Վիտալի Տրետյակով. «Հասկանում եմ, որ ձեզ համար ԼՂ-ի հարցն էքսկլյուզիվ է, բայց…»

Հարցազրույց ռուսաստանցի հայտնի լրագրող, Մոսկվայի պետական համալսարանի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, քաղաքագետ Վիտալի Տրետյակովի հետ

– Պարոն Տրետյակով, Ձեր կարծիքով` ինչպե՞ս Ուկրաինայի իրադարձությունները և նրա հավանական կողմնորոշումը դեպի Արևմուտք և ՆԱՏՕ կանդրադառնան ավելի գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակի վրա` հատկապես Եվրամիություն-Ռուսաստան և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում: Արդյոք պե՞տք է սպասել նոր «Սառը պատերազմի»:

– «Սառը պատերազմը» 20-րդ դարի համաշխարհային պատմության առանձնահատուկ էջերից է, և այն երբեք չի կրկնվի: Իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն իսկ վատթար վիճակում են, այդ հարաբերությունները 1945 թվականից հետո երբեք էլ լավ չեն եղել: Նույնը վերաբերում է Արևմտյան Եվրոպայի հետ հարաբերություններին: Մի կերպ տակից դուրս կգանք: Իսկ ներկայիս ճգնաժամի գլխավոր մեղավորն Ուկրաինայի իշխանությունների քաղաքականությունն է, որովհետև նրանք 1991 թվականից հետո համառորեն անուշադրության էին մատնում այն հանգամանքը, որ այդ երկրի բնակչության կեսը ռուսներ են:

Եվ ռուսները երբեք չեն համաձայնի Ուկրաինայում ուկրաինացի ազգայնականների բացարձակ իշխանությանը: Ուկրաինայի իշխող վերնախավն ինքն է պայթեցրել իր երկիրը: Բայց չէ՞ որ պատմությունը մեկ անգամ Ուկրաինային տվել է հնարավորություն` Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սահմաններով և 2/3 ռուսական հողերով դառնալու ինքնուրույն պետություն` Խորհրդային Միության կազմում: Իրենք են այդ հնարավորությունը բաց թողել` ագահության և ազգայնական չարության պատճառով:

– Ռուսաստանյան քաղաքական և վերլուծական շրջանակներում կա տեսակետ, թե Պուտինը Ղրիմում ուղղում է նախկին նախագահ Ելցինի սխալները: Իսկ Ուկրաինայի նոր իշխանությունները, ի դեմս Ուկրաինայի խորհրդարանի և նախագահի պաշտոնակատար Տուրչինովի, հայտարարել են, որ Ռուսաստանը խախտել է 1994 թվականին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի կողմից ստորագրված Բուդապեշտի հուշագիրը, ըստ որի` նշված երկրները երաշխավորում են Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Պուտինը քայլ առ քայլ ուղղում է Ելցինի շատ սխալներ, հիմա հերթը հասել է Ղրիմին: Եթե բոլորը միշտ հարգեին միջազգային համաձայնագրերը, այդ թվում` այն պայմանագրերը, որոնք տվյալ երկրների համար բարենպաստ չեն և կնքվել են այդ երկրների` թույլ լինելու ժամանակ, ապա պատմությունը կանգ կառներ:

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսը` Ուկրաինայի թեմայով: Պուտինը խոսում էր «քաոսի» մասին, որն, իր կարծիքով, անխուսափելի է «օրինական» իշխանություններին, տվյալ դեպքում` Յանուկովիչին տապալելու դեպքում: Պուտինը Յանուկովիչին անվանեց «Ուկրաինայի միակ լեգիտիմ իշխանություն», իսկ Ուկրաինայի նոր իշխանություններին` «անօրինական»: Միաժամանակ նա հերքեց, թե Ղրիմի ինքնավարությունում ռազմավարական օբյեկտները և պետական շենքերը գրաված ուժերը ռուսական են` պնդելով, թե դրանք «տեղի ինքնապաշտպանական ուժերն են», թեև համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր, որտեղ այդ «ուժերը» տեղափոխվում են ռուսական պետհամարանիշերով մեքենաներով, և իրենք էլ չեն հերքում այդ փաստը: Ըստ Ձեզ` արդյոք կարելի՞ է այսպիսի ոչ այնքան անկեղծ պատասխաններից հետո խոսել արդարության և օրինականության մասին:

– Ժամանակակից աշխարհում (ինչպես և բոլոր ժամանակներում) օրինական է այն, ինչ թելադրվում է համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողների ուժերի հավասարակշռության կողմից: Միջազգային իրավունքը շատ խճճված է և հակասական: Ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է հիմնավորել: Եվ ԱՄՆ-ը չէ, որ պետք է դատողություններ անի միջազգային իրավունքի մասին. իրենք մշտապես են խախտում միջազգային իրավունքը:

– Հատկանշական է, որ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին` ռուսական հեռուստաալիքներից մեկով հայտարարեց, թե «արևմտյան գործընկերներն առաջնորդվում են երկակի չափանիշներով»: Սրա հետ միգուցե կարելի է համաձայնել, բայց ինչո՞վ նույն Ռուսաստանը չի առաջնորդվում այդ երկակի չափանիշներով: Օրինակ` Ռուսաստանը մի կողմից` խոսում է Ուկրաինայի ռուսների ինքնորոշման իրավունքի մասին, ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, սակայն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

– Ղրիմը Ռուսաստանի համար, ըստ էության, նույնն է, ինչ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար, թեև դրանք միանգամայն տարբեր պատմություն ունեն: Բայց խորհրդանշական իմաստով` բացարձակ նույնն են: Եվ, ի դեպ, բնակչության մեծամասնությունն էլ նույն մոտեցումն ունի: Այնպես որ, Ղրիմը Ռուսաստանն` վերամիավորելու հարցը միշտ եղել է օրակարգում: Պարզապես այժմ իրավիճակն է հասունացել: Սրան զգալիորեն նպաստել են Ուկրաինայի թե՛ նախկին, թե՛ հատկապես ներկայիս իշխանությունները:

Ոչ ոք չի կարող գերազանցել Արևմուտքին` երկակի չափանիշների քաղաքականության մեջ, այնպես որ, այդ ֆոնի վրա Պուտինի փոքրիկ խորամանկությունները կարելի է բնութագրել` որպես խելամիտ դիվանագիտություն:

– Հայաստանի մի շարք հեղինակավոր մասնագետներ և փորձագետներ ընդգծում են, որ Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև համեմատություններն ու զուգահեռները ճիշտ և տեղին չեն` մի շարք պատճառներով. օրինակ` Լեռնային Ղարաբաղը, ի տարբերություն Ղրիմի (որը Ռուսաստանին է միացվել միայն 18-րդ դարի վերջին), պատմական հայկական հող է եղել, իսկ Ուկրաինայի էթնիկ ռուսներն այսօր կանգնած չեն ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև, ինչպես հայերը Ղարաբաղում` Սումգայիթի և Բաքվի ջարդերից հետո:

– Ինչպես մենք տեսնում ենք, այսօր Ուկրաինայում էթնիկ ռուսները ֆիզիկական բռնության և բռնի կերպով սեփական ազգային ինքնությունից զրկվելու մշտական վտանգի տակ են: Հասկանում եմ, որ ձեզ համար Լեռնային Ղարաբաղի հարցն էքսկլյուզիվ է, բայց պետք չէ մտածել, որ աշխարհի այլ կետերում այդպիսի բաներ չեն լինում:

– Հայկական լրատվամիջոցներից մեկին տված Ձեր վերջին հարցազրույցում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման հարցի համատեքստում այսպես եք արտահայտվել. «Դա ավելի շատ ձեր գործն է (որ ՀՀ-ն ընդհանուր սահման չունի ՄՄ երկրների հետ.- Ա.Ս.), քան մեր: Ընդհանուր սահմաններ մենք չունենք: Ցանկանում եք կախվա՞ծ լինել Թուրքիայից կամ Իրանից: Ցանկանում եք վերջնականապե՞ս կորցնել Լեռնային Ղարաբաղըգ»: Սա միայն Ձեր անձնակա՞ն տեսակետն է, թե՞ նաև Մոսկվայի քաղաքական շրջանակների: Չե՞ք մտածել, որ այդպիսի հայտարարությունը Հայաստանում ավելի շատ կարող է ընդունվել` որպես սպառնալիք, քան թե` մտահոգություն:

– Ես միշտ իմ անձնական տեսակետն եմ արտահայտում: Ես պաշտոնատար անձ չեմ: Ես պատասխանում էի կոնկրետ հարցին` ո՞ւմ է ավելի շատ ձեռնտու Հայաստանի միացումը Մաքսային միությանը, Հայաստանի՞ն, թե՞ Ռուսաստանին: Ես էլ պատասխանել եմ` Հայաստանին (այդ թվում` հաշվի առնելով ղարաբաղյան խնդիրը): Ես ասել եմ` դուք` հայերդ, պետք է որոշեք: Ի՞նչ սպառնալիք, ո՞ւմ կողմից, ի՞մ: Իսկ ինչո՞վ ես կարող եմ սպառնալ Հայաստանին` թեկուզև տեսականորեն: Բացի այդ, հետաքրքրվեք մոսկվացի հայերից կամ շատ երևանցիներից, այդ թվում` ղեկավար և մտավորական շրջանակներից, թե նրանք Տրետյակովին համարում են Հայաստանի բարեկա՞մը, թե՞ թշնամին: Կարծում եմ` հարյուր հարցվածներից հարյուրը կպատասխանեն` բարեկամ:

– Եկեք պարզաբանենք: Խոսքը ոչ թե բարեկամ կամ էլ, առավել ևս, թշնամի լինելու, այլ նման մոտեցման մասին է, քանի որ Դուք առաջին քաղաքագետը չեք, ով ՄՄ-ին միանալու կապակցությամբ այդպիսի ուղերձ է հղում Հայաստանին: Երբ ինչ-որ մեկը Մոսկվայից ասում է` «ուզում եք վերջնականապե՞ս կորցնել Ղարաբաղը», դա ընկալվում է այսպես` «կա՛մ մեզ հետ եք (Ռուսաստանի և Մաքսային միության) և պահպանում եք Ղարաբաղը, կա՛մ ուրիշների հետ եք (բնականաբար, Արևմուտքի) և կորցնում եք Ղարաբաղը, որոշե՛ք»: Համաձայն չե՞ք, որ այդպիսի մոտեցումը նման մեկնաբանություն կարող է ունենալ:

– Ոչ համաձայն չեմ: Ես խոսում եմ Հայաստանի համար ամենակարևոր խնդրի մասին: Չէ՞ որ ես չեմ ստեղծել այդ խնդիրը, այն, այսպես թե այնպես, կա: Եվ ես ասում եմ` ձեր (Հայաստանի) գործն է` միանալ, թե չմիանալ ՄՄ-ին: Դուք եք ծանր ու թեթև անողը: Ուստի ես առաջարկում եմ ՄՄ-ին միանալու (կամ չմիանալու) կամ էլ ցանկացած այլ կազմակերպությանը (օրինակ` ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին) անդամակցելու հարցը կշռել` հաշվի առնելով ձեր գլխավոր քաղաքական խնդիրը: Չեք ուզում` հաշվի մի առեք այդ գործոնը: Որոշումը կայացրեք` հիմնվելով միայն տնտեսական հաշվարկների վրա:

Տեսանյութեր

Լրահոս