Ղարաբաղը հանձնում է Հայաստանը
Դժվար է ոչ միայն քաղաքական, այլ անգամ բանական բացատրություն գտնել այն հարցին, թե ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անասելի ուրախություն ապրել Ղրիմի «հանրաքվեի» առթիվ: Հրճվանք, իհարկե, կարելի էր ապրել, սակայն դա առնվազն չարտահայտել նույն օրը, ընդամենը մի քանի ժամ անց, այն բանից հետո, երբ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա կողմից Ղրիմի ղեկավարներ նշանակված պաշտոնյաները ստորագրեցին աշխարհի կողմից Ուկրաինայի մաս ճանաչվող ինքնավար հանրապետությունը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին պայմանագիրը: Ինքնորոշման իրավունքը՞, որին հղում անելով ԼՂ-ի ոչ միայն հանրային շրջանակները, այլ անգամ պաշտոնյաները՝ բացատրում են, թե ինչո՞ւ են ողջունում Ղրիմի հանրաքվեն ու թե ինչո՞ւ են այդ առթիվ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տոնական համերգ կազմակերպել:
Բայց որքան կարելի է կույր կամ խուլ լինել՝ չտեսնելու ու չլսելու համար, որ Ղրիմը ոչ թե անկախ պետություն է հռչակվել, ինչի համար պայքարում է Լեռնային Ղարաբաղը, այլ մտել է մեկ այլ պետության կազմի մեջ: Եվ որքան պետք է կուրությունն ու խլությունն անդրադառնա հանրային ու քաղաքական բանականության վրա, որ գիտակցությունը թույլ չտա հասկանալ Ղրիմի միացումը Ռուսաստանին Ստեփանակերտի սրտում զուռնա-դհոլով տոնելու վտանգավորությունը: Բայց արդյո՞ք տեղի ունեցողն ընդամենը էմոցիաներից բթացած գիտակցության արտահայտություն է, թե՞ հակառակը, շատ գիտակցված՝ կամավոր կամ թելադրված խրախճանք՝ Ղարաբաղը Ռուսաստանի կազմում տեսնելու հեռանկարի առթիվ: Արդյոք Ղարաբաղում բոլորը մտածում են Զորի Բալայանի՞ նման, թե՞ բոլորն այնքան խոցելի են, որ հնարավոր է բոլորին ստիպել այդպես մտածել:
Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում վերածնունդ է համարվում վերադարձը ռուսական տիրապետությանը, և հենց այդ պատճառով է Ղրիմի «մաղարիչը» նշվում հենց «Վերածննդի» հրապարակում: Այս հարցերն ու այս հարցերից ծնվող հարցերը կարող են յուրաքանչյուր մտածող մարդու հասցնել ցնորամտության: Ինչպես փաստի գիտակցումը, որ սեփական արյամբ պետություն ու անկախություն ունենալու իրավունք նվաճած հասարակության քաղաքացիներն ու իշխանությունները կարող են համազգային տոնախմբությամբ կանխավ օրհնել Ղարաբաղը Ռուսաստանի կազմում տեսնելու սհաթը:
Ստեփանակերտում տեղի ունեցող տոնախմբությունը ոչ այլ ինչ է, քան անկախություն ունենալու իրավունքն օտարին հանձնելու շքահանդես: Բայց դա միայն Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքի ընծայման շքահանդես չէ: Այդ իրավունքը Ռուսաստանին հանձնելով՝ Լեռնային Ղարաբաղը հանձնում է նաև Հայաստանը, Հայաստանի Հանրապետության՝ առանց այդ էլ երերված անկախությունը: Ու եթե ժամանակ առ ժամանակ Հայաստանում տարբեր իշխանությունների մեղադրում էին Ղարաբաղը հանձնելու կամ ծախելու մեջ, ապա այսօր, ըստ էության, Ղարաբաղի իշխանությունն է գործնականում Հայաստանը հանձնելու քայլեր կատարում: Գուցե պահպանելու համար նաև Հայաստանի ղեկավարների իշխանությունը, ռուսական տարածքում վերակացուի իշխանությունը: