2009-2013թթ. ներկրած զենքի ծավալով Ադրբեջանը Եվրոպայում երկրորդն է. SIPRI

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ 2009-2013 թվականին սպառազինության գլոբալ վաճառքն աճել է 14 տոկոսով՝ համեմատած նախորդ հնգամյակի հետ: 2013 թվականին զենքի խոշորագույնը գնորդը Հնդկաստանն է, որին զենքի գլխավոր մատակարարը վերջին 5 տարում շարունակում է մնալ Ռուսաստանը:

Այս մասին նշված է զենքի համաշխարհային առևտրի մասին Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում, որը հրապարակվել է երեկ: Դրանում նշված է, որ 2009-2013 թվականներին Հնդկաստանը զենքի ներկրումը մեծացրել է 111 տոկոսով՝ համեմատած 2004-2008 թվականների հետ:

Զենքի համաշխարհային առևտրի շուկայում Հնդկաստանի բաժնեմասը 7 տոկոսից աճել է մինչև 14 տոկոսի: Հնդկաստանի ներկրած զենքի 75 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին: Չնայած դրան՝ Հնդկաստանը վերջին շրջանում փորձում է դիվերսիֆիկացնել զենքի գնման աղբյուրները: Մասնավորապես, նա 2013 թվականին ԱՄՆ-ից գնել է 1.9 միլիարդ դոլարի սպառազինություն:

Եվ այնուամենայնիվ, 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ին բաժին է ընկել Հնդկաստանի ներկրած սպառազինության միայն 7 տոկոսը: Մինչև 2010 թվականը զենքի համաշխարհային առևտրում առաջատարը Չինաստանն էր: Զենքի ներկրման հարցում առաջատար հնգյակում Հնդկաստանից ու Չինաստանից բացի, ընդգրկվել են նաև Պակիստանը (119 տոկոսանոց աճ), ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան:

Եվրոպայում զենքի խոշորագույն ներկրողը Մեծ Բրիտանիան է (գլոբալ ներկրման ծավալի 12 տոկոս), իսկ երկրորդ տեղում՝ Ադրբեջանը (12 տոկոս): 2009-2013 թվականներին Ադրբեջանը զենքի ներկրման ծավալն ավելացրել է 378 տոկոսով՝ համեմատած 2004-2008 թվականների հետ: 2009-2013 թվականներին Ադրբեջանի ներկրած զենքի 80 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին: Ադրբեջանին զենք են մատակարարել նաև Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելն ու Թուրքիան:

Հունաստանը, չնայած իր տնտեսական խնդիրներին, զբաղեցրել է երրորդ տեղը (11 տոկոս): Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարում Եվրոպան 25 տոկոսով նվազեցրել է սպառազինության ներկրումը՝ համեմատած 2004-2008 թվականների հետ:

Զենքի խոշորագույն արտահանողներն են ԱՄՆ-ը (գլոբալ արտահանման 29 տոկոսը), Ռուսաստանը (27 տոկոս), Գերմանիան (7 տոկոս), Չինաստանը (6 տոկոս) և Ֆրանսիան (5 տոկոս): 2009-2013 թվականներին Ռուսաստանը զենք է մատակարարել 52 երկրի:

Տեսանյութեր

Լրահոս