«Պոստսովպեսիմիզմի» դրոշի ներքո

Պոստսովպեսիմիզմ ասելով՝ հասկանում ենք ոչ միայն նախկին համայնավարական երկրների ժողովուրդների խորտակված պատրանքներն ու խաբված սպասելիքները հետխորհրդային նոր աշխարհակարգից, այլև ողջ աշխարհով մեկ լարվածության, ապագայի հանդեպ անվստահության և միջազգային հարաբերություններում դրսևորվող անորոշության հետևողական աճը:

Արձանագրելով միջազգային հանրության ջանքերով ձեռք բերված ակնհայտ հաջողությունները սառը պատերազմի տասնամյակներում բոցկլտացած ու ծխացած տարածքային հակամարտությունների, ռասայական և ազգամիջյան բախումների, քաղաքացիական տևական պատերազմների կարգավորման գործում՝ այդուհանդերձ պետք է նշել, որ Հարավային Աֆրիկայում, Կենտրոնական Ամերիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում և Միջին Արևելքում դրական տեղաշարժերը չեն մեղմում ահագնացող զարգացումները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև` զարգացած երկրների փոխհարաբերություններում:

Չնայած հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գործունեության շրջանակներում տարածքային հակամարտություններին և ճգնաժամային այլ իրավիճակներին հանգուցալուծում գտնելու՝ մեծ տերությունների որոշակի ջանքերին, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, առավել ևս՝ շրջանային կազմակերպությունները՝ Իսլամական համաժողովը, Արաբական երկրների լիգան կամ Աֆրիկյան երկրների կազմակերպությունը, այլևս մեծ վերապահումներով են ընկալվում իբրև իրենց անդամ երկրների առջև ծառացած կամ ընդհանուր շրջանային նշանակության խնդիրներին լուծում գտնելու ընդունակ արդյունավետ մարմիններ:

Սառը պատերազմի քաղաքական իրողություններին համապատասխան ստեղծված միջազգային կազմակերպությունների և, ինչ-որ տեղ` նրանց հիմքում ընկած իրավական, քաղաքական ու բարոյական սկզբունքների մաշվածությունը և դրանով իսկ՝ այդ կազմակերպությունների հիմնարար վերակառուցման խնդիրը, թերևս, ամենաարդիականն են 1994 թվականի դառը և ուսանելի դասերն առած միջազգային հանրության համար:

Կարդացեք նաև

Միջազգային կազմակերպությունների հեղինակության անկումն ուղեկցվում է մեծ տերությունների ռազմաքաղաքական և տնտեսական եսակենտրոնության աճով, ինչը ճեղքվածքներ է առաջացրել անգամ արևմտյան դաշնակիցների շարքերում: Բալկաններում և նախկին ԽՍՀՄ-ում տարածքային հակամարտությունների հանգուցալուծման շուրջ մեծ տերությունների միջև օրեցօր աճող տարաձայնություններն այն դաշտն են, ուր հաջողությամբ խուսանավում են հակամարտող կողմերը՝ ուժային ճանապարհով հաջողության հասնելու իրենց ձգտման մեջ:

Ոչ թե միջազգային հանրությունը՝ իր սկզբունքայնությամբ և ազգայնական ու կրոնական մոլեռանդության աշխարհով մեկ ծավալումը թույլ չտալու հաստատակամությամբ, սանձեց ազգերի և մարդու ազատության իրավունքը ոտնահարող վարչակարգերին, այլ ընդհակառակը՝ վերջիններս ստիպեցին միջազգային հանրությանը` հաշվի նստել իրենց ներքին և արտաքին քաղաքական հավակնությունների հետ: Ոչ թե համայնավարական համակարգի փլուզումից հետո ձևավորված նորանկախ ժողովրդավարություններն օրինակ դարձան ամբողջատիրական վարչակարգի համար, այլ հետխորհրդային ժողովրդավար վարչակարգերն իրենց իշխանության մի քանի տարում անցում կատարեցին նոր՝ հետխորհրդային ամբողջատիրության:

Տնտեսական բարեփոխումները, որ նախնական հաշվարկներով պետք է հաստատուն ընկերային հենք ստեղծեին ժողովրդավարական քաղաքական համակարգերի համար, ըստ էության, հանգեցրին հակառակ արդյունքի՝ Արևելյան Եվրոպայում մեկը մյուսի հետևից իշխանության վերադարձնելով նախկին համայնավարներին: Որքան էլ այս գործընթացը մտահոգիչ է Արևմուտքի համար, այնուամենայնիվ, այսպես կոչված` «համայնավարության վերադարձը» կանխելու լավագույն այլընտրանքն ազգայնականության վրա հիմնված ամբողջատիրական վարչակարգերը չեն, ինչպես դա փորձում են ներկայացնել արևմտյան և առանձնապես` ամերիկյան որոշ մասնագետներ:

Ակնհայտ է, որ նախ՝ համայնավարության վերադարձի սպառնալիքը խիստ չափազանցված է, և համայնավարական համակարգի վերականգնումը հին ձևով հնարավոր չէ:

Երկրորդ՝ արևելաեվրոպական երկրներում նախկին համայնավարների վերադարձն իշխանության ինքնին որևէ անուղղելի հետևանք չի պարունակում, եթե նրանց իշխանությունը չի վերաճում հակաժողովրդավարական բռնապետական վարչակարգի, իսկ տնտեսության պետական կարգավորման ուժեղացման նրանց ձգտումը չի հակասում բարենորոգումների քաղաքականության համատեքստին:

Արևելյան Եվրոպայում կրկին իշխանության եկած սոցիալիստական կառավարություններից ոչ մեկը դեռևս ո՛չ քաղաքականության, և ո՛չ էլ տնտեսության մեջ բարենորոգումների տրամաբանությունն էապես խախտող քայլերի չի դիմել: Ոչ միայն նախկին համայնավարական երկրների, այլև ողջ Եվրոպայի համար իրական վտանգ կստեղծվի այն դեպքում, եթե տեղի ունենա սոցիալիստների սերտաճում ազգայնականների հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Երրորդ՝ ինչպես ցույց է տալիս իրադարձությունների զարգացումը, ժողովրդավարական սկզբունքներից ամենամեծ հետադիմությունն ապրել են այն երկրները, ուր իշխում են ազգայնական ալիքի վրա ժողովրդավարական կարգախոսներով իշխանության հասած վարչակարգերը: Նրանք են, որ ժողովրդավարական բարեփոխումների քողի տակ ապաշնորհ կերպով կազմալուծեցին իրենց երկրների տնտեսությունը, իսկ հետո ազգային հարստությունների շահադիտական թալանով հասցրին այն քաոսի աստիճանի:

Նրանք են, որ քաղաքական վարկի կորստից և ժողովրդավարական ընտրությունների հետևանքով իշխանությունը զիջելու հնարավորությունից վախեցած՝ ձևավորել են հստակ արտահայտված բռնապետական վարչակարգեր՝ կոպտագույնս ոտնահարելով քաղաքական ազատությունները: Ժողովրդավարական սկզբունքներից հրաժարված, գաղափարախոսական որևէ հենք առաջարկելու անընդունակ այդ իշխանությունները պարզել են մերկ ազգայնամոլության դրոշը՝ արտաքին և ներքին ողջ քաղաքականությունն ուղղելով միայն մեկ նպատակի՝ սեփական իշխանության պահպանմանը: Հենց այս երկրներում է, որ ժողովրդավարական զանգվածները հասել են անելանելիության ամենաբարձր աստիճանին՝ իրական սպառնալիք ներկայացնելով շրջապատի համար:

«Պոստսովպեսիմիզմը» կարող է վերաճել մեծ ողբերգության, եթե «մաքուր» կամ «սոցիալիստականացված» ազգայնականությունը տիրապետող դառնա հետհամայնավարական տարածությունում՝ իր ազդեցությամբ խթանելով նաև Արևմուտքի մեծ տերությունների եսակենտրոն նկրտումները:

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոն
Հայացք Երևանից, քաղաքագիտական հանդես, թիվ 1, հունվար, 1995, էջ 2-4

Տեսանյութեր

Լրահոս