Լրագրողների դեմ մահափորձ է կատարվել՝ ՀՀ քաղաքացու դեմ հարուցված քրեական գործը հետաքննելու համար

«168 Ժամը» երեկ նամակ է ստացել ուկրաինացի լրագրող Անատոլի Շարիյի կողմից: Վերջինս այսօր փախստականի կարգավիճակով գտնվում է արտերկրում՝ Եվրամիության պաշտպանության տակ, այն բանից հետո, երբ նրա դեմ մահափորձ կատարվեց իր իսկ կատարած լրագրողական հետաքննության համար:

Հարգելի՛ գործընկերներ,
Իմ անունը Անատոլի Շարիյ է, ես լրագրող եմ, Կիևից: Եվրամիության կողմից ստացել եմ փախստականի կարգավիճակ: Դիմում եմ ձեզ, քանի որ ուկրաինական լրատվամիջոցները հասկանալի պատճառներով չեն ցանկանում լուսաբանել այն քրեական գործը, որի գագաթնակետը դարձավ Հայաստանում ծնված Մերաբ Օթարի Սուսլովին ցմահ բանտարկության դատապարտող դատավճիռը:

Ուկրաինայի ԶԼՄ-ների ներկայացուցչին փախստականի կարգավիճակ շնորհելը որոշակի իմաստով պատմական նախադեպ է. այն ինձ տրվել է, այսպես կոչված, «4RooM»-ում կատարված սպանության գործի» իմ հետաքննությունից հետո: Այդ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվում է Մերաբ Սուսլովը: Այդ հանցագործության հետաքննությունն ինձ համար ծանր հետևանքներ ունեցավ` սպանության փորձ, գիշերային խուզարկություններ, երկու կեղծ քրեական գործ հարուցվեց իմ դեմ, ավելի քան 150 ժամ տևած հարցաքննություններ, բազմաթիվ դատական նիստեր, համաուկրաինական հետախուզում իմ նկատմամբ…

2009թ. «4Room» առևտրային կենտրոնում սպանվել էր կիևցի բիզնեսմեն Շաբաբ Ալոյանը: Համենայն դեպս` հենց այդպես էին որակում և շարունակում են որակել նրան ուկրաինական մամուլում` բիզնեսմեն: 2011թ. սկզբին ես սկսեցի զբաղվել այդ քրեական գործով, և որքան շատ էի խորանում գործի էության մեջ, այնքան ավելի տարօրինակ էին ինձ թվում նշված հանցագործության հանգամանքները, սպանության պատվիրատուի դրդապատճառները, որ բարձրաձայնում էին Ուկրաինայի իրավապահները, ինչպես նաև Ալոյանի ընտանիքի գործունեությունը:

2011թ. գարնանը ես հանդիպեցի Ուկրաինայի ՆԳ այն ժամանակվա նախարար Անատոլի Մոգիլյովի հետ, և մամուլի դռնփակ ասուլիսի ընթացքում փորձեցի պարզել նշված գործի որոշ հանգամանքներ: Սակայն ԶԼՄ-ներին ներկայացվեց միակ` պաշտոնական վարկածը, իսկ մամուլի ասուլիսը, որը նվիրված էր Ռուսաստանից «սպանության պատվիրատուի» արտահանձնումին, նման էր հայրենի իրավապահների կատարած «հզոր աշխատանքի» մասին զեկույցի:

Նախ` ինձ սկսեց հետաքրքրել պատվիրատուի անձը: ՆԳ նախարար Յուրի Լուցենկոն, հետո նաև նրան փոխարինած Անատոլի Մոգիլյովը բազմիցս նրան անվանել են «չափազանց ազդեցիկ օրենքով գող», «քրեական հեղինակություն»: Ընդ որում` ամենահասարակ` «իսկ ի՞նչ խմբավորում է գլխավորում այդ քրեական հեղինակությունը, և քանի՞ անգամ է պատիժը կրել ազատազրկման վայրերում» հարցերին ինձ այդպես էլ ոչ ոք պատասխան չտվեց:

Պաշտոնական վարկածում ասվում էր նաև, իբր Ուկրաինայի Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունն այդ սպանությունը պատվիրելու համար ձերբակալել է Շաբաբ Ալոյանի… որդուն` Արթուրին: Սակայն հետագայում իբր իրավապահ մարմինները գիտակցել են իրենց սխալը, մեղավոր ոստիկանները պատժվել են, սպանության պատվիրատուին գտել են Ռուսաստանում, իսկ Արթուր Ալոյանն ազատ է արձակվել:

Արդեն 2 տասնամյակ է` Ուկրաինան հայտնի է այն բանով, որ նրա «իրավապահ համակարգը» կարողանում է հրեշավոր սուտը տարածել ԶԼՄ-ների միջոցով: Իրենց հերթին` ԶԼՄ-ների ներկայացուցիչները ծուլության կամ ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքով հաճախ չեն ստուգում այդ ինֆորմացիան: Սակայն, երբ ես կարողացա գտնել Արթուրի գործը վարող իրավապահներին, շատ բան պարզ դարձավ:
Ես կարողացա ստանալ օպերատիվ նկարահանությունը, որ արել էր Արթուր Ալոյանի կողմից վարձված մարդասպանը, և տեղադրեցի տեսագրությունը «4Room»-ում կատարված սպանության մասին իմ առաջին հոդվածում:

Այդ պահից ՆԳՆ-ի հետ իմ խնդիրները տարերային աղետի բնույթ ստացան: Իմ նկատմամբ քրեական գործ հարուցվեց` միանգամայն սարքովի պատճառներով, նաև ինձ զանգեց «Ալոյանների կլանի պարագլուխը»` Ջամալը, և բացատրեց, որ ինձ իսկապես լուրջ խնդիրներ են սպասում:

Բանն այն է, որ բացի ցնցող տեսագրությունից, որտեղ Արթուր Ալոյանը պատվիրում է սպանությունը, ես հրապարակել էի նաև տեղեկատվություն այն մասին, որ գործն ի սկզբանե պատվիրված սպանություն էր, որտեղ Ալոյանների ընտանիքը պատվիրատուն է, իսկ կատարողը` Ուկրաինայի իրավապահ համակարգը: Ես հրապարակել էի նաև գումարը` 950.000 դոլար: Սակայն, ինչպես հետո արդեն հասկացա, խաղատախտակին շատ ավելի մեծ գումար էր դրված` մի քանի տասնյակ մլն դոլար` «4Room» առևտրային կենտրոնի արժեքը:

Ես Մերաբ Սուսլովի հետ ծանոթացա, երբ նա գտնվում էր Վիննիցայի մեկուսարանում և զրկված էր փաստաբանից: Սկսեցինք զանգել իրար: Տեղի ունեցածն ինձ համար պարզաբանելու նպատակով` ես ոչ միայն ուսումնասիրում էի քրգործի նյութերը, այլև հանդիպում մարդկանց հետ, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեին Ալոյանների հետ, ուսումնասիրում էի նաև նշված ընտանիքի անդամների դեմ հարուցված արխիվային քրգործերը: Այս պահին նշված գործերից մի քանիսը տեղադրված են համացանցում և հասանելի են բոլորին:

ՆԳՆ-ի ղեկավարությանը լրջորեն անհանգստացրած իմ հոդվածներում ես բացահայտում էի նշված գործի գաղտնի, ստվերային ասպեկտները: Եվ ամեն հրապարակումից հետո վրա էր հասնում անխուսափելի «հատուցումը»: Հունիսի լույս 13-ի գիշերն իմ ավտոմեքենան գնդակոծվեց հրազենից: Գործն իրենց վերահսկողության տակ առան Ուկրաինայի ՆԳՆ-ն և անձամբ նախագահը: Սակայն գործի հետաքննությունը հանձնարարվեց Ուկրաինայի ՆԳՆ Գլխավոր վարչությանը` նույն այն օրգանին, որը «վարպետորեն» հետաքննել էր Մերաբ Սուսլովի գործը և կարողացել դատարան ուղարկել բացարձակապես որևէ ապացույց չպարունակող բացահայտ ֆալսիֆիկացիա:

Իբրև արդյունք` Շարիյ Անատոլիի դեմ մահափորձի մեջ մեղադրվեց … Շարիյ Անատոլին:
Ուկրաինայում իշխանության դատական ճյուղը ՆԳՆ-Դատախազություն համակարգի մի մասն է կազմում, այդ պատճառով հայրենի դատավորների համար բացարձակապես խնդիր չի առաջանում բացահայտ կեղծ գործեր քննելիս: Մեղադրական վճիռները կոնվեյերով են արտադրվում, և նման դատավճիռների համար «քրգործի օբյեկտիվ ու անաչառ քննությունը» հիմք չէ:

Երբ ես իմացա, որ դատական հաջորդ նիստն ինձ համար ավարտվելու է ձերբակալությամբ, որոշում կայացրեցի անլեգալ մեկնել արտասահման: Իմ գործն ու Ալոյանի գործով փաստաթղթերը, որոնք ես դուրս էի բերել երկրից, ուսումնասիրել են եվրոպական մասնագետները: Նրանց եզրակացությունը, որ իմ նկատմամբ քրեական հետապնդումն ուղղակիորեն կապ ունի իմ մասնագիտական գործունեության հետ, նշանավորվեց ինձ փախստականի լրիվ կարգավիճակ շնորհելով: Ներկայումս ես գտնվում եմ Եվրամիության պաշտպանության տակ: Իսկ 2012թ. նոյեմբերին Կիևում Մերաբ Սուսլովի դեմ վճիռ է կայացվել մի հանցագործության համար, որ նա չի կատարել` ցմահ բանտարկություն:

Հիմա այն մասին, թե ինչո՞ւ ուկրաինական լրագրողները չեն ցանկանում խորանալ Սուսլովի դեմ հարուցված քրգործի ու դատապրոցեսի մանրամասների ու նրբությունների մեջ: Բանն այն է, որ Ուկրաինայում Ալոյանների ընտանիքը հայտնի է` որպես «բեսպրեդելշչիկներ», որոնց հովանավորում է ՆԳՆ-ի ղեկավարությունը: Այսինքն` կոպիտ ասած, նրանք կարող են հաշմել կամ սպանել մարդուն, և «իրավապահ» մարմիններն այդ սպանության մեջ հանցակազմ չեն գտնի: Ես չեմ չափազանցնում, մի անգամ չէ, որ եղել է այդպես, և իմ հոդվածներում ես հրապարակել եմ փաստաթղթեր Ալոյանների ընտանիքի այդպիսի հանցագործությունների մասին, որոնք անպատիժ են մնացել:

Իմ ուկրաինացի գործընկերներն ուղղակի վախենում են, նրանցից շատերը` արժանավոր մարդիկ, ում հետ շփվել եմ Սուսլովի գործի բերումով, չեն թաքցնում, որ համոզված են գործի` պատվիրված լինելու մեջ, սակայն նրանք չեն ուզում «գլուխ դնել» «ուկրաինական ՆԳՆ» անունով հանցագործ խմբավորման հետ:

Ալոյանի թեման Ուկրաինայում փակ թեմա է: Իմ հարցազրույցն այն մասին, որ իմ հանդեպ քրեական հետապնդումն անմիջական կապ ունի Մերաբ Սուսլովի գործի հետ, որ հրապարակել են աշխարհի բազմաթիվ ինֆորմացիոն գործակալություններ, այդ թվում և` «Ազատություն» ռադիոկայանը, այդպես էլ ՉԻ ՏՊԱԳՐՎԵԼ ՈՉ ՄԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ զանգվածային լրատվամիջոցում: Ընդգծում եմ` ուկրաինական ոչ մի ԶԼՄ ոչ մի անգամ բացահայտորեն չի կապել ուկրաինացի լրագրողին փախստականի կարգավիճակ տալու նախադեպը Մերաբ Սուսլովի գործի հետ:

Միակ հույսը Ուկրաինայից դուրս գործող ԶԼՄ-ներն են: Ես հավատում եմ, որ Մերաբ Սուսլովը, որն այսօր պատիժ է կրում մի հանցագործության համար, որը չի կատարել, կարող է իր գործի անաչառ քննության հույս ունենալ: Դրա համար անհրաժեշտ է միջազգային հանրությանը տեղյակ պահել այն հրեշավոր համակարգի մասին, որը պատվերով կարող է ոչնչացնել ցանկացած մարդու:

Պետք է միմիայն ՉԼՌԵԼ, և միմիայն Սուսլովի գործի մասին բարձրաձայնելը կարող է օգնել այդ մարդուն` դուրս պրծնել համակարգի ճիրաններից, համակարգ, որ այսօր նրան փաստորեն կուլ է տվել:

Ես կորցրել եմ ամեն ինչ` Հայրենիքս, մտերիմներիս, սլիրելի աշխատանքս` կարողանալով միայն պահպանել կյանքս Ուկրաինայից դուրս: Սակայն Մերաբ Սուսլովը այսօր անհամեմատ ավելին է կորցնում. «իրավապահները» նրան զրկել են ազատությունից ընդմիշտ: Նույնիսկ մի մարդը կարող է շատ բան անել, իսկ մամուլն այսօր աշխարհում կարևորագույն դեր է խաղում` գործադիր իշխանության հետ համահավասար:

Եկեք փորձենք ինչ-որ բան անել հանուն այն բանի, որ ուկրաինական ԶԼՄ-ների համար փակ թեման բաց դառնա երկրի սահմաններից դուրս գործող ԶԼՄ-ների համար, երկիր, որտեղ սպանում են լրագրողներին և ցմահ ազատազրկման դատապարտում անմեղներին:

Հարգանքներով` ԱՆԱՏՈԼԻ ՇԱՐԻՅ
Նիդեռլանդներ, Ամստերդամ
[email protected]
Կից ներկայացնում է այդ հրապարակումների ինտերնետային հասցեները.

http://obozrevatel.com/crime/brat-pogibshego-vladeltsa-4room-v-zale-suda-ugrozhal-zhurnalistu-obozrevatelya.htm
http://obozrevatel.com/crime/militsiya-protiv-shariya-u-mvd-ne-vyiderzhali-nervyi.htm
http://obozrevatel.com/crime/zhurnalista-obozrevatelya-sobirayutsya-arestovat-za-statyu-ob-ubijstve-vladeltsa-4room.htm
http://obozrevatel.com/crime/mvd-vspomnilo-37-j-god-i-provelo-nochnyie-obyiski-u-shariya.htm
http://obozrevatel.com/crime/segodnya-nochyu-neizvestnyie-obstrelyali-mashinu-zhurnalista-obozrevatelya-anatoliya-shariya.htm
http://obozrevatel.com/crime/mvd-otpuskaet-ubijts-i-sadit-nevinovnyih.htm
http://obozrevatel.com/crime/shokiruyuschee-video-zakaza-ubijstva.htm
http://obozrevatel.com/crime/mvd-protiv-meraba-suslova.-vstat-sud-idet..htm
http://obozrevatel.com/crime/mvd-ukrainyi-i-ezidyi.-millionyi-na-krovi.-chast-1.htm
http://obozrevatel.com/crime/mvd-i-ezidyi.-millionyi-na-krovi.-chast-2.htm
http://obozrevatel.com/crime/chastnoe-mvd.htm

Տեսանյութեր

Լրահոս