Վերջին կայարանը՝ Հանրապետության հրապարակ
Ոչ իշխանական ուժերի համագործակցությունը զարգանում է մոտավորապես այնպիսի հեռանկարով, ինչպես, ասենք` ժողովրդավարությունն ու տնտեսական աճը` իշխանությունների գործողությունների արդյունքում: Այսինքն` հայտարարություններով ամեն ինչ հրաշալի է, իրականում` որքան ավելի շատ են խոսում դրանց մասին, այնքան վիճակը վատանում է:
Եվ ինչպես գործող իշխանությունների առկայությամբ բացառված է ժողովրդավարության կայացումն ու, ասենք, մենաշնորհների վերացումը, այնպես էլ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի դոմինանտությամբ ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան, ըստ էության, բացառում է որևէ իրական փոփոխության հնարավորություն:
Եթե առաջնորդվում ենք ՀԱԿ-ի ու «Ժառանգության» այն սկզբունքով, որ որևէ իրական փոփոխություն հնարավոր է միայն ամբողջական իշխանափոխության, այդ թվում` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հեռացման դեպքում: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ոչ իշխանական հրաշալի քառյակն առաջնորդվում է ոչ թե ՀԱԿ-ի ու «Ժառանգության», այլ առաջին հերթին` ԲՀԿ-ի թելադրանքով:
Ապացույցը` սեփական ելույթը որպես գործունեության ուղենիշ ընդունելու մասին` նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի իմպերատիվ տոնով հիշեցումը ՀԱԿ անդամներին, ովքեր գլխահակ ու աշակերտաբար ընդունեցին հորդորը: Իսկ ԲՀԿ-ի սկզբունքն այս գործընթացում իրականում սկզբունքի բացակայությունն է: Ի դեպ, ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայի հարցում ամենաինտրիգային իրադարձությունը տեղի ունեցավ ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման ընթացքում:
Ավելի ստույգ` դրա ավարտից հետո, երբ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քննարկել են նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, իսկ ավելի ուշ Ծառուկյանի մամլուլի խոսնակը հայտարարություն տարածեց երկու ուժերի միջև առկա «տեսանելի տարբերությունների» մասին: Իսկ արդեն երեկ այդ հանդիպմանը մասնակցած ԲՀԿ-ականները հայտարարում էին, որ նախագահի հրաժարականի հարց ընդհանրապես չի քննարկվել` գրեթե ուղղակիորեն Լ. Զուրաբյանին մեղադրելով ստախոսության մեջ:
Իհարկե, դատելով Կոնյակի գործարանում ՀԱԿ ներկայացուցիչների հիացական հայացքներից ու երախտապարտ կեցվածքից, հազիվ թե ՀԱԿ-ը կամ Լ. Զուրաբյանը ԲՀԿ-ին մեղադրեն զրպարտության մեջ: Ներողություն խնդրելն ավելի հավանական է:
Բայց էականը ոչ թե ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների անձնական հարաբերություններում առկա սուբորդինացիան է, այլ այն, որ դա նրանց ներկայացրած ուժերի քաղաքական սուբորդինացիայի արտահայտությունն է:
Այսպիսով, հրաշալի քառյայակի լոկոմոտիվի` ԲՀԿ-ի ու այս գործընթացում քարշակի նշանակություն ունեցող ՀՅԴ-ի համար իշխանափոխության վերջին կայարանը Հանրապետության հրապարակն է` Կառավարության շենքը, և որքան էլ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ապաքաղաքական համառությամբ պնդեն, թե Մելիք-Ադամյան փողոցը Բաղրամյան 26 տանող միջանկյալ կառամատույցն է, միևնույն է, այս «գնացքի» մեքենավարը` Գագիկ Ծառուկյանը, հանուն «էս կոլխոզի»` ավելին չի քշելու:
Սա այնքան ակնհայտ ու անշրջելի իրողություն է, որքան այն, որ Ծառուկյանն ավելի շատ նմանություն ունի Լուկաշենկոյի, քան Իվանիշվիլիի հետ: Բայց որքան ակնհայտ, կամ, ինչպես ԲՀԿ հայտարարության մեջ էր նշված, տեսանելի են դառնում այս իրողությունները, այնքան ՀԱԿ-ի բոլոր ու «Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ ավելի բարձր են հայտարարում ԲՀԿ-ի միջոցով ամբողջական իշխանափոխության հասնելու հնարավորության մասին:
Մինչդեռ այս ձևաչափով դա հնարավոր է միայն մի դեպքում` եթե Սերժ Սարգսյանը ժամանակավորապես դառնա հրաշալի քառյակի հինգերորդ անդամը, նրանց հետ միասին ամբողջական իշխանափոխություն իրականացնի ու իսկույն վերադառնա Բաղրամյան 26: Սա, իհարկե, ծիծաղելի է թվում: Բայց ոչ ավելի, քան հրաշալի քառյակի միջոցով Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու մասին հավաստիացումները: