
Էրդողանն Իլհամ Ալիևի հետ քննարկել է գյուլենականների հարցը

Qafqazinfo.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և շնորհակալություն է հայտնել նրան՝ Ադրբեջանում գյուլենականների ցանցը բացահայտելու համար:
Բացի այդ, Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովի պաշտոնանկության կապակցությամբ:
Էրդողանի խոսքերով՝ Ֆեթհուլլահ Գյուլենի գլխավորած «Հիզմեթ» կազմակերպությունը Թուրքիայի կառավարության վրա իր հարձակումներում լայնորեն օգտագործել է Ադրբեջանում իր ցանցի հնարավորությունները: Էրդողանը հավելել է, որ Ադրբեջանում գյուլենականների կառույցներն ազդում են հասարակական կարծիքի վրա՝ այն ուղղելով Թուրքիայի կառավարության դեմ:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի հատուկ ծառայությունները պատրաստել են Ադրբեջանի կառավարությունում գյուլենականների ցանկը, ինչպես նաև Թուրքիայում նրանց ֆինանսավորած կազմակերպությունների ցանկը և շուտով տվյալներ կներկայացնեն նախագահի աշխատակազմի մասին: Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը հետագայում նույնպես կհետևի այդ սկզբունքին:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլն Էլնուր Ասլանովին որակել է որպես «Ադրբեջանի գյուլենականների ղեկավար»: