփոխման քննարկումն արդեն հրապարակային դարձվի: «Հանրապետական կուսակցությունում նախագիծը, մոտեցումները արդեն քննարկվել են, – հավելել է Տիգրան Սարգսյանը: – Դրանք բավական բուռն են անցել, հնչել են տարբեր տեսակետներ: Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է լինի այն, որ մենք նոր քննարկումը կազմակերպենք Օրինաց երկիր կուսակցությունում, որպես մեր կոալիցիոն գործընկեր կուսակցություն, լսենք նաև իրենց մոտեցումները, որից հետո կազմակերպենք հանրային դեբատներ: Միգուցե ինչ որ մի պահի մենք արդեն պատրաստ կլինենք նաև լսումներ կազմակերպել խորհրդարանում: Փաստորեն այս հայեցակարգը, որն այսօր ներկայացնում եք, սերտորեն առնչվում է այդ ռեֆորմի հետ, որովհետև ձևավորվելիք հիմնադրամը այն գործիքն է լինելու, որով մենք էապես օժանդակելու ենք նոր վարչատարածքային բաժանման, կայացման գործընթացին»: 
Տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը և դրան ուղղված նպատակային համալիր քաղաքականության իրականացումը, որը ՀՀ կառավարության գործունեության գերակայություններից է, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) տեսադաշտում է դեռ 1996 թվականից: Մտահոգիչ է այն իրողությունը, որ տարեցտարի երկրի տարածքների զարգացման անհամաչափությունը խորանում է: Տնտեսական զարգացումը կենտրոնացել է Երևանում և մասամբ՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում: Տարածքային զարգացման նոր մարտահրավերները թելադրում են ՀՍՆՀ-ի զարգացում և վերակազմավորում՝ տարածքների զարգացման հիմնադրամի, ինչին և այսօր հավանություն է տվել գործադիրը: Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման վերջնաժամկետ է սահմանվել 2015թ. հունվարի 1-ը: Որոշումը միտված է մարզերի համաչափ զարգացմանը, համայնքների խոցելիության նվազեցմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ այժմ ՀՀ մարզերում առկա են մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ դպրոցաշինության, մշակութային, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման և այլ ոլորտներում, կառավարությունը մարզպետարաններին հատկացրել է շուրջ 10 միլիարդ դրամ՝ մարզային և համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնելու համար:
Կառավարությունը որոշել է «ՀՀ ազգային վիճծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի 2/6 հասցեում գտնվող մոտ 75 քառ. մետր տարածքն օտարել մրցույթով: Գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0112 հա հողամասը: Գործարքի նպատակը պետական և ՏԻՄ բյուջեների մուտքերի ավելացումն է, ինչպես նաև տարածքի վիճակի բարելավումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս