Մերաբ Ալոյանի որդին դիմում է ՀՀ իշխանություններին. «Իմ հոր կյանքը վտանգի տակ է» (տեսանյութեր)
Ուկրաինայում ցմահ դատապարտված ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանի (Սուսլով) փաստաբան, Ուկրաինայում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արկադի Բուշչենկոն այսօր լրագրողների հետ տեսազանգի միջոցով խոսեց դատապարտյալի գործի ընթացքի մասին: Նա նշեց, որ այժմ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի ուկրաինական դատարանը վերանայի Մերաբ Ալոյանի գործը, քանի որ այն շատ լուրջ թերություններ ունի: Հիշեցնենք, որ Մերաբ Սուսլովը (Ալոյան) մոտ երկու տարի առաջ ձերբակալվել է Ռուսաստանում և արտահանձնվել Ուկրաինային: Ուկրաինայում նրան առաջադրվել էր մեղադրանք սպանության պատվիրման համար: 2012 թվականի նոյեմբերի 8-ին առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռ՝ դատապարտելով նրան ցմահ ազատազրկման: Մ. Ալոյանի փաստաբանների և Հայաստանում նրա պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան ասոցիացիայի համոզմամբ՝ Ուկրաինայում խախտվում են Մերաբ Ալոյանի իրավունքները. կալանավայրում նրան պարբերաբար ենթարկում են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, հնարավորություն չեն տալիս, որպեսզի տեսակցի իր փաստաբանների հետ, մեղադրանքը հիմնված է Ոստիկանության կողմից ծեծի ենթարկված վկաների, այդ թվում նաև՝ չբացահայտված անձանց ցուցմունքների վրա: Եվ այս փաստերի վերաբերյալ արդեն 2 տարի Ուկրաինայի ԶԼՄ-ները պարբերաբար հաղորդում են տեղեկատվություն: Չնայած այդ ամենին, Ուկրաինայում ՀՀ դեսպանը ցուցաբերում է անգործություն: Հայաստանի Հանրապետության «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է հետևել, որպեսզի կալանավորված ՀՀ քաղաքացու նկատմամբ պահպանվեն նստավայր պետության օրենքները և Հայաստանի Հանրապետության և տվյալ պետության միջև կնքված պայմանագրերի դրույթները: Նույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է շահագրգիռ անձանց խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ այցելել կալանավայրերում ՀՀ քաղաքացիներին և հետևել, որպեսզի այդ քաղաքացիները չենթարկվեն դաժան և մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը դեռևս անցյալ տարի նամակ էր գրել ՀՀ արտգործնախարարությանը՝ նշելով, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը պարտավոր է պետության անունից բողոքի նոտա հղել և բարձրաձայնել ՀՀ քաղաքացու խախտվող իրավունքների մասին: «Ուկրաինայում առնվազն ՀՀ հյուպատոսը պետք է այցելի անազատության մեջ պահվող իր քաղաքացուն: Կալանավայրի պայմանները, Մերաբ Ալոյանի նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնությունը, սպառնալիքները և հենց ամբողջ քրեական գործն արդեն իսկ հիմք են, որ ՀՀ իշխանությունները, առանց միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին, ուշադրություն հրավիրեն այս ամենի վրա»,- hetq.am-ի հետ զրույցում ասել էր Արա Ղազարյանը:
Հիշեցնենք, որ 2009թ. Կիևի «4 Room» կահույքի առևտրի կենտրոնում սպանվել էր Շաբաբ Ալոյանը: Վերջինս «4 Room»-ի բաժնեմասի մոտ 60 տոկոսի սեփականատերն էր, իսկ մնացածը պատկանում է Մերաբ Ալոյանին: Ուկրաինայի իրավապահները հայտարարել էին, որ սպանության պատվիրատուն հենց ինքը՝ սպանվածի ազգական Մերաբ Ալոյանն է, ով հանցավոր խմբավորման ղեկավար է՝ ազդեցիկ «օրենքով գող»: Սակայն ավելի ուշ նույն իրավապահները չեն կարողացել որևէ կերպ հիմնավորել մասնագիտությամբ տնտեսագետ գործարարի կապը քրեական աշխարհի հետ: «Տեսեք, տուժող կողմը (սպանվածի եղբայրը՝ Ջամալ Ալոյանը.- Ա.Ք.) բացեիբաց հայտարարել է, որ Մերաբ Ալոյանին ձերբակալելուց հետո 10 ավտոմեքենա է նվիրել Ոստիկանությանը: Եվ Ոստիկանությունը դա ընդունել է՝ այն դեպքում, երբ նույն գործով կատարում է նախաքննություն: Էլ ո՞նց կարող ենք խոսել անաչառության մասին»,- իրավիճակը ներկայացրել է Ա. Ղազարյանը: Ուկրաինական «Օբոզրևատել» լրատվամիջոցը կատարվածին անդրադարձել էր և լրագրող Անատոլի Շարիյը հետաքննություն էր անցկացրել, պարզել, որ Մերաբ Ալոյանի ձերբակալության դիմաց Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը սպանվածի հարազատներից, ավտոմեքենաներից բացի, որպես «բոնուս»՝ ստացել է նաև 1,5 մլն ԱՄՆ դոլար : «Ըստ Մերաբի, դա իր ունեցվածքին` Ուկրաինայում ունեցած բիզնեսին, տիրանալու պլանի մի մասն է կազմում: Եթե անգամ չփնտրենք այդ ամենի ապացույցները, դատարանն անկողմնակալ, անկախ չէր և խախտել է պաշտպանյալի պաշտպանվելու իրավունքը»,- ներկայացրել է Ա. Ղազարյանը:
Այսօր հրավիրված ասուլիսում Ուկրաինայում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արկադի Բուշչենկոն հայտարարեց, որ եթե Եվրոպական դատարանում Հայաստանի իշխանությունները նրան ընդունեն՝ որպես Հայաստանի քաղաքացի, ապա դա նույնպես կօգնի գործի ընթացքին:
ՀՀ-ում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանի իշխանությունները, հասկանալով Ուկրաինայի իրավիճակն այս պահին, պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի զբաղվեն Մերաբ Սուսլովի հետագա ապագայով. «Կան շատ ձևեր, և իրենք դրանք պետք է օգտագործեն: Ասեմ ձեզ, որ անցյալ թե նախանցյալ տարի Եվրոպական դատարանի խոշտանգումների դեմ կոմիտեն ընդունել է այն փաստը, որ Ուկրաինայի բանտերում գտնվելը համապատասխանում է խոշտանգումներին: Եթե համարենք, որ նաև կա ճնշում ադմինիստրացիայի կողմից, և առողջական լուրջ խնդիրներ ունի Մերաբը, մեր իշխանությունները պարտավոր են իրենց քաղաքացու մասին մտածել»:
Ասուլիսին ներկա Մերաբ Ալոյանի որդին՝ Ռոման Ալոյանը, նշեց, որ արդեն 4 տարի իր մուտքն Ուկրաինա արգելված է, քանի որ ինքն «Ուկրաինայի համար վտանգ է ներկայացնում»: «Այս 4 տարվա մեջ ոչ մի անգամ չեմ տեսել իմ հորը: Իմ տատն ու պապը դատի ժամանակ գտնվում էին Ուկրաինայում: Նրանց այնտեղ ծեծում էին Ալոյանները (սպանված Շահեն Ալոյանի ընտանիքը): Ծեծել էին իմ տատիկին և ջարդել էին նրա ոտքը: Իսկ պապիկիս բոլոր ատամներն էին ջարդել: Դա արել է Արթուր Ալոյանը (Շահեն Ալոյանի որդին): Մենք դիմել ենք Հայաստանի բոլոր իրավական մարմիններին, որպեսզի նրանք սկսեն գործել, քանի որ հիմա իմ հոր կյանքը վտանգի տակ է»,- ՀՀ իշխանություններին կոչով դիմեց Մերաբ Ալոյանի որդին:
Եվրոպական դատարանում Մերաբ Ալոյանի փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ նպաստավոր պայմաններ են ստեղծվել գործի վերաբացման համար. «Պատկերացրեք, նախարարը, որի ներքո սկսվեց քրեական հետապնդումը Մերաբի նկատմամբ (այնուհետև դատապարտվեց), գլխավոր դատախազը, ում վերահսկողությամբ է կատարվել այս ամենը, այսօր փախուստի մեջ են, դատավորը, ով դատապարտել է, փախուստի մեջ է, և քննիչը` ամենահիմնական զեղծարարը, նույնպես փախուստի մեջ է: Սա արդեն իսկ հիմք է տալիս, հույսեր է տալիս, որ գործը կվերաբացվի: Հուսով եմ, քանի որ արդեն կոնկրետ այդ դատավորի քննած գործերը վերաբացելու պրոցեսը սկսվել է, այդ գործերի ցանկում կանցնի նաև Մերաբի գործը»:
Փաստաբանի խոսքերով՝ այդ պրոցեսի վրա Հայաստանը որևէ կերպ չի կարող ազդել, քանի որ դա սուվերեն իրավական համակարգ է, և Հայաստանը չի կարող ներգրավվել. «Բայց եթե գործի վերաբացում տեղի չունենա, ապա Հայաստանը կարող է արդեն դիմել, այսինքն` առաջինը պետք է Մերաբը կամ Մերաբի ազգականները դիմեն ՀՀ իշխանություններին՝ խնդրելով համապատասխան մեխանիզմների շրջանակներում, մասնավորապես՝ արտահանձման մասին եվրոպական կոնվենցիայի կամ Մինսկի կոնվենցիայի շրջանակներում, արտահանձնել Մերաբին, որպեսզի նա իր պատիժը կրի իր հայրենիքում, մանավանդ, որ փաստերը շատ են, և նրա կյանքին վտանգ է սպառնում: Ահա այստեղ Հայաստանի իշխանությունները կարող են միայն դիմել, իսկ վերջնական որոշումն Ուկրաինայի իշխանություններն են կայացնելու, այդպիսին է միջազգային իրավունքը: Ես վստահ եմ, որ եթե այդ գործողությունները ջանադրաբար կատարվեն, ապա անպայման դրական լուծում կստանան, որովհետև, որպես կանոն, պետություններն արտահանձնումը թույլատրում են»:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի Մերաբ Սուսլովի հարազատները և «Հայաստանի եզդիների ազգային միության» մի շարք անդամներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առջև և նամակ էին հանձնել դեսպանին:
Իսկ Մերաբ Սուսլովի (Ալոյանի) հարազատները և հայրենակիցները նաև նամակներ էին ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
«2011 թվականի մարտից Մերաբը գտնվում է Ուկրաինայի բանտերում: 2012 թվականի նոյեմբերի 8-ին առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռ՝ դատապարտելով նրան ցմահ ազատազրկման: Ներկայումս դատական գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում: Ուկրաինայի ԶԼՄ-ները հեղեղված են հրապարակումներով այս գործով դատավարության ընթացքում տեղի ունեցած խայտառակ խախտումների մասին: Բավարար է միայն նշել, որ Մերաբը 6 ամիս զրկված է եղել իր փաստաբաններին տեսնելու հնարավորությունից, գործով 29 վկաներից 22-ը դատարան չեն ներկայացել, և նրանք չեն հարցաքննվել, մի շարք առանցքային վկաներ դատարանի դահլիճում հայտարարել են նախաքննության ընթացքում իրենց նկատմամբ խոշտանգումներ կիրառելու մասին և հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից, դատարանի դահլիճից դուրս են հանել Մերաբի փաստաբաններին, իսկ հետո՝ նաև նրան, և, փաստորեն, մեղադրական դատավճիռը կայացվել է առանց նրանց ներկայության: Այս դատաքննությունը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և բարձրացրել է հանրային մեծ հետաքրքրություն: Մի շարք միջազգային իրավապաշտպան կառույցներ արդեն անդրադարձել են այս գործին: Այդուհանդերձ, քաղաքացիական հասարակության ցանկացած փորձ այս գործի շրջանակներում ենթարկվում է ճնշումների Ուկրաինայի իշխանությունների կողմից: Ուկրաինացի լրագրող Անատոլի Շարիյը ստիպված էր հեռանալ Ուկրաինայից և դիմել Եվրոպական միությանը՝ քաղաքական ապաստան ստանալու համար, այն բանից հետո, երբ այս գործի մասին բազմաթիվ հոդվածներ գրելուց հետո նրա նկատմամբ իրականացվել էր մահափորձ, իսկ հետո Ոստիկանության կողմից նրա դեմ հարուցվել էր երկու քրեական գործ մտացածին հիմքերով: Ներկայումս նա բնակվում է ԵՄ պետություններից մեկում, որտեղ նրան տրվել է քաղաքական ապաստան: Վերջերս մեզ հայտնի է դարձել, որ Կիևի Լուկիանովսկի բանտում, որտեղ նա կրում է իր խափանման միջոց կալանքը, նա շարունակաբար ենթարկվում է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի: Բավական է միայն նշել, որ երեք ամիս նա պահվել է կարցերում, իսկ խցից հանելու և հարցաքննության, բաղնիք կամ դատարան ուղեկցելու յուրաքանչյուր դեպքում դա կատարվում է դիմակներով քողարկված հատուկ զինվորականների կողմից, որոնք աչքի են ընկնում առանձնահատուկ կոպտությամբ և անհարկի ֆիզիկական ուժ կիրառելու նախատրամադրվածությամբ: Անհասկանալի է կալանավորին ուղեկցելու նման եղանակի անհրաժեշտությունը: Առավել զարմանալի է, որ խցից դուրս տեղաշարժվելիս նրանք, որպես կանոն, կալանավորի ձեռքերին հագցնում են ձեռնաշղթա և ձեռքերը մեջքի կողմից բարձր վիճակում պահելով՝ ստիպում են կալանավորին տեղաշարժվել դեմքով և մարմնով հատակին կքած վիճակում, որը պատճառում է անասելի ցավեր, ինչպես նաև՝ նվաստացնում կալանավորի արժանապատվությունը: Մեզ խիստ զայրացրել է այն հանգամանքը, որ վերջերս նրան ուղեկցել են դատարան՝ պարկը գլխին հագցրած վիճակում, իսկ դատարանի դահլիճում պարկը հանելուց հետո նա տեսել է, թե ինչպես են տուժողի հարազատները ծիծաղելով լուսանկարահանում նրան իրենց բջջային հեռախոսներով: Բանը հասել է նրան, որ սկսել են նրան նվաստացնել ու վիրավորել նրա ազգային պատկանելության հիմքով՝ նրա վզից պոկելով նրա կրոնական համոզմունքն արտահայտող սիմվոլը և նետելով զուգարանը: Պարոն դեսպան, Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում նշված կամայականությունների դեմ: Որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն՝ Ուկրաինան պարտավոր է հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված անձի իրավունքները՝ անկախ քաղաքացիությունից և ազգային պատկանելությունից: Մենք պահանջում ենք, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները դադարեցնեն Մերաբ Սուսլովի (Ալոյանի) նկատմամբ ֆիզիկական բռնությունները և տարբեր նվաստացումները, ապահովեն կալանքի պատշաճ պայմաններ և արդար դատաքննության երաշխիքներ»,- ասված էր Ուկրաինայի դեսպանին ուղղված նամակում:
Անի Քեշիշյան