Խորհրդային միությունը դեռ չի՞ փլուզվել կամ՝ «պերեստրոյկա-2014»

Մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում անցկացված հանրաքվեի արդյունքները որևէ մեկի համար անակնկալ չդարձան:

Ըստ Ղրիմի հանրաքվեի անցկացման հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևի հայտարարության`քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ավելի քան 96 տոկոսը քվեարկել է ՌԴ-ին վերամիավորվելու օգտին, իսկ հանրաքվեին մասնակցել է Ղրիմի բնակչության 83,1 տոկոսը: Անկախ արևմտյան պետությունների և կառույցների կողմից դատապարտող հայտարարություններից և այս հանրաքվեն անօրինական համարելուց, այդուհանդերձ, դրա արդյունքների հայտնի դառնալուց հետո Ղրիմի վերջնական ռուսականացման գործընթացն ավելի սրընթաց դարձավ: Նույնիսկ ընդունվեց որոշում, որ մարտի 30-ից Ղրիմն անցում է կատարելու մոսկովյան ժամանակին:

Բայց մինչ այդ` մարտի 17-ին, Ղրիմի Գերագույն ռադան ընդունեց առավել կարևոր որոշում` Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը Ղրիմի Հանրապետություն վերանվանելու և այն անկախ պետություն հռչակելու մասին: Ընդունված փաստաթղթում ընդգծվում է, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադան, ելնելով Ղրիմում անցկացված ուղիղ կամարտահայտման` հանրաքվեի, արդյունքներից, և առաջնորդվելով մարտի 11-ի անկախության հռչակագրով, Ղրիմը հռչակում է` որպես անկախ, ինքնիշխան պետություն` Ղրիմի Հանրապետություն, որում Սևաստոպոլ քաղաքն ունի հատուկ կարգավիճակ:

Հիշեցնենք, որ Ղրիմի անջատողական տրամադրությունները սկսվեցին նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանության փաստացի տապալումից (փետրվարի 22) հետո: Փետրվարի 27-ին անհայտ անձինք, որոնց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետագայում անվանելու էր «ինքնապաշտպանական ուժեր», գրավեցին Սիմֆերոպոլում Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը, որոնց վրա բարձրացվեց Ռուսաստանի դրոշը: Ավելի ուշ Գերագույն ռադան, որը կազմավորեց նոր կառավարություն, որոշում ընդունեց Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ընդգրկելու վերաբերյալ: Մարտի 16-ին կայացած հանրաքվեն ընդամենը պետք է հաստատեր կամ մերժեր այդ որոշումը:

Կարդացեք նաև

Գերազանցապես էթնիկ ռուսներով բնակեցված Ղրիմի հանրաքվեին դրվել էր ինքնավարության հետագա կարգավիճակի հարցը` հետևյալ հարցադրմամբ. «Համաձա՞յն եք Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի հետ` ՌԴ սուբյեկտի իրավունքներով, թե՞ դուք կողմ եք 1992թ՚ Ղրիմի Հանրապետության սահմանադրությանը և Ղրիմի` Ուկրաինայի մաս համարվելու կարգավիճակին»:

Ղրիմի գործընթացներին համակ ուշադրությամբ հետևում է նաև Հայաստանի հասարակությունը և հայկական մամուլը, և այդ առումով` առաջին հերթին հետաքրքիր է, ի վերջո, պարզել Հայաստանի պաշտոնական վերաբերմունքը: Սակայն, բացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններից, առայժմ Ուկրաինայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ որևէ հստակ դիրքորոշում չկա: Նշենք, որ Դուբլինում ունեցած իր ելույթի ժամանակ Ս. Սարգսյանը ցավակցություն էր հայտնել Կիևում մարդկային զոհերի կապակցությամբ և հույս հայտնել, որ կգտնվեն լարվածության թուլացման լուծումներ, մարտի 10-ի ասուլիսում նմանատիպ հայտարարություն էր արել նաև արտգործնախարարը:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ և ճշտել արտգործնախարարության դիրքորոշումը Ղրիմի հանրաքվեի առնչությամբ:
«Ճանաչո՞ւմ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը Ղրիմի հանրաքվեի արդյունքները, և ո՞րն է ՀՀ-ի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ» հարցադրումն ուղարկեցինք նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին, ով առայժմ չի պատասխանել մեր հարցին:

Artak Zakaryan photoՓոխարենը «168 Ժամին» որոշ գրավոր մեկնաբանություններ տվեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ով ևս, ըստ էության, խուսափեց հիշատակված հարցին կոնկրետ պատասխան տալուց: «Ղրիմում անցկացված հանրաքվեն Ուկրաինայում և նրա շուրջ ծավալված արտաքին ու ներքին քաղաքական զարգացումների հերթական փուլն էր, որի արդյունքները բնավ անակնկալ չէին: Իմ տպավորությամբ` հանրաքվեի գործընթացն ի սկզբանե սպասելի էր նաև Ուկրաինայի ներքաղաքական զարգացումների համատեքստում»,- նշեց Ա. Զաքարյանը:

Պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հայկական մամուլում և քաղաքագիտական շրջանակներում ԼՂ-ի և Ղրիմի հարցերի միջև որոշ համեմատությունները, Ա. Զաքարյանն ասաց. «Ինքնորոշման իրավունքի կիրառման համար, յուրաքանչյուր դեպք ունենում է իր ուրույն պատճառներն ու նախադրյալները` պատմական, էթնո-քաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգային, մշակութային և այլ դրսևորումներով: Ես չեմ ցանկանում զուգահեռներ տանել Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, որովհետև Ղրիմի պարագայում խոսքը գնում է խաղաղ ճանապարհով մի պետության կազմից մեկ այլ պետության կազմ անցնելու մասին: Բայց միևնույն ժամանակ` ակնհայտ է, որ այդ գործընթացը տեղի է ունենում հանրաքվեի միջոցով, որի հիմքում ընկած է ինքնորոշման իրավունքը»:

S«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն էլ ընդգծեց, թե Ղրիմի հանրաքվեն չափազանց կանխատեսելի էր, սակայն նա հանրաքվե բառը վերցրեց չակերտների մեջ:
Սաֆարյանի խոսքով` Ղրիմի անջատման առաջին ազդակը ռուսական զորքերի ներխուժումն էր, և «հանրաքվեն» ընդամենը պետք էր այդ անջատմանն իրավական ուժ տալու համար: «Բոլորս ենք հասկանում, որ խոսքն այդ ինքնորոշման անվան տակ ռազմական անեքսիա իրականացնելու մասին է»,- ասաց ժառանգականը:

«Թեև մի կողմից` այդպիսի գնահատականները բավական տարածված են, բայց մյուս կողմից` ակնհայտ էր, որ Ղրիմի բնակչությունը խանդավառությամբ էր գնում այդ հանրաքվեին և իսկապես կողմ արտահայտվեց ՌԴ-ի հետ վերամիավորվելուն, արդյոք չպե՞տք է հարգել Ղրիմի ժողովրդի կարծիքը». մեր այս դիտարկմանն ի պատասխան` Սաֆարյանն ասաց. «Ես էլ, Դուք էլ, մյուսներն էլ վստահաբար գիտենք` եթե ՌԴ կազմում Թաթարստանը, Դաղստանը, Չեչնիան կամ մեկ այլ հանրապետություն ուզենա անկախանալ, ապա Ռուսաստանը դա թույլ չի տա: Այսինքն` խոսքն ամենևին այն մասին չէ, որ ՌԴ-ն օգնեց կամ աջակցեց այնտեղ ապրող ժողովրդի անկախության ձգտմանը: Ղրիմը, ըստ էության, երբեք ցույց չի տվել անկախ ապրելու նշաններ: Եվ հանկարծ Ղրիմի ռուս բնակչությունը որոշեց միանալ ՌԴ-ին այն պահից հետո, երբ ՌԴ-ն նրանց դա ասաց»:

Սաֆարյանը չհերքեց, որ Ղրիմում ԽՍՀՄ փլուզումից հետո մշտապես եղել է դժգոհություն Կիևի կենտրոնական իշխանության նկատմամբ, քանի որ Ուկրաինան, իր խոսքերով, ՀՀ-ի պես մի երկիր է, և այդ երկրները վերջին 23 տարիներին լավագույն դեպքում կարողացել են իրենց մայրաքաղաքները դեկորատիվ տեսքի բերել, իսկ ծայրամասերն անտեսված են եղել: Սակայն մյուս կողմից` նա նշեց, որ դա չի կարելի խտրականություն համարել:

Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը` Ս. Սաֆարյանն ասաց, թե հանրաքվեի արդյունքները ճանաչելն այլ հարց է, և Հայաստանը, չմտնելով միջազգային իրավունքի դաշտ, կարող է բավարարվել հայտարարությամբ, որ «Հայաստանը հարգում է ցանկացած ժողովրդի ազատ կամարտահայտումը», բայց ոչ ավելին: Միաժամանակ նա ավելացրեց. «Ես չգիտեմ աշխարհում որևէ ճանաչման գործընթաց, երբ որևէ պետություն ճանաչել է որևէ երկրի նոր շրջանի միացումը, նման բան չկա: Այդ առումով` կարծում եմ, որ ՀՀ-ն մեծագույն ցանկության դեպքում էլ չի կարող ճանաչել: Նույնն է, որ մենք ճանաչենք Ստավրոպոլի մարզը, Ալյասկան, Սիբիրը, դա ուղղակի անհեթեթություն է: Ներեցեք, ՀՀ-ն անգամ ԼՂ-ի անկախությունը չի ճանաչել, ի՞նչ Ղրիմի ճանաչման մասին կարող է խոսք լինել»:

tigran urixanyan«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին, կարծիք է հայտնել, թե միջազգային նորմերի համաձայն, չի կարելի ականջալուր չլինել Ղրիմում բնակվող ժողովրդի այս կամ այն դիրքորոշմանը: Սակայն մյուս կողմից` նա ավելացրել է. «Գերակա պիտի լինի Ուկրաինայի ժողովրդի որոշումը, նրա կամարտահայտություն, ցանկացած դիրքորոշում, որը կընդունի ամբողջական, հավաքական, գերակշռող մասը Ուկրաինայի ժողովրդի: Ցավոք սրտի, մինչ օրս ամբողջ ժողովրդից առանց հատվածականության, ընդհանուր, հավաքական, ամբողջական դիրքորոշում դեռևս չի արտահայտվել»:

Aram Manukyan12Իսկ ԱԺ «ՀԱԿ» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցի առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց. «Երբ խնդիրը վերաբերում է, մի կողմից` երկու հզոր աշխարհաքաղաքական բևեռների բախմանը (ընդ որում, խնդիրը շարունակական է և դեռ չի լուծվել), և երկու կողմերում էլ կան բազմաթիվ հայեր` թե՛ Ղրիմի, թե մյուս շրջանների բնակիչներ, ապա, կարծում եմ, այս փուլում հայերը, հայկական կառույցները և Հայաստանի իշխանությունը պետք է հնարավորինս զերծ մնան գնահատականներ տալուց, քանի որ դա կարող է լարել իրավիճակը: Այսինքն` մենք կարող ենք ունենալ տեսակետներ, մոտեցումներ, բայց պետք է մի փոքր զերծ մնալ գնահատականներ տալուց` կրակի վրա յուղ չլցնելու համար»:

Vahram Ter-MatevosyanՊատմաբան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանի կարծիքով ևս` ՀՀ-ի դիրքորոշումը Ղրիմի հարցում պետք է լինի հնարավորինս զգուշավոր: «Եթե Հայաստանն առաջ անցնի մյուսներից և հայտարարի, որ հանրաքվեի արդյունքներն ընդունելի են, դրանով կարող է քննադատության ալիք վերցնել իր վրա, ինչն այս պահին անիմաստ եմ համարում: Մյուս կողմից` սա ևս մի հնարավորություն է, որպեսզի Հայաստանը կարողանա միջազգային իրավունքի տեսակետից հասկանալի լեզվով ներկայացնել, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարունակում է գերակա մնալ: Ըստ իս` ՀՀ-ի դիրքորոշումը պետք է լինի այնպիսին, որ գոնե հայտարարությունների մակարդակով արտացոլվի մեր պետական շահը, մեզ համար գերակա է ժողովրդի ձայնը, ժողովրդի իշխանության ամրապնդումը, արդար ընտրությունները, բռնության բացառումը և այլն: Այսինքն` այս պահին այնքան էլ ճիշտ չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ դառնալ և փորձել ինչ-որ հայտարարություններով պղտոր ջրում ձուկ բռնել, որովհետև ամեն ինչ դեռ եփվում է և դեռ բյուրեղացման փուլում է: Այս հանրաքվեով պրոցեսը չի վերջանում, այլ միայն սկսվում է: Բայց միաժամանակ պետք է անցյալից դասեր քաղել, նկատի ունեմ` Հայաստանը պետք է կարողանա իր համար տարորոշել, որ մենք լայն առումով բաց թողեցինք Կոսովոն»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Տեր-Մաթևոսյանը: Պատմաբանը նաև ներկայացրեց իր բացատրությունը, թե որն է ընդհանրապես ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը:

«Անհրաժեշտ է հասկանալ, որ Խորհրդային Միության փլուզումը դեռ չի ավարտվել. այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, Ուկրաինայում, Մոլդովայում և հետխորհրդային տարածքի այլ երկրներում, ԽՍՀՄ-ի փլուզման շարունակությունն է: Այսինքն` ԽՍՀՄ տարիներին ստեղծված բոլոր արհեստական միությունները, ազգակերտման ուտոպիստական գաղափարների բացասական հետևանքները շարունակում են իրենց զգացնել տալ»,- նշեց մեր զրուցակիցը:

Manvel Sargsyan (1)Իսկ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ի պատասխան մեր հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն արձագանքում Ուկրաինայի և Ղրիմի իրադարձություններին, ասաց, թե չեն արձագանքում, որովհետև չունեն պատկերացում, չգիտեն, թե ինչ անեն: Խոսելով ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացների մասին` Մանվել Սարգսյանը կարծիք հայտնեց, թե համաձայն չէ, որ դա կարելի է համարել համաշխարհային ուժային կենտրոնների համատարած առճակատում: «Բոլորը գտնվում են նույն կաթսայում, բոլորն էլ գիտեն, որ հին աշխարհակարգը և նրա սկզբունքները կորցրել են իրենց արդյունավետությունը: Տեսնո՞ւմ եք, գերտերությունների ղեկավարները ժամերով իրար հետ հեռախոսազրույցներ են ունենում, ի՞նչ են խոսում ժամերով: Սա առճակատում չէ: Եթե առճակատում լիներ, ռուսական զորքերը շատ վաղուց կանգնած կլինեին Կիևում:

Նրանք ոչ թե վախենում են կրակելուց, այլ խնդիրը շատ ավելի խորքային է, ուժն էլ արդեն չի աշխատում: Եվ ես կարծում եմ, որ սա ինչ-որ տեղ կարելի է համարել «պերեստրոյկա-2014», ինչպես եղել է «պերեստրոյկա-1991»-ը: Այսինքն` սկսվել է աշխարհի վերափոխման ակտիվ մի փուլ, և խնդիրը նույնիսկ եկել-հասել է միջազգային իրավունքի սկզբունքներին»,- նշեց Մ. Սարգսյանը:

Edward Nalbandyan and the OSCE Chairperson, Minister of Foreign Affairs of Ukraine Leonid Kozhara 6Հ.Գ. Երեկ երեկոյան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի՝ Ղրիմի հանրաքվեին վերաբերող հարցերին:
Հարց. Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո:
Պատասխան. Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա:
Հարց. Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։
Պատասխան. Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի` սեփական հողի վրա ապրելու և արարելու, իր ճակատագիրը տնօրինելու` իրավունքի ապահովման գերակայությանը։ Եռանախագահող երկրների հետ մենք շարունակելու ենք համատեղ ջանքերը` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս