Դուք ո՞նց եք պատկերացնում, Հայաստանը պետք է վերցնի ու ասի՝ մենք Մայդանի սուրբ պայքարի կողքի՞ն ենք…

Ղրիմը, ակնհայտ է, որ Ուկրաինայի վերահսկողության տակ այլևս չի գտնվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներին:

«Հիմա ոչ այնքան կարևոր է Ղրիմը, որովհետև Ղրիմի հետ խաղն ավարտված է, Ղրիմը խաղի միայն մի մասն էր, գործիք, այլ այն, որ Ռուսաստանն ուզում է ազդեցիկ դառնալ նաև Ուկրաինայի արևելյան մարզերում ևս, խոսքը լեզվի, տնտեսության և այլնի մասին է: Ուկրաինան, մեղմ ասած, թուլացած պետություն է ու Ռուսաստանն էլ ասում է, որ ինքը կտոր է ուզում ստանալ Ուկրաինայից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արևմուտքի ու Ռուսաստանի հետագա հարաբերություններին, ապա Ալ. Իսկանդարյանի գնահատմամբ՝ որևէ «լուրջ» բան այստեղ չի կատարվում: Նա հումորով է վերաբերում նաև այն տեղեկություններին, թե ռուս չինովնիկների նկատմամբ սանկցիաներ են կիրառվել՝ նշելով, թե դա կարող է լինել «պայմանավորված»:

«Հիմա այս մասին հստակ չեմ կարող ասել, պետք է հետևել իրադարձություններին և նոր տեսնել: Ռուսաստանը Իրաք կամ Իրան չէ, գերտերություն է ու կայունության առումով կարող է իրեն պահել»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Քաղաքագետի խոսքով՝ Ուկրաինայում վերահսկողությունը կորսված է, ուկրաինական իշխանություններն էլ ունեն շատ քիչ հնարավորություն կայացնելու որոշումներ, որոնք կտարածվեն ամբողջ Ուկրաինայով:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները, Ալ. Իսկանդարյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում ոչ մի մոտիվացիա, Ռուսաստանի ինչի՞ն է պետք, որ Հայաստանը ճանաչի Ղրիմը: Ի՞նչ մի արժեք ունի դա, ինչո՞ւ է դա պետք անել… Կազմակերպել ինչ-որ բանի ճանաչում որոշ պետությունների միջոցով մեծ խնդիր չէ, կան երկրներ, որոնք էժան գներով կարող են լուծել այդ հարցը, բայց ես չեմ տեսնում մոտիվացի, որ Ռուսաստանը ցանկանա նման քայլի դիմել, այս հարցում անգամ Ղազախստանն ու Բելառուսը հետաքրքրություն չեն ցուցաբերում ու մտահոգություն այստեղ չունեմ»:

Նա նշեց, որ Ռուսաստանը ինֆորմացիոն պատերազմում պարտվում է Արևմուտքին, բայց հաղթում է իր ներսում: «Այսինքն՝ այն, ինչ կմտածի մարդը դեպքերի առնչությամբ Պարագվայում, ՌԴ-ի համար քիչ մտահոգիչ է, քան այն՝ ինչ մարդը կմտածի, ասենք, Սինֆերոպոլում: Եվ այստեղ ՌԴ-ն հաջողություններ է արձանագրում»,- նշեց նա:

Հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունների զգուշավորությունն այս հարցում պայմանավորվա՞ծ է Ղարաբաղի հետ, Ալ, Իսկանդարյանը հռետորական հարց հնչեցրեց. «Իսկ ինչո՞ւ է պետք բռնել կողմնակիցներից մեկի ճանապարհը: Դուք ո՞նց եք պատկերացնում, Հայաստանը պետք է վերցնի ու ասի՝ մենք Մայդանի սուրբ պայքարի կողքին ենք, կամ էլ ասի՝ թե մենք Ղրիմի բնակիչների սուրբ պայքարի կո՞ղքին ենք… Ուկրաինայում պաշտոնական տվյալներով ապրում է ավելի քան 100 հազար հայ, այնտեղ ապրում են էթնիկ հայեր, ապրում են Ուկրաինայի ամենատարբեր մարզերում, Մայդանում մահացած հայերի թվում կան հայեր, անգամ պաշտոնյա  հայ կա, ինչի՞ համար է պետք հայտնել դիրքորոշում:

Հայաստանը սպասում է և ցանկացած պետության ձևավորման պարագայում Հայաստանը պետք է կարգավորի իր հարաբերությունները, իսկ հիմա Հայաստանը սպասում է ու, ես չեմ կարծում, թե պետք է դրսևորի այլ կեցվածք»:

Տեսանյութեր

Լրահոս