Բաժիններ՝

«Տեսանք երեք գեղ. երկուսի տեղն իսկի չի երևում, մնում էլ իսկի շենլիկ չկա»

Նոյեմբերյանի 14 գյուղերից յոթը սահմանամերձ է՝ Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս, Ոսկեպար, Ջուջևան, Դովեղ, Բերդավան: Հարցին, թե պաշտոնական տվյալներով որքա՞ն մարդ է արտագաղթել վերջին 20 տարիներին, տեղացի պաշտոնյաները լակոնիկ են պատասխանում՝ «Շա՜տ»:

Գրեթե ամենօրյա գնդակոծություններն այնքան սովորական են, որ երբ գրող, ծնունդով՝ բերդավանցի, Աշխեն Աբազյանին հարցնում եմ. «Բայց ինչպե՞ս եք դիմանում», կարեկցանքով նայում է՝ «Գնդակոծությունը գյուղացիներին անհանգստացնող պատճառներից երևի թե ամենաանկարևորն է: Գյուղացիներն ունեն անհանգստանալու ավելի լուրջ պատճառներ»:

– Երբ 1989-90-ականներին Նոյեմբերյանում սկսվեցին ռազմական գործողությունները, որևէ մեկը գյուղից հեռանալու մասին չէր էլ մտածում. բոլորիս խնդիրը մեկն էր՝ սա մեր հողն է, մեր երկիրն է, մեր գյուղն է, թշնամին ո՞վ է, որ գա տունս գրավի: Պատերազմի ժամանակ մենք ուրիշ ժողովուրդ էինք: Ուրի՛շ: Ափսո՜ս… Ի՜նչ տղաներ էին…

– Ինչո՞ւ եք անցյալով խոսում. այդ տղաներից շատերն այսօր էլ ողջ ու առողջ են:

tikin Ashxen– Եկեք, մնացեք մի քանի օր այդ գյուղերում, ու կտեսնեք, թե ինչ են դարձել այն տղաները, որոնք ժամանակին պաշտպանում էին իրենց հողը, ինչ հուսահատության մեջ են: Հիշում եմ. կռվի թեժ շրջան էր, Մառնեուլում ըՁՀ էր վաճառվում. կա՛մ մենք պիտի գնեինք, կա՛մ ադրբեջանցիները, ով ավելի շատ փող կտար: Գյուղով հավաքվեցինք, ով ինչքան գումար ուներ հավաքած, դրեց, բայց գնել չհասցրեցինք. թուրքերն արդեն առել էին:

Մեր տղաները Մառնեուլում գտան այլ զինավաճառների, եղած գումարով զենք գնեցին, բայց Նոյեմբերյան վերադառնալու ճանապարհին վրացի ոստիկանները մեքենան կանգնեցրեցին, և, որպեսզի թույլ տան շարունակել ճանապարհը, մեծ գումար պահանջեցին:

– Կաշա՞ռք:

– Այո: Տղաների մոտ գումար չկար, ի՞նչ անել: Ոստիկանները նրանցից մեկին թույլ տվեցին գալ գյուղ և փող հայթայթել: Պատկերացնո՞ւմ եք, ողջ գյուղը գիշերն արթնացավ, անհրաժեշտ գումարը հավաքեցինք, ուղարկեցինք: Հիմա այդ նույն տղամարդիկ` վիզները ծուռ, չգիտեն՝ ի՞նչ անեն:

Հարցնում են՝ երեխաս հաց չունի, ի՞նչ անեմ, շոր չունի, ի՞նչ անեմ, վարկի տակ եմ (անիծվեն այդ վարկ ստեղծողները, բոլոր գյուղացիները վարկի տակ են), ի՞նչ անեմ: Շան տանջանքով Ռուսաստանում մի երկու կոպեկ են աշխատում, որ ուղարկեն երեխայի ուսման վարձ: Ո՞վ արեց այսպես, ինչո՞ւ արեց: Ինչո՞ւ սեփականաշնորհեցին ամեն ինչը:

Մեր ծաղկած այգիներն այսօր, չեք պատկերացնի, խոպան, անջրդի հողեր են: Ադրբեջանցիները կրակում են նրանց, ովքեր կփորձեն սահմանամերձ այգիները մշակել, մենք էլ մեր կողմից նրանց ենք կրակում: Այսպես ո՛չ իրենք են վարուցանք անում, ո՛չ մենք: Եվ գյուղն ավերակ է դարձել:

– Իմ հայրական գյուղում՝ Կողբում, տարիներ առաջ հպարտանում էին, որ գյուղը 5500 բնակիչ ունի:

– Հիմա գնացեք մատների վրա հաշվեք՝ քանի մարդ է մնացել: Երբ ես էի աշակերտ, Կողբում 5 առաջին դասարան կար, երեխաներն այնքան շատ էին, որ երկրորդ դպրոցը բացելու անհրաժեշտություն առաջացավ: Այսօր ամեն դպրոցում մեկ առաջին դասարան կա, այն էլ աշակերտների թիվն այնքան քիչ է, բերանս չի բացվում՝ ասեմ: Հարևան Դովեղն ուղիղ հակառակորդի նշանառության տակ է: 2012-ի ապրիլին ադրբեջանցիները գնդակոծեցին գյուղի մանկապարտեզը: Գնդակոծության հաջորդ օրը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի եկավ Նոյեմբերյան:

Դովեղցիներն ուղղակի վստահ էին, որ գոնե այդ առիթով կնորոգվի Դովեղ-Նոյեմբերյան 1,5 կմ-անոց ճանապարհը, ու թեկնածուն էլ կայցելի սահմանամերձ այդ գյուղ՝ իր զորակցությունը հայտնելու բնակիչներին: Դովեղցիները միշտ էլ միամիտ են եղել…

– Ինքս Դովեղում եղել եմ անցյալ տարի, փողոցում, մեկ-երկու հավից բացի՝ շունչ չկար: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պահում սահմանամերձ գյուղերի բնակիչներին այդտեղ:

– Ոչի՜նչ արդեն չի պահում, իսկ ավելի ճիշտ՝ գնալու հնարավորություն չունենալն է նրանց կապում իրենց հողին: Ովքե՞ր են մնում՝ ծերերը, նրանք, ովքեր գնալու միջոց չունեն: Ով կարող էր, արդեն գնացել է:

– Ոսկեպար գյուղի վիճակը, թերևս, ամենազարմանալին է. գյուղում գրեթե բոլոր տները նորակառույց են, ջրի, գազի, հոսանքի խնդիր չկա, բնությունը հեքիաթային է, բայց բնակիչ չունի:

– Օ՜, Ոսկեպարն իսկական սանատորիա է. անտառի մեջ, գետը հոսում է, Ս. Սարգիս նորակառույց եկեղեցուց քիչ այն կողմ 7-րդ դարի Ս. Աստվածածինն է: Ճիշտ ես. գյուղ ես մտնում, մարդ չկա: Իրենք՝ ոսկեպարցիները, հաշվել են, որ ռուսաստաններում ուղիղ 100 ոսկեպարցի դպրոցական կա, իսկ Ոսկեպարի դպրոցում 100 երեխա էլ չկա:

Ոսկեպարի կանգուն, ծաղկուն լինելը հենց ոսկեպարցիների շնորհքն է: Տարվա մեջ մի օր կա՝ օգոստոսի առաջին կիրակին՝ Ոսկեպարի Վարդավառը, երբ ոսկեպարցիները՝ աշխարհի որ ծայրում էլ լինեն, պարտադիր հավաքվում են գյուղում: Պարտադի՛ր:

Գալիս են, միասին նշում Վարդավառը, գյուղի կարիքները հոգում ու… գնում: Բայց բոլորն ասում են՝ եթե թուրքը հարձակվի, որտեղ էլ լինենք, գալու ենք` մեր հողը պաշտպանենք:

– Սահմանամերձ գյուղերի բնակիչները հավանաբար չեն հետևում պաշտոնական լրահոսին, հետևաբար՝ տեղյակ չեն, որ իրենց խնդիրները մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում են:

– Այն, ինչ անում են մեր ղեկավարները՝ տոնական օրերին կամ նախընտրական շրջանում ավտոշարասյուներով գալիս-անցնում են: Ընդ որում, թերևս, ավտոմեքենաների անվադողերը խնայելու նպատակով՝ անցնում են միայն բարեկարգ փողոցներով: Գալիս են Բագրատաշենի մաքսակետ: Ասում են` այնտեղից լավ եկամուտներ ունեն: Մաքսակետի հարևանությամբ լավ ռեստորաններ կան, այնտեղ ուտում-խմում, գնում են: Գյուղացիներն էլ հեգնում են՝ «Խեղճերը հո սոված-ծարավ չե՞ն մնալու»:

Իսկ թե իրականում ինչ է տեղի ունենում սահմանամերձ գյուղերում, մարդիկ ինչպես են քնում ու արթնանում, ոչ մի ղեկավար չգիտի: Բագրատաշենի սահմանով է անցնում Հայաստանից դուրս տանող ճանապարհը. ամեն օր անձնական մեքենաներով, հատուկ ավտոբուսներով մարդիկ դուրս են գալիս… Միայն աշխատատեղ, ուրիշ ոչինչ չի կարող այդ մարդկանց պահել իրենց հողին: 1940-ականներին միայն Բերդավան գյուղն այնքան ցորեն ու գարի էր ցանում, այնքան բերք ունեինք, որ արտահանում էին Խորհրդային Միության այլ հանրապետություններ:

– Աշխատանքի գործոնն անվիճելի է, սակայն խնդիր է նաև մշտական գնդակոծությունը. ի վերջո, այդ մարդիկ անվերջ սթրեսի մեջ են, լարված, և բարոյական հզոր աջակցության կարիք ունեն:

– Թուրքի կրակոցներին մենք վարժվել ենք, թուրքից չենք վախենում: Թուրքն է մեզնից վախենում ու վախից կրակում: Այն, ինչ անձամբ իմ աչքով եմ տեսել կռիվների ժամանակ, ապշած եմ մինչև հիմա. երբ ազատագրում էինք Բաղանիս-Այրում գյուղը:

Դա առաջին սահմանային կռիվն էր, 1990-ի մարտի 23-ն էր, Չաուշն էր ղեկավարում հայկական կողմի գործողությունները: Ադրբեջանցի տղամարդիկ փախչում էին՝ հրելով կանանց ու երեխաներին: Այդ ժամանակ արդեն հասկացանք՝ նրանք կռվող չեն: Գնդացիրն ուսին դրած՝ փախչում էին՝ կռվելու փոխարեն: Մեր կռվող տղաներն ապշահար էին, հայհոյում էին, թե ինչպես են թողնում իրենց կանանց ու երեխաներին: Ո՞ր հայ տղամարդն այդպես կվարվեր:

– Ի՞նչ եք կարծում, եթե, Աստված մի արասցե, պատերազմական գործողություններ սկսվեն, նույն այդ տղամարդիկ դարձյա՞լ առաջին գծում կլինեն:

– Մի՛ կասկածեք, ով կա գյուղում՝ մեծից փոքր, դուրս կգա՝ իր հողը պաշտպանելու: Պարզապես, հասկանո՞ւմ եք, բնակչություն չի մնացել: Տարիքով մարդիկ են մնացել, որոնք ֆիզիկապես ի վիճակի չեն կռվել: Ջահել չկա: Իսկ ի՛նչ ոգի կարգ ՀԱԲ-ի տղաներն էին Ոսկեպարի համար կռվում: Այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը, Բաբկեն Արարքցյանը եկան, ասացին, որ իրենք դեմ են այդ կռվին, սակայն չեն էլ խանգարի, եթե ՀԱԲ-ը որոշել է կռվել և զենքով էլ կաջակցեն: Ոսկեպարի եռօրյա ճակատամարտը հայտնի է:

Նոյեմբերյանի շրջկենտրոնի շտաբի պետն ուսուցիչ Հրաչիկ Քեշիշյանն էր, շատ-շատ էին այն տղաները, որոնք ցանկանում էին գնալ ու կռվել: Եվ Հրաչիկը տեղում որոշեց՝ պիտի գնան զինվորական փորձ ունեցողները ու նրանք, ովքեր երեք երեխայից պակաս չունեն: Պոլիկլինիկայի շենքում տեղուդադար չկար. վիրավորների էին բերում, ու արյուն էր հարկավոր: Հավաքվեցին գյուղերի կանայք ու որոշեցին, որ տղամարդկանց արյունը պետք է խնայել. բոլոր արյուն հանձնողները կանայք էին… Մի ռուս մայոր կար, ավելի ուշ պատմեց, թե ինքն ուղղակի զարմացած էր՝ տեսնելով, թե ինչպես են չորս հայ տղաները պայքարում ադրբեջանցիների БТР-ի մուտքը Ոսկեպար խափանելու համար:

Ինքս հետևում էի այդ տեսարանին. դա նկարագրել հնարավոր չէ. ամեն րոպե այդ մեքենան կարող էր ճզմել տղաներին, բայց նրանք չէին նահանջում: Ու մայորն իր զինվորներին ասաց. «Սովորեք հայերից, թե ինչպես են պաշտպանում իրենց հողը»: Նա նաև պատմեց, որ ադրբեջանական գյուղերում՝ մինչև Ղազախ, 60 տարեկանից ցածր ոչ մի տղամարդ չէր մնացել, բոլորը փախել էին:

Հիշում եմ, երբ խորհրդարանում պատգամավոր Ջեմմա Անանյանը Արա Սահակյանին ասաց. «Եկեք մի գիշեր մեր տղամարդկանց հետ սահմանում կանգնեք, ձեր կանանց ու երեխաներին էլ բերեք, թող մնան այնտեղ, որտեղ մենք ենք», Արա Սահակյանն ասաց. «Տիկի՛ն Անանյան, շատ եք մանրանում»:

– Այսօր շատերն են հիշում իրենց հերոսական անցյալը: Ոմանք անգամ հիշում են, թե ինչպես էին մանկության տարիներին մանկապարտեզից փախչում և զենք մատակարարում զինվորներին:

– Հիմա ով տեղից վեր է կենում՝ ազատամարտիկ է, երկրապահ: Մեր աչքի առաջ հիմա նրանք են, ովքեր այն ժամանակ էլ թալանով էին հայտնի: Կինոցանցի տնօրեն էի, մեր հիմնարկն իր տնօրինության տակ երկու «Վիլիս» ուներ: Գալիս էին, անուններ չասեմ, մեքենան վերցնում էին, որ այստեղ-այնտեղ գնան, մեկից սպառնալիքով բենզինն էին վերցնում, մյուսի խանութից՝ մթերքը՝ առանց գումարը վճարելու:

Ես գիտեմ՝ ով էր հերոսը, ով՝ թալանչին: Հիմա ասպարեզում կռվող տղաներից ոչ ոք չկա, թալանչիներն են: Երկրապահն իրենք չեն, այլ սահմանամերձ գյուղի ողջ բնակչությունը, երեխաները: Մեկը կար, իր ոտքին ինքը կրակեց, որ խուսափի կռիվներին մասնակցելուց: Այսօր նա Նոյեմբերյանում ղեկավար պաշտոն է զբաղեցնում: Է՜ հ, էլ մի խոսեցնի…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս