Բաժիններ՝

Շինարարական բոլոր կազմակերպությունները աշխատանքի հաշվետվություն կներկայացնեն

Հայաստանում գործող 1600 արտոնագրված շինարարական կազմակերպությունից միայն 778-ը կամ 50 տոկոսն է հաշվետվություն ներկայացնում ՀՀ վիճակագրական ծառայություն: Շինարարության ծավալի վերաբերյալ ամբողջական տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հանդես է եկել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այն ընդունելու դեպքում բոլոր 1600 շինարարական կազմակերպությունները կներկայացնեն հաշվետվություններ, որոնց ամփոփումից հետո կպարզվի երկրի շինարարության ընդհանուր պատկերը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:

Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ կառավարությունն ակնկալում է բարձրացնել շինարարության ոլորտում՝ պետպատվերի շրջանակում իրականացված աշխատանքի ծավալի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների ճիշտ և ժամանակին հաշվարկելու նկատմամբ հսկողության արդյունավետությունը:
Գործող կարգի համաձայն կառուցապատողը շինարարության շահագործման ակտերի ձևը լրացնելուց հետո պետք է դիմի համայնքի ղեկավարին՝ փաստագրման ակտն ստանալու համար, որից հետո միայն օբյեկտի շինարարությունն ավարտված կհամարվի: Այժմ 2 հազար ավարտական ակտից ընդամենը հազարն է ներկայացվել համայնքի ղեկավարին, և փաստագրման ակտի ստացման ժամկետ սահմանված չէ: Փոփոխելով նախկին որոշումը, գործադիրը պայման է ստեղծում, որպեսզի կառուցապատողը գրանցի իր օբյեկտը և սկսի գույքահարկ մուծել, իսկ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղեկություն ներկայացնի համապատասխան գերատեսչության օբյեկտի վերաբերյալ:
Կառավարության որոշմամբ Երևանի ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակված և այդ կապակցությամբ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի տնօրենի լիազորությունը վայր դրած Հովհաննես Թոքմաջյանի փոխարեն հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Գալստյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս