«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխությունը միայն թանկացո՞ւմ է ենթադրում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը։ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար, հիմնական զեկուցող Արմեն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է ներկայացված նախագիծը տրասպորտի գների բարձրացում նախատեսում:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում էին այն մասին, որ Մաքսային միությանն անդամագրվելուց հետո էժանացման խոստումներ են տրվում։
«Ներկայացված նախագծում նախատեսվում է միայն բարձրացաման ինստիտուտ, ինչո՞ւ՝ որովհետև ասվում է, որ երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, ավտոպահեստամասերի գների աճ)։ Հիմա սա ի՞նչ ուղերձ է, որ կառավարությունը հղում է հանրությանը, այսինքն հայկական դրամը կարող է միայն արժեզրկվե՞լ, վառելիքաքսուքային նյութերը կարող են միայն թանկանա՞լ, պահեստամասերը կարող են թանկանա՞լ։ Բա ի՞նչ եղավ՝ Մաքսային միության էինք անդամագրվում, ասում էիք՝ հեսա քսայուղերն էժանանալու են, պահեստամասերի վրա էլ մաքսատուրք չի լինելու, պահեստամասերն էժանանալու են, իսկ էստեղ ասում եք՝ մենակ թանկանալու է, բա ի՞նչ եղավ դրամի լողացող քաղաքականությունը, այսինքն լողացող դրամը ձեր համար մենակ կարա սկի՞, չի՞ կարող ջրի երեսին մնալ»,-հարցրեց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանը ասաց, թե խնդիրը նրանում է, որ իշխանության տրամաբանությամբ, եթե թանկացում նախատեսում են, ապա պարտավոր են նույն տրամաբանությամբ էժանացում նախատեսել, հակառակ դեպքում, ըստ նրա, ստացվում է, որ ընդամենը փորձ է արվում ուրիշ դաշտ տեղափոխել փոխադրավարձի ինստիտուտը:
Արմեն Եղիազարյանը, պատասխանելով ՀԱԿ պատգամավորի հարցին, նշեց, թե ինքը չէր ուզենա այս հարցում ինչ-որ քաղաքական տարր ներգրավել, քանի որ այն զուտ տնտեսական է: «Բնականաբար, տեսականորեն կարող է նաև գների իջեցում լինել, և արդարացումները նշեցիք։ Այնտեղ ավելացման փոխարեն կարելի է հանգիստ գրել փոփոխություն։ Միտում չկա գներն ավելացնելու, ցավալիորեն կյանքը ցույց է տվել, որ ֆինանսական քաղաքականություն այնպես է կառուցված, որ գները որպես կանոն չեն իջնում, տեսականորեն, սակայն, նման հնարավորություն կա և պետք է այնպես անել, որ փոխարինել»,-ասաց նշեց Եղիազարյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց, թե հնարավոր է տասը օր գինը բարձրանա, հինգ օր իջնի, հետո էլի տասը օր բարձրանա, մեկ ամիս իջնի: «Ի՞նչ՝ նշանակում է, որ վարձն ամիսը երկու անգամ պետք է փոխե՞լ։ Տրամաբանական չէ, խնդիրը շատ պարզ է, մարդիկ պետք է կանխատեսելի դաշտ ունենան, ընկերությունը մրցույթում հաղթող է ճանաչվում ու ասում է, ես հինգ տարով 100 դրամով կիրականացնեմ ուղևորափոխադրում, ուրեմն ինքը պետք է կրի այդ ժամանակահատվածի ռիսկերը, հակառակ դեպքում թող հրաժարվի, նոր մրցույթ հայտարարվի, կարող է ուրիշ ընկերություն գալիս է՝ 50 դրամով է իրակացանում»,-ասաց Ն. Փաշինյանը։