Հովիկ Մուսայելյան. «Շահութահարկից ազատելը կապ չունի կենսաթոշակային պարտադիր վճարների հետ»

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով շոշափելի արտոնություններ են տրվում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ստեղծվող նոր (ստարթափ) ընկերություններին: Մասնավորապես` այդ ընկերություններն  ազատվելու են շահութահարկից, իսկ եկամտային հարկը կազմելու է ընդամենը 10 տոկոս:

Նախագիծը շուտով կուղարկվի ԱԺ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նման նախագծի անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ ՏՏ ոլորտի մեր մասնագետներն իրենց աշխատանքի արգասիքը վաճառելու համար ընկերություններ են գրանցում հարկային ավելի բարենպաստ ռեժիմներ ունեցող երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, և հենց այդ ընկերությունների միջոցով էլ վաճառում են դրանք: «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով արտոնություններին՝ ասել է. «Խոսքն այն նորաստեղծ ընկերությունների մասին է, որոնք փոքր են՝ ստարթափ, մինչև 15 հոգանոց աշխատակազմերով, և այնտեղ կառավարության կողմից հստակ սահմանվելու է հսկողություն, որպեսզի այլ գործունեությամբ զբաղվող ընկերություններն այդ օրենքի տակ չընկնեն, և որպեսզի Հայաստանում գործող ձեռնարկությունները պատվիրատու չդառնան այդ ստարթափ ընկերությունների համար, հակառակ դեպքում՝ մենք կունենանք իրավական կարգավիճակների փոփոխություն, և առանձին ընկերությունները կբացեն իրենց ստարթափ բազային ընկերությունները՝ իրականացնելով նույն բիզնես գործունեությունը, սակայն օգտվելով այդ արտոնություններից»:

Ըստ Հ. Մուսայելյանի՝ «Սա առաջին լուրջ քայլն է: Եվ այս քայլերը պիտի իրենց տրամաբանական հաջորդականությունն ունենան, մասնավորապես՝ կրթության բնագավառում կատարած ներդրումների առումով: Իմ խորին համոզմամբ՝ այն ընկերությունները, որոնք կրթության մեջ իրենց լուման ունեն, ևս պետք է ազատվեն ինչ-որ հարկերից: Օրինակ, մի քանի օր առաջ ՏՏ զարգացմանն աջակցման խորհրդի (ՏՏ ԶԱԽ)-ի նիստում քննարկվում էր գրանտները հարկերից ազատելու խնդիրը:  Բավականին երկար քննարկումներ տեղի ունեցան այն հարցի շուրջ, թե արդյոք իմաստ ունի՞ այդ գրանտները հարկերից ազատել, թե՞ ոչ: Իմ կարծիքով, եթե այդտեղ կա կրթական և գիտական բաղադրիչը,  ուրեմն արժե դրանց ազատել ավելացված արժեքի հարկից: Հիմա, եթե կառավարությունը տեսնի, որ ստարթափներն արդյունավետ աշխատում են, նաև համոզվի, որ դա ուղեղների արտահոսքի վրա լուրջ արգելք է դնում, և բացի այդ՝ երիտասարդների մոտ տեղեկատվական տեխնոլոգիական ձեռներեցությունն է զարգանում, ինչո՞ւ մի քանի տարի հետո, ասենք, 5%-ով չնվազեցնի, կամ ընդհանրապես չազատի նրանց հարկերից»:

Հարցին, թե կարծիքներ կան, որ այս օրենքը հատուկ է հիմա առաջ քաշվում, որպեսզի մեղմացնի պարտադիր կենսաթոշակայինի հետ կապված բողոքի ալիքը, «Սինոփսիս Արմենիայի» տնօրենը պատասխանել է. «Կարծում եմ՝ դրանք առանձնապես կապ չունեն իրար հետ: Դա այնքանով կապ ունի կենսաթոշակայինի հետ, որ մի քանի հարյուր աշխատող, որոնք պետք է աշխատեն ստարթափ ընկերություններում՝ քիչ եկամտահարկ կմուծեն և ավելացած մաքուր եկամտի հաշվին կմուծեն կենսաթոշակայինի բաղադրիչը՝ առանձնապես չտուժելով:

Կարդացեք նաև

Բայց դա էլ կախված է իրենց ընդհանուր եկամուտներից, իրենց աշխատավարձի չափից: Ստարտափ բազմաթիվ ընկերություններ ամիսներով, կամ մի տարի կարող են վնասով աշխատել՝ իրենց համեստ խնայողություններն օգտագործելով, կամ պարտքով ընկերներից և ծնողներից գումար վերցնելով, որովհետև մինչև նրանք կայանան, իրենց գումար է պետք: Բանկերից գումար վերցնելն իրատեսական չէ, քանի որ ռիսկային գործոնը մեծ է, ինչպես արդեն նշվել է»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս